Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցություն ներկայացնում է նոր կենսաթոշակային համակարգի սկզբունքները

Հունիս 20,2014 23:48

Հայաստանում նոր կենսաթոշակային համակարգ մշակելու համար անհրաժեշտություն է հիմնարար սկզբունքների որոշումը, որոնց վրա պետք է կառուցել այդ համակարգը:

Այդ սկզբունքների հիմքում առաջարկում ենք դնել ՀՀ Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշման դրույթները, ինչպես նաև նկատի առնել Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ ՏՀԶԿ, և G20-ի ընդհանրական մոտեցումները:

Ըստ այդմ, կենսաթոշակային բարեփոխումներով ձևավորվող համակարգը պետք է ապահովի հետևյալ սկզբունքների անշեղ գործադրումը՝

1. Կենսաթոշակային ապահովությունը անձի իրավունքն է: Այս իրավունքի իրականացման համար սահմանվում են պարտադիր պետական, կամավոր-մասնավոր (անձնավորված) և կամավոր-կոորպորատիվ համակարգեր: Պետք է սահմանվի, որ ցանկացած համակարգով անձի անունով կամ հաշվին ձևավորված կենսաթոշակային միջոցները կարող են ամբողջությամբ ժառանգվել, ինչպես նաև ժառանգի ցանկությամբ դրանք միանվագ վճարվել: Վերջին դեպքում կարող է սահմանվել դիսկոնտավորման պայման:

2. Կենսաթոշակային ապահովությունը պետության պոզիտիվ պարտավորությունն է: Պետությունը պետք է նախատեսի մարդու կենսաթոշակային ապահովության իրականացման համար լայն մասնակցության հնարավորություն՝ հասարակության բոլոր շերտերի ընդգրկմամբ: Սերունդների համերաշխության սկզբունքի վրա հիմնված պետական կենսաթոշակային համակարգի գործունեությունը պարտադիր է:

3. Հաշվետվողականություն: Կենսաթոշակային ողջ համակարգը պետք է գործի հրապարակայնության, հանրային և մասնավոր մասնակցային վերահսկողության սկզբունքներով: Պետական կենսաթոշակային համակարգի գործունեությունը մշտապես պետք է գտնվի կառավարության և կենտրոնական բանկի հսկողության, ինչպես նաև Ազգային ժողովի և քաղաքացիական հասարակության վերահսկողության ներքո: ՀՀ կենտրոնական բանկը օրենքով սահմանված հանրային պատասխանատվություն պետք է կրի իր կողմից իրականացվող կարգավորումների շրջանակում:

4. Անհրաժեշտ համարժեքություն: Կենսաթոշակային համակարգի գործունեության արդյունքում վճարվող թոշակի մեծության համար թիրախային պետք է հանդիսանա նվազագույն սպառողական զամբյուղի կամ միջին աշխատավարձի մեծությունը (կապը կարող է սահմանվել որոշակի տոկոսային հարաբերակցությամբ): Այն պետք է ապահովի նաև արդար կապ վճարված միջոցների և ստացվող թոշակի մեծության միջև:

5. Կենսաթոշակների ինդեքսավորում: Կենսաթոշակները չպետք է կորցնեն իրենց գնողունակությունը և պարբերաբար պետք է ինդեքսավորվեն: Ինդեքսավորման պահանջը և կանոնը պետք է սահմանվեն օրենքով:

6. Աշխատանքի և ժողովրդագրության խթանում: Համակարգը պետք է խթանի ավելի երկար աշխատանքային գործունեությանը, օրինակ՝ ավելի ուշ թոշակի գնացողի փոխհատուցման գործակիցն ավելի բարձր է կամ սահմանվում է հավելում: Կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումները այն անձանց մասով, ովքեր աշխատաշուկայից ժամանակավորապես դուրս են գալիս երեխա ունենալու կամ զիվորական ծառայության մեկնելու կապակցությամբ, պետք է վճարվեն պետական բյուջեի հաշվին:

7. Կենսաթոշակային նպատակային վճարներ: Պարտադիր սոցիալական ապահովության (ապահովագրության) վճարները /այսուհետև՝ նաև սոցապ վճար/, որոնք ներկայումս գործող եկամտային միասնական հարկում ներառված են՝ պետք է առանձնացվեն պետական բյուջեի հատուկ հաշվում կամ պետական կենսաթոշակային ֆոնդում: Այս միջոցների հատուկ հաշվառումը պետք է ապահովվի 3-5 կետերում ներկայացված մոտեցումները (պայմանական կուտակային համակարգ): Ընդ որում, եթե քաղաքացին ցանկանում է օրենքով որոշված սոցապ վճարի մի մասը վստահել մասնավոր կենսաթոշակային ֆոնդին /իր անձնական հաշվում կուտակում իրականացնելու նպատակով/, ապա պետք է ընտրի այդպիսի ֆոնդ և կառավարիչ, որի դեպքում սահմանված գումարը ենթակա չէ գանձման պետական բյուջե կամ պետական կենսաթոշակային ֆոնդ: ՀՀ կառավարությունը պետական բյուջե կամ պետական կեսաթոշակային ֆոնդ փոխանցված գումարները մասնավոր կառավարիչներին հանձնելու դեպքում, այդպիսի հանձնումը պետք է կատարի բացառապես օրենքով սահմանված կանոնների և գրավոր պայմանագրի հիման վրա:

8. Չհարկվող նվազագույն եկամտի և անձի ընթացիկ ու հեռանկարային կենսաապահովման միջև խելամիտ հարաբերակցության սահմանում: Նվազագույն (ստորին մակարդակի) եկամտից պահումներ չպետք է արվեն, ինչպես նաև պետք է հաշվի առնվեն անձի ընտանիքի անդամների սոցիալական վիճակը: Ներկայումս գործող եկամտային միասնական հարկի դրույքաչափերը պետք է վերանայվեն՝ եկամտահարկի և սոցապ վճարի առանձնացման միջոցով: Եկամտահարկի դրույքաչափերի կիրառման համար կարող են հիմք ընդունվել հարկման նպատակով բազային եկամուտը և դրա նկատմամբ կիրառվող պատիկները: Հարկման նպատակով բազային եկամուտը որոշելիս կարող է կիրառվել. անձի ստացած եկամուտը հանած նվազեցումները, որոնց մեջ նկատի են առնվում նաև սոցապ վճարները, ինչպես նաև ընտանիքում անչափահաս երեխաների թիվը բազմապատկած սպառողական նվազագույն զամբյուղի արժեքի ընդհանուր գումարը: Հարկային համակարգում անհրաժեշտ համարժեքության ապահովման նպատակով զուտ եկամտային հարկի և շահութահարկի միջինացված տոկոսադրույքները պետք է նույնական լինեն:

9. Պետությունը, գործատուն և աշխատողը կենսաթոշակային ապահովման խնդրի լուծման անմիջական մասնակիցներ են: Կենսաթոշակային համակարգի ֆինանսավորման և կայացման համար պետք է իրենց մասնակցությունն ունենան աշխատողը, գործատուն և պետությունը: Ընդ որում, սոցապ վճարը կատարում են բոլոր աշխատող անձինք և գործատուները՝ առանց աշխատողի տարիքային սահմանափակման ու առանց ընթացիկ հարկային բեռի ավելացման: Գործատուները իրենց սեփականությամբ չեն կարող կրել որևէ պատասխանատվություն աշխատողի կողմից սոցապ վճարների կամ կամավոր կուտակումների վճարները չկատարելու համար: Նրանք կարող են ենթարկվել միայն վարչական տուգանքի կամ տույժի, ինչպես նաև քաղաքացիաիրավական պատասխանատվության՝ ըստ աշխատակցի հետ կնքված պայմանագրի դրույթների:

10. Կազմակերպական արդյունավետություն: Կենսաթոշակային համակարգի արդյունավետությունը պետք է բարձրացվի համակարգի ծախսատարության կրճատման միջոցով: Ավելցուկային սկզբունքով աշխատող կենսաթոշակային համակարգում կուտակված միջոցները պետք է տեղաբաշխվեն ՀՀ տնտեսության մեջ՝ ուղղակիորեն կամ պայմանագրային հիմունքներով /օրենքով նախատեսված հատուկ երաշխիքներով ու պատասխանատվությամբ/ կարող են տրվել մասնավոր կառավարման: Ինչպես սոցապ վճարները, այնպես էլ կամավոր կուտակված միջոցները կառավարման են հանձնվում այն կանոնի համաձայն, որը ֆոնդերի կառավարիչների համար նախատեսում է վերջիններիս սեփականությունը հանդիսացող միջոցներով պատճառված վնասի պատասխանատվություն (փոխհատուցում): Այս կանոնը պետք է հստակ նախատեսվի օրենքով:

11. Տարազանում (դիվերսիֆիկացիա): Կենսաթոշակային համակարգի ռիսկերը նվազեցնելու համար պետական կենսաթոշակային հիմնական համակարգին զուգահեռ պետք է գործեն կենսաթոշակի կամավոր-մասնավոր (անհատական-անձնավորված) և կամավոր-կոորպորատիվ (կոլեկտիվ-անձնավորված) ձևերը: Խրախուսման և նպատակային արտոնությունների համակարգի ներդրմամբ (այդ թվում՝ 12-րդ կետում թվարկված միջոցառումներով) պետք է ստեղծել միջավայր, որպեսզի յուրաքանչյուր գործատու շահագրգռված լինի ունենալ կորպորատիվ կենսաթոշակային առնվազը մեկ սխեմա, ինչպես նաև աշխատակիցը հնարավորություն ունենա աշխատանքային գործունեության իր նախընտրած ժամանակահատվածներում կատարել խնայողություններ (կուտակումներ): Համակարգը պետք է նպաստի, որպեսզի նման տնտեսական արդյունքը հասանելի լինի նաև երկարաժամկետ բանկային ավանդի ներդրման դեպքում: Աշխատակցի բացառիկ իրավունքն է ընտրել խնայողություններ կատարելու (կուտակումների) մասին որոշումը, ձևը, ամիսները, ինչպես նաև մասնակցել կամ չմասնակցել գործատուների առաջարկած կենսաթոշակային կորպորատիվ սխեմային (սխեմաներին):

12. Կամավոր կուտակումների խթանում: Կամավոր կենսաթոշակային համակարգում պետք է ազատել հարկից այն գումարը, որն ուղղվել է կենսաթոշակային ֆոնդին /օրինակ՝ ներկայումս տնօրինվող աշխատավարձից կատարված կամավոր կուտակումները, դրանք կենսաթոշակների ձևով ստանալիս հարկվում են/: Պետք է հանել կամավոր կուտակային համակարգին փոխանցվող գումարի 5 տոկոսանոց սահմանափակումը և նախատեսել դրույթ, որ փոխանցված գումարի չափով նվազեցվում է եկամտահարկը, բայց ոչ ավել, քան մինչև փոխանցումը հաշվարկված եկամտային հարկի 50 տոկոսը: Գործատուի կողմից իր աշխատակիցների համար կենսաթոշակային հատկացումներ կատարելիս (այդ թվում՝ կորպորատիվ սխեմայով), հնարավորություն պետք է տրվի նրա շահութահարկը նվազեցնել հաշվարկված շահութահարկի մինչև 50 տոկոսի չափով:

Ընդ որում, այս արտոնությունը կարող է գործել միայն այն գործատուների (բացառությամբ՝ ՓՄՁ-ների) համար, որոնց ֆինանսատնտեսական գործունեությունը ենթարկվում է աուդիտի՝ անկախ աուդիտորի կողմից: Պետք է օրենսդրորեն հնարավորություն տրվի գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվող անձանց կամավոր կարգով մասնակցել կուտակային կենսաթոշակային համակարգին՝ պետական բյուջեից կատարելով ներդրված գումարի մինչև 100 տոկոսի չափով համավճար: Անհատը կարող է ինքնուրույնաբար, ազատ կամահայտությամբ ընտրել իր կենսաթոշակային միջոցների կառավարիչներին և կնքել երկկողմ պայմանագիր: Օրենսդրորեն հնարավորություն պետք է տրվի արտաքին տրանսֆերտները կամավոր կուտակային համակարգում ներդնելու համար՝ պետական բյուջով երաշխավորելով տարեկան առնվազը 10 տոկոս եկամտաբերություն, եթե ներդրվող գումարը դուրս չի բերվում համակարգից 10 տարի և յուրաքանչյուր լրացուցիչ հաջորդ տարվա համար եկամտաբերությունը կարող աճել 1 տոկոսով:

Օրենսդրորեն պետք է ամրագրել՝ այն գործատուները, որոնք իրենց աշխատակիցների համար հավելյալ կիրառում են կամավոր կենսաթոշակային սխեմաներ,

• առավելություն կստանան պետական գնումների համակարգում /օրինակ՝ առավել մեծ գումարներ վճարողները կունենան առավել մեծ հնարավորություններ/,

• առաջին 20 խոշոր կուտակային գումարներ վճարողները կներգրավվեն վարչապետին կից խորհրդի կազմում, կարող են քննարկել համակարգի զարգացման հարցերը և առաջարկություններ իրացնել գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ,

• ՓՄՁ սուբյեկտներում յուրաքանչյուր աշխատատեղի համար, ըստ կիրառման հնարավորության, կսուբսիդավորվի ստացված վարկի տոկոսը՝ յուրաքանչյուր աշխատատեղի համար՝ վարկի տկոսադրույքի 0.1 տոկոսը, սակայն ոչ ավելի քան վարկի տոկոսադրույքի 50 տոկոսը:

13. Կենսաթոշակային միջոցների կառավարման հասանելիության ապահովում: Ակտիվների՝ տեղական և միջազգային լիցենզավորված կառավարիչները հավասարապես պետք է հնարավորություն ունենան կառավարել կենսաթոշակների համար կատարված խնայողությունները (կուտակված միջոցները): Կենսաթոշակային միջոցները չեն կարող ներդրվել Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չունեցող կամ թշնամական տրամադրված երկրների, ընկերությունների արժեթղթերում: Կենսաթոշակային համակարգի մասնակիցների ընտրության համար պետք է ապահովել կենսաթոշակային միջոցների նվազագույնը 3-4 կառավարիչների առկայություն: Կենսաթոշակային միջոցների ներդրման առաջնային ոլորտ է դիտվում Հայաստանի և Արցախի տնտեսությունը:

14. Կամավոր կուտակումներից, ըստ կարիքի միջոցների օգտագործում: Կամավոր կուտակային համակարգում մուտք գործող գումարները մինչև կենսաթոշակային տարիքը լրանալը քաղաքացին, ըստ պայմանագրի, պետք է կարողանա օգտագործել, եթե ցանկանում է սուբսիդավորել (ֆինանսավորել) իր

• ժամանակավոր անաշխատունակությունը,

• կամ իր ամուսնու կամ երեխայի բժշկական ծախսերը,

• ծնողների կենսաթոշակային ծախսերը,

• երեխաների կրթության ծախսերը,

• անշարժ գույքի ձեռքբերման համար հիպոթեկային վարկերը:

Ժամկետից շուտ միջոցների օգտագործման դեպքում կարող է կիրառվել դիսկոնտավորման սխեմա, որի դեպքում հաշվարկային տոկոսադրույքը (դիսկոնտը) չի կարող ավելին լինել, քան միջոցների կառավարման նախորդ ժամանակահատավածի միջին եկամտաբերությունն է:

15. Նոր համակարգի ներդրման անցումային փուլում պետք է ապահովվի քաղաքացու իրավունքների լիարժեք իրականացումը: 2014 թվականի հունվարի 1-ից հետո պարտադիր կուտակային համակարգի միջոցով աշխատողի աշխատավարձից՝ վերջինիս կամահայտնությանը հակառակ պահված և կենսաթոշակային ֆոնդերին փոխանցված գումարները ենթակա են քաղաքացիներին վերադարձման կամ քաղաքացու ընտրությամբ դրանք կարող են ուղղվել նոր համակարգի շրջանակներում ներդրվող սոցապ վճարների ապագա մուծումներին՝ կանխավճարի տեսքով, կամ կամավոր կուտակումներին:

Ընդ որում, կենսաթոշակային պարտադիր համակարգի մասնակից մասնավոր ինստիտուտների՝ դեպոզիտարիայի, ռեեստրի, ֆոնդի կառավարչի կատարված ծախսերը փոխահատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ քաղաքացիների գումարները ամբողջությամբ վերադարձնելու պահի դրությամբ:

Սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ սահմանված բոլոր տեսակի ենթաօրենսդրական ակտերը, որոնցով նախատեսված պահանջները չեն կարող սահմանվել կառավարության կամ կենտրոնական բանկի կողմից՝ ներառյալ կամավոր բաղադրիչի շրջանակներում ֆոնդերի միջոցների ներդրման սահմանափակումները, կենսաթոշակային միջոցների կառավարիչի և պահառուի պատասխանատվությունը, պետք է հստակ սահմանվեն նոր օրենքով:

 

Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30