Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողներին ասել է, որ Նախիջևանի սահմանային հատվածում՝ Արարատի զորամասում ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը, նախնական տվյալներով, մահացու վիրավորում ստացել է զենքի օգտագործման կանոնները խախտելու հետևանքով:
Քրեական գործ հարուցելու մասին նախարարությունն առայժմ ոչինչ չի հաղորդում։
Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն «Ազատության»-ը փոխանցեց ընդամենը, որ «դեպքի վայրում են գտնվում մասնագետներն ու կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ»:
Համաձայն նախարարության ավելի վաղ տարածած հաղորդագրության, Նախիջևանի հատվածում զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Գրիշա Մուրադի Խաչատրյանը։ Պաշտպանության նախարարությունը ցավակցել է զինծառայողի ընտանիքին ծանր կորստի համար և իր զորակցությունը հայտնել Հայաստանի սահմանների անվտանգությունն ապահովելու ընթացքում զոհված 20-ամյա Գրիշայի հարազատներին ու ծառայակիցներին։
Գրիշան Սիսիանի Սառնակունք գյուղից էր։ Նրա մահը սգում է ողջ գյուղը։ Գյուղապետ Մանուչար Մկրտչյանն «Ազատության»-ը փոխանցեց, որ Գրիշան ծնողների միակ որդին էր. – «Սովորական, համեստ ընտանիք, իրենց տնտեսությունն են վարում: Ունեին մեկ տղա, երեք աղջիկ: Աղջիկները ամուսնացած են»:
Մանրամասները կարող եք կարդալ «Ազատություն» ռ/կ-ի կայքում