ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորած պատվիրակությունը եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի հանրապետություն: Հայաստանի Հանրապետության դատախազության պատվիրակությանն այսօր ընդունել է Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը: Հանդիպմանը քննարկվել են ՀՀ և ԼՂՀ դատախազությունների համագործակցությանը վերաբերող հարցեր:
Անդրադառնալով հայկական երկու հանրապետությունների դատախազությունների փոխգործակցությանը՝ Նախագահ Սահակյանը նշել է, որ այն ունի ձևավորված ավանդույթներ, դրսևորվում է գրեթե բոլոր ուղղություններում և, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ է` հավելելով, որ անհրաժեշտ է անել հնարավորը այն էլ ավելի զարգացնելու ու խորացնելու համար: ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը կարևորել է հայկական երկու պետությունների դատախազությունների համագործակցությունը, մեկ միասնական նպատակի շուրջ` օրինականության երաշխավորում և արդարության հաստատում:
Նման ներկայացուցչական կազմով ՀՀ դատախազության պատվիրակությունն առաջին անգամ է Արցախում: Գևորգ Կոստանյանը վստահեցրել է, որ այցելությունները կլինեն պարբերական: Արցախյան եռօրյան արդյունավետ կլինի դատախազական կորպուսի ղեկավար կազմի համար: ՀՀ դատախազը համոզված է` յուրաքանչյուրի մոտ ձևավորվելիք գիտակցությունը կփոխանցվի համակարգի բոլոր ստորաբաժանումների ներկայացուցիչներին և տեղի կունենա արժեհամակարգի փոփոխություն: Այն իմաստով, որ յուրաքանչյուր որոշում կայացնող կհասկանա, որ իր վճիռը ուղղակի ազդեցություն ունի զինվորի, հետևաբար երկրի պաշտպանունակության վրա:
ԼՂՀ նախագահի հետ հանդիպումից հետո կայացել է ՀՀ և ԼՂՀ դատախազությունների համատեղ նիստը: Քննարկվել են երկու գերատեսչությունների համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես պետական շահերի պաշտպանության, կոռուպցիայի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտներում: Նիստի ավարտին ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հուշանվեր է հանձնել ԼՂՀ Գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանին:
Կարդացեք նաև
ՀՀ գլխավոր դատախազություն