Միացյալ Նահանգների արտգործնախարար Ջոն Քերրին հունիսի 20-ին հրապարակել է մարդկանց թրաֆիքինգի մասին 2014 թվականի զեկույցը, որտեղ երկրների դասակարգման սանդղակում Հայաստանը կրկին տեղ է զբաղեցրել առաջին՝ ամենաբարձր խմբում:
Ըստ զեկույցի, Հայաստանն անցյալ տարի աշխարհում միակ երկիրն էր դարձել, որն անցել էր առաջին խումբ:
«Հայաստանի կառավարության արդյունավետ ու շարունակական ջանքերի շնորհիվ, որոնք առաջնորդում է փոխվարչապետ Արմեն Գևորգյանի նախագահությամբ գործող Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով միջգերատեսչական խորհուրդը, Հայաստանը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի՝ այս միջազգային չարիքի դեմ աշխարհում ամենահաջող պայքար իրականացնող երկրների շարքում», – ասված է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հայտարարության մեջ:
ԱՄՆ-ի արտգործնախարարության զեկույցում նշվել է, որ Հայաստանում թրաֆիքինգի շուրջ ստեղծված իրավիճակը գտնվում է «Մակարդակ I»-ի վրա, քանի որ երկրի կառավարությունն ամբողջովին համապատասխանում է թրաֆիքինգի վերացման նվազագույն չափանիշներին:
«Արդեն վեց տարի անընդմեջ Հայաստանի կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի քաղաքականության մշակման, ինչպես նաև այս քաղաքականության իրագործման ուղղությամբ: Մարդկանց թրաֆիքինգի հարցերով միջգերատեսչական խորհրդի նախագահ, փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, և միջգերատեսչական աշխատանքային խմբի անմիջական օժանդակությամբ Հայաստանի կառավարությունն ամրապնդել է իր սերտ ու ամուր աշխատանքային կապերը հակաթրաֆիքինգային հասարակական կազմակերպությունների, դոնոր կազմակերպությունների, լրատվամիջոցների և տարածաշրջանային գործընկերների հետ», – նշում է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանության հաղորդագրությունը:
«Մակարդակ I» գնահատականը նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը ճանաչել է մարդկանց թրաֆիքինգի առկայությունը, ջանքեր գործադրել խնդրի դեմ պայքարելու ուղղությամբ և համապատասխանում է «Թրաֆիքինգի զոհերի պաշտպանության մասին» օրենքով սահմանված նվազագույն չափանիշներին:
«Մակարդակ I»-ի գնահատականը պահպանելու համար կառավարությունները պետք է ամեն տարի դրսևորեն գնահատելի առաջընթաց թրաֆիքինգի դեմ պայքարի ոլորտում: «Մակարդակ I»-ն ավելի շատ պարտականություն է, քանի որ որևէ երկրում թրաֆիքինգի դեմ պայքարն ավարտի չի հասցված», – նշված է ԱՄՆ-ի արտգործնախարարության կողմից մարդկանց թրաֆիքինգի վերաբերյալ հրապարակված ամենամյա զեկույցում:
Մանրամասները կարող եք կարդալ «Ամերիկայի ձայն»-ի կայքում