«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց փառատոնի այս տարվա արտամրցութային բաժնում ներկայացված ծրագրերը՝ արդեն ավանդական դարձած «Երևանյան պրեմիերիաներ», «Հետահայաց ցուցադրություններ», «Ֆիլմեր առանց սահմանների», «Հայեր՝ հայացք ներսից և դրսից», ինչպես նաև այս տարի առաջին անգամ իրականացվող «Սոցիալական փոփոխությունների կինո» խորագրի ներքո կայացող լեհական ֆիլմերի ծրագիրը, «Ուկրաինական պոետիկ կինո» և «Նոր գերմանական կինո» ծրագրերը:
«Այս տարի ֆիլմերի արտամրցութային ծրագրում կներկայացվի մոտ 100 ֆիլմ,- ասում է պարոն Ստամբոլցյանը,- և քանի որ այս տարվա փառատոնը նվիրված է Ս. Փարաջանովի 90-ամյակին, բոլոր ծրագրերն էլ ուղղակի կամ անուղղակի կապ ունեն նրա հետ: Որպես Փարաջանովի հոբելյանական ծրագրի մի մաս՝ այս տարի առաջին անգամ կիրականացվի «Ուկրաինական պոետիկ կինո» ծրագիրը: Ինչպես գիտենք, Փարաջանովն էր, որ 60-ականներին նորից կյանքի կոչեց ուկրաինական կինոյի այս ժանրը: Կներկայացվեն տարբեր տարիների ստեղծված 10 ֆիլմեր` Ալեքսանդր Դովժենկոյից մինչև մեր օրերը»:
Անդրադառնալով «Երևանյան պրեմիերաներ» ծրագրին՝ Մ. Ստամբոլցյանը տեղեկացրեց, որ ծրագիրն այս տարի կներառի Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Ձմեռային քուն» (ռեժիսոր՝ Նուրի Բելգի Ջեյլան, Թուրքիա, 2014) ֆիլմը, Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցույթից ևս մեկ ֆիլմ՝ ռեժիսորներ Ժան Պիեռի և Լյուք Դարդենների «Երկու օր, մեկ գիշեր» (Բելգիա-Ֆրանսիա-Իտալիա, 2014թ.) ֆիլմը, Բեռլինի կինոփառատոնի գլխավոր մրցանակակիր «Սև ածուխ, բարակ սառույց» (ռեժիսոր` Յինան Դիայո, Չինաստան, 2014թ.) ֆիլմը: Կներկայացվի նաև երկու վավերագրական ֆիլմ՝ Երվանդ Ջանիկյանի և Անջելա Ռիչչի Լուկկիի հեղինակած «Բարբարոս երկիր» (Ֆրանսիա, 2013թ.) և Վիտալի Մանսկու՝ Գրիգոր Նարեկացուն նվիրված «Գիրքը» ֆիլմերը:
Արդեն երրորդ տարին իրականացվող «Հայեր՝ հայացք ներսից և դրսից» տեղեկատվական ծրագիրը կներկայացնի Հայաստանի մասին պատմող հայ և օտարազգի հեղինակների 18 ֆիլմ:
Կարդացեք նաև
Իսկ «Հետահայաց ցուցադրությունների» ծրագրում այս տարի ներառված են համաշխարհային մեծության հինգ ռեժիսորների՝ Սերգեյ Փարաջանովի, Կիմ Կի-դուկի, Ցզյա Չժան-կեի, Օթար Իոսելիանիի և Ամոս Գիտայի ֆիլմերը:
Փառատոնի գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանն ասում է, որ և´ ներկայացված ֆիլմերը, և´ դրանց ռեժիսորները իսկապես ընտրանի են համաշխարհային ժամանակակից կինոյում. «Ես կարծում եմ, որ թվարկված անուններով ու նրանց ֆիլմերով, թեկուզ հենց նրանով, որ Կիմ Կի-դուկը գալիս է Հայաստան, արդեն իսկ մեծ տոն ենք մատուցում Երևանին ու հանդիսատեսին: Պետք է ասեմ, որ ամեն մի ֆիլմ Հայաստան բերելը մեծ խնդիր է, բայց մեզ հաջողվում է»,- ասում է Ս. Հարությունյանը:
Լրացնելով արտամրցութային ծրագրերի շարքը՝ Ս. Հարությունյանն անդրադարձավ «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրին, որի շրջանակներում ավանդաբար ներկայացվում են Արևելյան գործընկերության երկրների արտադրության ֆիլմեր: Այս տարի դրանք տասնվեցն են. «Այս ֆիլմերն ստեղծված են մշակութային երկխոսության և արվեստի աշխարհում սահմանների հաղթահարման ընդհանուր գաղափարախոսությամբ»,- հավելեց բանախոսը:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնը կսկսվի Ս. Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված տարբերակի ցուցադրությամբ և կավարտվի ֆրանսիացի հայտնի ռեժիսոր Ժան-Լյուք Գոդարի «Հրաժեշտ լեզվին» Կաննի մրցանակակիր ֆիլմով:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ