Այս մասին մեզ հետ զրույցում ասաց Շիրակի մարզի Գետք գյուղի գյուղապետ Հովհաննես Մխիթարյանը, որի ներկայացմամբ, երեկ ժամը 19-20 սահմաններում տեղացած կարկուտը 100 տոկոսով վնասել է կաղամբի, ծաղկակաղամբի, կարտոֆիլի, լոլիկի ցանքատարածությունները, իսկ հացահատիկը վնասվել է 40-60 տոկոսով: Գյուղապետի պատմելով, լուսաբացը սթրեսով է սկսվել իրենց գյուղում. գյուղացիներից շատերը, տեսնելով դաշտերը, վատացել են, մեկի արյան ճնշումն է բարձրացրել, մյուսը` ծնկներն է ծեծել, երրորդի գլուխն է կարկտից վնասվել: Վնասի չափերը դեռ վերջնականապես չեն ճշտել, սակայն, գյուղապետը փոխանցեց, որ նման դեպքերում երբևէ պետության կողմից վնասի փոխհատուցում չի արվել, իրենք անընդհատ ապարդյուն հաշվարկ են արել ու ներկայացրել: «Միակ հույսն այն է, որ երկրի նախագահն է անմիջապես հետաքրքրվում: Երկրի նախագահն տեղյակ է, հույս ունենք, որ մի քիչ կօգնեն, եթե չօգնեն, ինչ կարող ենք անել»,- ասաց գյուղապետը:
Նրա ներկայացմամբ, կարկուտը 120 գրամ էր , քամին էլ` 30 մետր վայրկյան արագությամբ էր: Գյուղապետի ասելով, եթե չլիներ գյուղում տեղադրված հակակարկտային կայանը, միգուցե կարկուտը գյուղի տանիքներն էլ կոտրեր ու ավելի լուրջ վնասներ պատճառեր:
Գյուղապետի ասելով, գյուղի բնակիչների աչքին անգամ վնասված կարտոֆիլը չի երևում, քանի որ այն վերականգնվող է, գյուղացիները բանջարեղենի մասին են մտածում. նրանք 50 տոննա աշնանացան ցորեն են ստացել, որի գումարը`մեկ կիլոգրամը 160 դրամով, օգոստոս-սեպտեմբերի ամիսներին պարտավոր էին փակել, բայց 50 տոկոսը արդեն վնասվել է: «Նախարարության կողմից մշակված պայմանագիր է, որտեղ հաշվի չեն առել այս կետերը, ուզում է կարկուտը խփի, ուզում է հրդեհ լինի, գումարը պիտի տանք, եթե կարտոֆիլի ցանքատարածություններով վնասը հաշվենք, մեկ հեկտարը մոտ 5-6 հազար դոլար վնաս է կրել: Իսկ կաղամբի դեպքում, մեկ հեկտարից ստացվում է մինչև 70 տոննա կաղամբ, 70 տոննան շուկայական գներով հաշվենք 7-8 միլիոն գումար է կազմում, յուրաքանչյուր հեկտարը` 5 միլիոնի վնաս է կրել», հաշվարկեց գյուղապետը: Ըստ նրա, յուրաքանչյուր հեկտարի վրա մեկ միլիոնից ավել գումար է ներդրվել ու փաստորեն ջուրն է լցվել, գյուղացիները ջրել, պարարտացրել էին, որը մի ամիս հետո բերք ստանային ու հիմա չկա, մինչդեռ նրանք վարկեր են վերցրել:
Կարդացեք նաև
Մենք հարցրեցինք` միգուցե գյուղի հակակարկտային կայա՞նն է հնացած, որ նման վիճակ է ստեղծվել, ի պատասխան գյուղապետն ասաց, որ հզորները շատ թանկ են, ի վիճակի չեն գնել:
Կարկուտը այնպիսի դարդի տակ է գցել գյուղացիներին, որ վերջիններս չգիտեն գումար որտեղից ճարեն դաշտերը փոքր –ինչ վերականգնելու համար: Գետքի փոխգյուղապետ Գագիկ Շաբոյանի ասելով, ինքը միայն 3000 հազար դոլար ներդրել էր ծաղկակաղամբի մշակման համար, որը ջուրն ընկավ: Կարկուտը վնասել էր նաև մեր զրուցակցի գլուխը :
Շիրակի մարզպետարանի գյուղավարչության պետ Մանուկյանի Մովսեսի փոխանցմամբ, կարկուտը վնասել է Ազատան, Ախուրիկ, Ղարիբջանյան և Գետք գյուղերը: Առավոտյան իրենք դիտարկել են ցանքատարածությունները, հիմնական վնասը կրել են բանջարաբոստանային մշակաբույսերը` կաղամբը, ծաղկակաղամբը, լոլիկը, վարունգը, լոբին: Իրենք դիտարկումներ են արել ցանքատարածքների եզրային մասերում, այժմ համայնքային հանձնաժողովներն են տեղում աշխատում` ճշտելու վնաս կրած հեկտարների ծավալը, տոկոսը: Ըստ գյուղվարչության պետի, ընդհանուր պատկերը ստանալուց հետո համապատասխան նամակով կդիմեն գյուղատնտեսության նախարարություն, իսկ թե պետությունը կփոխհատուցի, թե ոչ, գյուղացիներն ու գյուղապետերը առանձնապես հույսեր չեն կապում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ