ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբի վարչության պետ Արմեն Գրիգորյանը Aravot.am-ին պատմեց, որ Աֆիկյանների տան դիմաց վերջին մի քանի օրերին պայքարող ակտիվիստներից պարբերաբար ահազանգեր են ստացել ու դրանց հետքերով գնացել դեպքի վայր. «Այցելել են դեպքի վայր, պարզաբանել նրանց իրավունքների մասին, բերման ենթարկված ակտիվիստների հետքերով գնացել ենք ոստիկանության բաժիններ, ներկայացրել ենք պաշտպանին դիմում ներկայացնելու կարգը, ինչը մեզ հնարավորություն կտա պաշտոնական հարցումների միջոցով պարզել նրանց բերման ենթարկելու հիմնավորումները»:
Նա անդրադարձավ հատկապես երկու ակտիվիստի բերման ենթարկելու դեպքին. «Մի դեպքում ակտիվիստի ձեռքին դանակ է եղել, մյուս դեպքն էլ երեկ է տեղի ունեցել, ինչպես պարզաբանել են ոստիկանությունում ակտիվիստը պատռել Աֆրիկյանների տան պաստառները եւ գույքը դիտավորությամբ վնասելու համար են նրան բերման ենթարկել: Այս դեպքում ոչ թե վարչական, այլ քրեական իրավախախտման մասին է խոսքը: Դանակն արդեն ուղարկվել է փորձաքննության՝ պարզելու այն սառը զե՞նք է, թե՝ ոչ: Իսկ պաստառը պոկած ակտիվիստին հանցանք կատարելու կասկածանքով են տարել ոստիկանություն, նա հրաժարվում էր նստել ոստիկանական մեքենա, դիմադրում էր, եւ ոստիկանները ուժ կիրառելով են նստեցրել ու տարել»:
Պարոն Գրիգորյանը այս երկու դեպքերին էլ ծանոթացել է տեսանյութով ու ասաց՝ քանի որ չի տեսել ակտիվիստին բերման ենթարկելու նախորդող ու հաջորդող դրվագները, չի կարող առայժմ գնահատական տալ, թե ոստիկանների գործողություններն ինչքանով են իրավաչափ եղել. « Ասել ենք՝ դիմում գրեք ու հարցում կանենք պաշտոնապես, որ ստանանք հիմնավորումները, թե ինչքանով է անհրաժեշտ եղել ֆիզիկական ուժի գործադրումը: Բոլոր բերման ենթարկված ակտիվիստների դեպքերով էլ կարող ենք վերջնական գնահատական տալ միայն պաշտոնապես կատարած հարցումների պատասխաններն ունենալու դեպքում»:
ՄԻՊ գրասենյակն առայժմ մեկ ակտիվիստի գրավոր դիմում է ստացել ու պաշտոնական հարցումներն արդեն ուղարկվել են ոստիկանություն:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ