Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով հետազոտված ապացույցների մեջ էին ավտովթարից մահացած Էդգար եւ Էդուարդ Հակոբյանների դիակների դատաբժշկական փորձագիտական եզրակացությունները:
Նրանց մահը վրա էր հասել գանգուղեղային վնասվածների պատճառով, գլխուղեղի կենսական կարեւոր ֆունկցիայի խանգարման հետեւանքով:
Նրանք եղել են սթափ: Թմրանյութի առկայություն չի եղել:
Տուժող Արթուր Հակոբյանի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը փորձագիտական եզրակացության հետ կապված իր դիրքորոշումն արտահայտելիս նշեց, որ «գոտկատեղից վեր հատվածում» են նրանք վնասվածներ ստացել, ինչի պատճառ չի կարող հանդիսանալ «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը:
Կարդացեք նաև
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով էլ, երիտասարդների մահը վրա է հասել նստատեղիի եւ գազի բալոնի սեղման արդյունքում:
Իսկ դատախազ Արթուր Սարգսյանն էլ, մոռանալով, որ գազի բալոնի թեման «բաց արեց» հենց նույն մեղադրանքի կողմը՝ տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը,հարցրեց.«Ինչ կապ ունի , թե մեքենայի բեռնախցիկում ինչ է եղել»:
Նիկոլայ Բաղդասարյանը անդրադարձավ գյուղնախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին, որն այս գործով հայցվոր է, եւ ասաց, որ մեքենան շահագործվել է առանց գազի բալոնի համապատասխան թույլ տվության: Սա այն դեպքում,երբ Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել նաեւ տրանսպորտային միջոցի շահագործման հետ կապված էլ:
Նշյալ «ՆԻՎԱ» մակնիշի մեքենան ձեռք է բերվել Համաշխարհային բանկի միջոցների հաշվին.«Ըստ «ՆԻՎԱ» մակնիշի ավտոմեքենայի արտադրող կազմակերպության տրված տեխնիկական հրահանգների համապատասխան, չի թույլատրվում (արտադրող կազմակերպության, ոչ թե գյուղնախարարության կողմից) տեղադրվել գազի բալոն»:
Դատավոր Վաղինակ Մկրտչյանը հարցրեց, թե խոսքն ընդհանրապե՞ս «ՆԻՎԱ» մանիշի ավտոմեքենաներ մասին է, թե կոնկրետ այս մեքենայի, ինչի կապակցությամբ Նիկոլայ Բաղդասարյանն ասաց.«Կոնկրետ «ՆԻՎԱ»-ների: Դա իրենց շահերից էր բխում.ավելի քիչ գումար կծախսեին, քան որ բենզին են հատկացրել: Կա դրա վերաբերյալ համապատասխան ցուցում պաշտոնատար անձանց, եւ համապատասխան պաշտոնատար անձն էլ առանց թույլտվության է շահագործման: Միջազգային կառույցն ասել է, թե առանց մեր թույլտվության է դա տեղադրվել: Այսինքն, Արթուր Հակոբյանն առանց թույլտվության, տեղադրել է գազի բալոն: Դա շահագործման կանոնների խախտում է, եթե կատարվեր օբյեկտիվ փորձաքննություն, կհիմնավորվեր, որ գազի բալոնը դառել է պատճառ երեխաների մահը վրա հասնելու համար»:
Ներկայացվեց մի փաստաթուղթ, համաձայն որի գազի բալոնը դրվել է «Դավիթ Երթուղի» կազմակերպության միջոցով, իսկ Ա.Հակոբյանն էլ …մասնակցել է ինչ-որ դասընթացների:
Մեղադրող Ա.Սարգսյանը նկատեց, որ մասնագիտացված կազմակերպություն է գազի բալոնը տեղադրել.«Անգամ եթե շահագործման կանոնների խախտում էր, դա վթարի, մահվան պատճառական կապ չունի»:
Ըստ պաշտպանական կողմի, պահանջվող գումարը չափազանցված է, իսկ արգելանքն էլ Վ.Պետրոսյանի գույքի վրա դրվել է ոչ այն չափով, ինչ հայցագինն է՝ երկու միլիոն վեց հարյուր հազար դրամ, այլ…ավելին:
Վարդան Պետրոսյանն ասաց, որ իր եւ իր ընտանիքի անունից արվել են «սրտանց քայլեր» տուժողների հետ հաշտության եզրեր գտնելու համար:Դա ավարտված չի:Խնդիրը «ՆԻՎԱ»-ն երեք միլիոն գնահատելը չէ, այլ հոգեբանական, երբ փորձ է արվում նման խնդիր բարձրացնել:
Ինչ վերաբերում էր Վ.Պետրոսյանի հեռախոսային խոսակցությունների վերծանումների հրապարակմանը, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանն ասաց, որ դրանք չեն հրապարակվի, քանի որ անձային տվյալներ կան:Դեպքի օրվա հետ կապված հրապարակվեց Օնիկ Հակոբյանի զանգը Վարդան Պետրոսյանին, որն ընդհատվել է:Վարդան Պետրոսյանն ասաց, որ ինքը հեռախոսով, երբ խոսել է դեպքի վայրից գտնվել է մինչեւ վեց կիլոմետր հեռավորության վրա, իսկ տուժողի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանն էլ ասաց, թե նա «ընթացքի մեջ օգտվել է հեռախոսից»:
Բուռն վիճաբանությունների տեղիք տվեց ավտոմեքենայի զննության արձանագրությունների հրապարակումը:
Խոսքը տուժողի ավտոմեքենայի մասին է, որտեղ զննության ժամանակ հայելիներ չեն հայտնաբերվել, իսկ Ռ.Բալոյանի մասնակցությամբ կատարված զննության ժամանակ…հայելի գտնվել է:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ