Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք դպրոցական քննություններն օբյեկտիվ դարձնելու խնդիր ունենք». Արմեն Աշոտյան

Հունիս 20,2014 18:07

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր այցելեց Երևանի Գ. Ստարովոյտովայի անվան թիվ 177 դպրոցում տեղակայված քննական կենտրոն, որտեղ դիմորդները միասնական քննություն հանձնեցին «Հայոց պատմություն» առարկայից:
Նախքան քննության սկսվելը, նախարարը զրուցեց դիմորդների հետ, ծանոթացավ նրանց մասնագիտական նախասիրություններին, հետաքրքրվեց արդեն հանձնած քննությունների ընթացքից, ստացած գնահատականներից, ցանկացավ լսել նրանց հարցերը, առաջարկներն ու դժգոհությունները, սակայն քննասենյակում այդպիսիք չկային, իսկ արդեն դպրոցի բակում, որտեղ հավաքվել էին դիմորդների ծնողներն ու ուսուցիչները, նրանցից Տիգրանուհի Ղազարյանը ԿԳ նախարարին դիմեց խնդրանք-առաջարկով, այն է՝ վերջնական տեսքի բերել և հաճախակի չփոփոխել դպրոցական դասագրքերը, որոնք շփոթության մեջ են գցում ինչպես աշակերտներին, այնպես էլ ուսուցիչներին:

Ա. Աշոտյանն ի պատասխան ասաց, որ միանգամայն համաձայն է Տ. Ղազարյանի հետ, և որ այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են. «Մենք դժվար ընտրող ազգ ենք, դեռ ընտրում ենք դասագրքերի վերջնական տարբերակը»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է այս տարվա ընդունելության քննություններին, պարոն Աշոտյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրեն գոհացնում է դրանց ընթացքը. «Ընդունելության քննությունների ժամանակ մենք հատկապես երկու գործոն ենք կարևորում,- ասաց նախարարը,- առաջինը՝ որ քննությունների կազմակերպման ընթացքում խնդիրներ չառաջանան, քննություններն անցնեն հանդարտ, նախապես պլանավորված ընթացակարգով, քննությունների օբյեկտիվության և տեստերի որակի հետ կապված դժգոհություններ չունենանք: Այս տեսակետից առաջին փուլը ես համարում եմ շատ հաջողված, որովհետև անգամ ԶԼՄ-ների հրապարակումներն են ցույց տալիս, որ մենք ունենք լավ կազմակերպված քննական գործընթաց, որը չի հարուցում մեր քաղաքացիների դժգոհությունը, ավելին՝ մենք այս տարի նույնպես կարողացել ենք կենտրոնանալ բացառապես գնահատականների և ոչ թե ընթացակարգի վրա»:

Նախարարության կողմից կարևորվող երկրորդ գործոնը, ըստ Ա. Աշոտյանի, առաջադիմությունն է. «Պետք է խոստովանեմ, որ ընդունելության քննություններն անցնում են շատ ավելի բարձր մակարդակով, քան դպրոցական քննությունները: Սա ակնհայտ է, և մենք այդ քննությունները նույնպես առավել օբյեկտիվ դարձնելու խնդիր ունենք: Ահազանգեր ենք ստացել, որ քննությունների կազմակերպման և անցկացման օբյեկտիվությունը դպրոցների ներսում միշտ չէ, որ պահպանվում է»,- նշեց Ա. Աշոտյանը:
Նրան ուրախացնում են ՌԴ-ում և ՀՀ-ում ընթացող քննությունների համեմատության արդյունքները. «Այս տարի ևս, ինչպես և նախորդ տարիներին, մեզ հաջողվել է չփոխել անցումային շեմը: ՌԴ-ում երկու հիմնական առարկաների՝ մաթեմատիկայի և ռուսաց լեզվի անցումային շեմն իջեցվեց, որպեսզի դիմորդների կամ շրջանավարտների շուրջ 20-25%-ը դուրս չմնա գործընթացից և ատեստատ ստանա: Իսկ մենք այս խնդիրը չունենք. անցումային շեմը չի փոխվել և չի էլ փոխվի»,- համոզված է ԿԳ նախարարը:
Նրան գոհացնում են նաև տարիներ առաջ նախարարության որդեգրած այն քաղաքականության արդյունքները, ըստ որի՝ ընդունվելը պետք է լինի հեշտ, իսկ ավարտելը՝ դժվար. «Այս քաղաքականությունն իրեն արդարացնում է, որովհետև բավականին լավ տվյալներ և երեխաների գիտելիքները օբյեկտիվ գնահատելու պատկեր ունենք»,- վստահեցնում է Ա. Աշոտյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Ամեն ինչ օբյեկտիվ է` մնում է այս բնագավառը…???

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30