Բաքվից երկու օր առաջ վերադարձած ՆԱՏՕ- ի ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանն այսօր ԱԺ-ում կայացած ասուլիսում անդրադարձավ ադրբեջանական ԶԼՄ-ներին: Նա նկատեց, որ ադրբեջանական ԶԼՄ-ները առաջին օրը կարծես վստահություն ձեռքբերելու նպատակով քիչ թե շատ ճիշտ տեղեկություններ էին տարածում, իսկ երկրորդ օրվանից, կարծես համոզվելով, որ իրենց լրատվությունն արդեն ընդունվում է որպես ճշմարտություն, սկսեցին տարածել ինչ ուզում էին:
Թեւան Պողոսյանը նաեւ նշեց, որ նախորդ իր այցի ժամանակ եթե չէին թողնում անգամ դուրս գալ, այժմ մի քայլ առաջընթաց կար՝ ասում էին՝ ուր ուզում եք, կտանենք ձեզ: «2011թ. համեմատ որոշ առաջընթաց կար, կարող էինք դուրս գալ հյուրանոցից, քայլել փողոցով, բայց տպավորություն կար, որ որտեղ գնում էինք՝ նախօրոք պատրաստված էր՝ ոչ մի մարդ չկար: Իսկ երբ մի տեղով անցնում էինք, որտեղ քիչ թե շատ մարդիկ կային, ասում էին՝ ավելի լավ է մեքենայից նայեք»:
Ինչպես Կորյուն Նահապետյանը, այնպես էլ Թեւան Պողոսյանը, ինչպես նաեւ այդ սեմինարին որպես անկախ փորձագետ մասնակցած Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հիմնադիր-տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը շեշտեցին, որ պետք չի հավատալ եւ որպես ճշմարտություն ընդունել ադրբեջանական ԶԼՄ-ներում տեղ գտած որեւէ տեղեկատվություն:
Թեւան Պողոսյանը նաեւ նկատեց, որ այս ամսվա վերջին կրկին հայկական պատվիրակություն է մեկնելու Բաքու, եւ զգուշացրեց. «Ուշադիր եղեք, մի հավատացեք իրենց տարածած տեղեկատվությանը, մինչեւ չճշտեք մեր պատվիրակների հետ: Ավելի լավ է մի քիչ ուշ տաք տեղեկությունը, բայց՝ ճշտված»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ
Կարդացեք նաև