ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի՝ Սերժ Սարգսյանի ռեժիմից ազատվելու մասին ելույթից հետո ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը միջամտեց. «Այդ վերամբարձ տոնը, անընդհատ կռիվ, վիրավորանքները ինչի՞ համար են: Ընդամենը նրա համար են, որ քաղաքական մեծամասնության նյարդերը տեղի՞ տան: Չեն տալու: ՀՀԿ-ն նյարդերի խնդիր չունի: ՀՀԿ-ն այստեղ գալիս է աշխատելու համար: Առաջարկ կա քննարկելու, իրար հետ աշխատելու: Լավ, վերջը մեզ մարդիկ են նայում: Ինչի՞ համար է պետք»:
Խոսելով Արծվիկ Մինասյանի ելույթի շուրջ ծագած բանավեճի մասին՝ Հերմինե Նաղդալյանն ասաց. «Արծվիկ Մինասյանին շատ հարգում ենք, ոչ մեզանից, ոչ մեկ ուրիշից պաշտպանելու անհրաժեշտություն չկա: Դա ընդամենը խոսում է նրա մասին, որ թեմա չունեք, արգումենտ չունեք, որ թուլություն կա: Կարեւոր հարց ենք քննարկում, սիրելիներս: Ոչ ուզում եմ ձեր փաստարկին պատասխանեմ, ոչ էլ իմը առաջ մղեմ: Պարզապես ուզում եմ մի բան ասեմ՝ կարեւոր խնդիր ենք քննարկում այսօրվա համար էլ, վաղվա համար էլ: Բոլոր տեսակետներից կարեւոր հարց ենք քննարկում: Կարելի է, չէ՞, առանց ավելորդության, ավելորդ ինչ-որ բառակապակցությունների, որոնք պատիվ չեն բերում եւ հարիր չեն մեզ: Մեզ հեչ պետք չեն այդ բանավեճերը, ոչ մի տեղ դրանք չեն տանում: Առանց դրա չե՞ք կարող խոսել, ախր կարող եք, չէ՞»,- Լեւոն Զուրաբյանին այսպիսի խնդրանքով դիմեց տիկին Նաղդալյանը:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ