ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները, որոնք երկու օր առաջ են վերադարձել Բաքվից, որտեղ կայացել էր ՆԱՏՕ-ի Ros Roth սեմինարը, այսօր Ազգային ժողովում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պատմեցին իրենց այցի մանրամասները: Պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանն ասաց, որ Բաքվում կայացած սեմինարն անցնում էր ադրբեջանական մասնակիցների ակնհայտ հակահայկական քարոզչությամբ, ադրբեջանական պատվիրակությունը ամբողջ սեմինարի ընթացքում ապատեղեկատվություն էր տարածում. «Մենք ոչ թե հակազդում էինք, այլ ներկայացնում էինք մեր տեսակետը, ընդհանրապես սեմինարն անցնում էր խիստ լարված պայմաններում, փորձում էին անընդհատ լարված բանավեճային ընդհարման տանել»:
Իսկ ՆԱՏՕ-ի վեհաժողովի մյուս երկրների պատվիրակները, ըստ մեր խորհրդարանականների, հիմնականում դիտորդի դերում էին. «Բոլոր խնդիրների շուրջ մեր պատվիրակությունը արդյունավետ մասնակցել է, բարձրացնելով կոնկրետ հարցեր, ներկայացնելով մտահոգություններ, լիարժեք ներկայացրել ենք մեր դիրքորոշումները բոլոր օրակարգային խնդիրների շուրջ»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ