Հունիսի 16-18-ը Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Կարել Շվարցենբերգի հրավերով աշխատանքային այցով Պրահայում էր գտնվում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին հանձնաժողովի անդամներ Նիկոլ Փաշինյանը եւ Էդմոն Մարուքյանը:
Հայ խորհրդարանականները հանդիպումներ ունեցան Չեխիայի Հանրապետության պատգամավորների պալատի նախագահ պարոն Յան Համաչեկի, ինչպես նաեւ Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի հետ: Աշխատանքային հանդիպումներ տեղի ունեցան խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կառլ Շվարցենբերգի եւ հանձնաժողովի անդամների հետ, որտեղ քննարկվեց խորհրդարանական համագործակցությանն առնչվող մի շարք խնդիրներ: Խորհրդարանի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վանյայի եւ հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանում առկա իրավիճակի, Հայաստանի անվտանգության քաղաքականության, եւ այդ ուղղությամբ գործընկերության խնդիրները: Հանդիպում տեղի ունեցավ նաեւ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամների հետ՝ խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի ղեկավարությամբ:
Հանդիպումներ եղան նաեւ Չեխիայի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Հինեք Կմոնիչեկի եւ Չեխիայի փոխարտգործնախարար Կարել Բորուվկայի հետ:
Պատվիրակությունն այցելեց «Ազատություն» ռադիոկայանի կենտրոնակայան, ուր պատգամավորները մասնակցեցին հայկական ծառայության կողմից կազմակերպված քննարկմանը: Հայ խորհրդարանականները մասնակցեցին նաեւ Պրահայում Երուսաղեմի օրերի բացման արարողությանը:
Կարդացեք նաև
Հանդիպումների ընթացքում քննարկվեցին խորհրդարանական համագործակցության ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող հարցեր, Հարավային Կովկասի տարածաշրջանին վերաբերող խնդիրներ:
Հայ պատգամավորները բարձր գնահատեցին չեխական կողմի հավասարակշված մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ` մասնավորապես ընդգծելով չեխ գործընկերների այն համոզմունքը, որ հարցը պետք է կարգավորվի միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:
Հայկական կողմը մտահոգություն հայտնեց վերջին շրջանում Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության ակտիվացման եւ հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դեպքերի առնչությամբ` նշելով, որ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանի զինված ուժերը եւ ԼՂՀ պաշտպանական բանակը պատրաստ են արժանի հակահարված տալ հակառակորդին:
Հայկական պատվիրակությունը մանրամասն տեղեկություններ ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի մասին` նշելով, որ 2009թ. ցյուրիխյան արձանագրությունները վիժեցվել են Թուրքիայի ղեկավարության կողմից:
Անդրադառնալով Հայաստանի մասնակի շրջափակմանը` կողմերը համակարծիք էին, որ 21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն:
Հանդիպումների ժամանակ երկուստեք շեշտվեց Արեւելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության զարգացման անհրաժեշտությունը` նաեւ հաշվի առնելով նոր իրողությունները, մասնավորապես Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը, որը կարող է բավականին հեռանկարային լինել տնտեսական առումով:
Չեխ պաշտոնյաները նշեցին, որ ուշադրությամբ հետեւում են Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ազատությունների, քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացներին եւ կարող են փաստել դրանց դրական արդյունքները: Միաժամանակ նրանք ողջունեցին հայկական կողմի վճռականությունը` շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները երկրում եւ պատրաստակամություն հայտնեցին կիսելու այս բնագավառի չեխական ոչ վաղ անցյալի հարուստ փորձը:
Պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը պատգամավորների պալատի ղեկավար Յան Համաչեկին հանձնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ Հայաստան այցելելու հրավերը, որը սիրով ընդունվեց:
ՀՀ ԱԺ