Ֆիլմի հիմքում ընկած են հինգ նովելներ, որոնցից երեքը ընդգրկում են 90-ական թվականների խնդիրները, որոնք իրենց հերթին ազդեցություն են ունեցել մարդկանց ճակատագրերի վրա, իսկ 2-ն արդեն անդրադառնում են մեր ժամանակների խնդիրներին
«Ֆիլմն ընդհանրացնում է ժամանակները»,- այսօր՝ հունիսի 20-ին, «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Շքամուտք» գեղարվեստական ֆիլմի ռեժիսոր Լուսինե Սարգսյանը:
Նրա խոսքերով՝ ֆիլմի հիմքում ընկած են հինգ նովելներ, որոնցից երեքը ընդգրկում են 90-ական թվականների խնդիրները, որոնք իրենց հերթին ազդեցություն են ունեցել մարդկանց ճակատագրերի վրա, իսկ 2-ն անդրադառնում են մեր ժամանակների խնդիրներին, եւ այդ հինգ նովելներն էլ միահյուսվում են մեկ շքամուտքում: Ֆիլմի կարգախոսն է «Մի մուտք, մի քաղաք, մի մոլորակ», նրա սցենարի հեղինակներն են Հարություն Հարությունյանը, Գնել Նալբանդյանը, Հովհաննես Թեքգոզյանը, Կարինե Խոդիկյանը եւ Լուսինե Սարգսյանը.
«Ես, քանի որ որոշեցի շքամուտքի մեջ հավաքել տարբեր ճակատագրեր, այդ պատճառով որոշեցի աշխատել տարբեր սցենարիստների եւ օպերատորների հետ, ստանալու համար տարբեր ձեռագրեր եւ մտածողություն, ինչպես որ լինում է, երբ որ տնից դուրս ես գալիս, հարեւանի դուռը թակում, այնտեղ լրիվ ուրիշ բնավորություն է: Կարծում եմ, որ մոտեցումը կարելի է փորձ համարել, բայց ֆիլմը արված է պրոֆեսիոնալ եւ ոչ մի փորձնական բնույթ իր մեջ չունի»:
Ֆիլմը իր մեջ ներառում է արտագնա աշխատանքի, սիրո կորստի, դավաճանության, պայքարի եւ հավատի խնդիրները: Տիկին Սարգսյանի խոսքերով՝ բավականին դժվար էր հին եւ նոր պատմությունները ամբողջացնել մեկ պատմության մեջ.
«Բավական դժվար էր ե՛ւ արտադրական առումով, ե՛ւ սկզբունքային առումով, որովհետեւ պետք էր նախ այդ հինգ նովելներն անել վերջացնել, հետո հասկանալ՝ կառուցվածքային ինչպե՞ս են իրենք միանում: Սկզբում կար պատկերացում, թե ինչպե՞ս կարող է դա լինել եւ մոնտաժի մի որոշ փուլ վերջացնելուց հետո նոր հստակ դարձավ, թե ինչպե՞ս կարելի է դա անել»:
Լուսինե Սարգսյանը համարում է, որ «Շքամուտքը» տարբերվում է մնացած ֆիլմերից, քանի որ նրա պատմությունները իրատեսական են եւ շատ քիչ մասն է հորինված. «Ֆիլմը սովորական մարդկանց մասին է՝ մեր մասին է, այսինքն՝ պատմություն չի ինչ-որ մի բանի մասին, որ հորինել, գրել ենք, դա պատմություն է, որը կարող է պատահել յուրաքանչյուրիս հետ»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ