Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆրանսիացի ոստիկանները դրական ու արդյունավետ գնահատեցին Հայաստանի ճանապարհներին ու բնակավայրերում տեսադիտարկման և արագաչափ սարքերի գործարկումը

Հունիս 20,2014 16:06

ՀՀ ոստիկանության և Ֆրանսիայի Հանրապետության ՆԳՆ 2014 թ. գործողությունների ծրագրի շրջանակներում՝ Ճանապարհային ոստիկանության ոլորտում տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերի տեխնիկական սպասարկման, ծրագրային ապահովման առաջավոր փորձի ուսումնասիրման նպատակով հունիսի 16-ին Հայաստան էին ժամանել Ֆրանսիայի ազգային ոստիկանության ճանապարհային ծառայության մայոր Քրիստոֆ Ռուժոն և լեյտենանտ Օլիվյե Բղեմոն:

Հյուրերը ոլորտի վերաբերյալ իրենց տպավորություններն ու կարծիքները ներկայացրին ոստիկանությունում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Ֆրանսիացի ոստիկանները դրական ու արդյունավետ գնահատեցին Հայաստանի ճանապարհներին ու բնակավայրերում տեսադիտարկման և արագաչափ սարքերի գործարկումը, ընդգծեցին համակարգի ներդրման գործընթացի արագությունը և նշեցին, որ այդ ոլորտում համագործակցությամբ հնարավոր կլինի ամբողջացնել ծրագիրը: Խոսքը, մասնավորապես, շարժական արագաչափերի մասին է, որոնց կիրառումը խիստ արդյունավետ է եղել Ֆրանսիայում:

Բանախոսները նշեցին, որ 2003 թվականին, երբ Ֆրանսիայում գործարկվեց տեսադիտարկման և արագաչափ սարքերի համակարգը, հասարակության մեջ թերահավատություն կար դրա արդյունավետության վերաբերյալ: Սակայն վիճակագրությունն ինքնին խոսուն է՝ 1974 թվականին Ֆրանսիայում ճանապարհային պատահարների հետևանքով զոհվել է 18 հազար մարդ, 2003-ին, համակարգի ներդրումից հետո, արձանագրվել է մահվան 8000 դեպք, իսկ 2013 թվականին՝ 3200:
Համակարգի կիրառումից հետո մահացության և վթարների ծանրության գործակցի նվազում է արձանագրվել նաև Հայաստանում:

Քրիստոֆ Ռուժոն և Օլիվյե Բղեմոն, դիտարկումներից ու փորձագիտական եզրակացություններից բացի, ընդգծեցին նաև հայ գործընկերների հետ փորձի փոխանակման կարևորությունը, մասնավորապես՝ համացանցում սեփական խախտումը դիտելու՝ վարորդների հնարավորությունը, ինչը ցանկալի է կիրառել նաև Ֆրանսիայում:
Հայ ճանապարհային ոստիկաններն իրենց հերթին պատրաստ են քննարկել շարժական արագաչափերի կիրառման առաջարկը, ինչը թույլ կտա արագությունը վերահսկել ոչ միայն ստացիոնար արագաչափերի տիրույթում, այլև ողջ ճանապարհին:

Ֆրանսիացի ճանապարհային ոստիկանները բարձր գնահատեցին նաև վարորդական վկայականների և ավտոմեքենաների համարանիշերի տրամադրման գործընթացի արագությունը, ինչպես և նշեցին, որ հայ գործընկերներին առաջարկել են, Ֆրանսիայի փորձով, հատուկ տարբերանշաններ փակցնել սկսնակ վարորդների մեքենաների վրա:
Քրիստոֆ Ռուժոն և Օլիվյե Բղեմոն պատասխանեցին լրագրողների բոլոր հարցերին և ինչպես զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին, այնպես էլ բոլոր քաղաքացիներին կոչ արեցին առավելագույնս օժանդակել ոստիկանությանը ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման գործում, որի արդյունքը փրկված մարդկային կյանքներն են:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30