Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Ռուստամյանը՝ կուտակայինի մասին. «Ասում են՝ էշ, մի մեռի, գարուն կգա»

Հունիս 20,2014 15:55

«Մի դառը բանի անունը շաքար դնեք, դրանից բերանը չի քաղցրանալու»,- Կուտակային կենսաթոշակի մասին օրենքի քննարկման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Նա նշեց, որ հասարակության 80 տոկոսը դեմ է օրենքին. «Ժողովրդի մեջ ասացվածք կա, ասում են՝ էշ, մի մեռի, գարուն կգա: Հիմա այս նույն տրամաբանությունն է, որ 40 տարի հետո լավ կապրեք: Մարդը այսօր ապրելու խնդիր ունի: Մենք ուզում էինք վերականգնել ժողովրդի մեջ վստահությունը: Ընդդիմությունը, ոչ քաղաքական ուժերը իսկապես, գիտակցելով պահի լրջությունը, բոլոր ջանքերը գործադրեցին, որ վստահություն առաջանա իշխանությունների նկատմամբ: Բայց առաջին իսկ քայլերը այդ վստահության արմատները նորից ուզում են խարխլել: Սա է ամբողջ ցավը: Հիմա եթե օրենքը փոխվում է, բայց դրանից բան չի փոխվում հասարակության ընկալման մեջ, վստահությունը չի առաջանում, ի՞նչ իմաստ ուներ օրենքը փոխել: Հիմա էլ բերել խմբագրել եք ՝ որպես նոր օրենք»:

Անդրադառնալով ՀՀԿ-ականների դիտարկումներին՝ ընդդիմության հասցեին՝ Արմեն Ռուստամյանն ասաց. «Մեզ ասում են՝ ինչ էլ բերեինք՝ դուք դեմ էիք լինելու: Լավ, չի կարելի էդ աստիճան աղավաղել իրավիճակը, ներկայացնել ամեն ինչ գլխիվայր: Մենք ասել էինք, թե ինչ անեիք, որ կողմ լինեինք: Արել եք, մենք հիմա դե՞մ ենք: Ո՞ւմ է պետք այս շոուն, երբ մեզ պիտի տայիք պատրաստի ձեւավորված առաջարկ, ասեք՝ էս ա: Էդ եղավ քննարկո՞ւմ: Դա եղավ իշխանությունների համար, որ քաղաքական ուժերի հետ համաձայնեցրե՞լ են, անցել են քննարկման փո՞ւլ: Սայթում տալիս եք ձեր իսկ առաջարկը եւ հանում եք մենակ լավ տեղերը: Իսկ վատ տեղերը, որ քննադատելի են եւ հասարակությունն էլ դրանք չի ընդունելու, դրանք սայթում չեք դնում: Այսինքն, ուզում եք խաբեք: Ինչի՞ ենք մենք մեզ խաբում՝ ասելով, որ սա նպատակային սոցիալական վճար է: Այս ամեն ինչի մեջ մենակ վճարն է ճիշտ: Սա վճար է եւ վճարելու է ժողովուրդը:

Նպատակը սոցիալական չի, սուտ եք ասում: Սա ֆինանսական նպատակ է հետապնդում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30