Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանին պետք էր միայն Հայաստանի «այո»-ն

Հունիս 20,2014 15:54

«Լավրովը Ադրբեջանին վստահեցնում էր, որ Հայաստանն առանց Արցախ է անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը»,-այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը, գնահատականներ տալով Բաքում կայացած Ալիև-Լավրով հանդիպմանն, այսպիսի կարծիք հայտնեց Ռազմավարական մշակումների կենտրոնի փորձագետ Աննա Բարսեղյանը:

Նա նկատեց, որ Լավրովի և Ալիևի սակարկման շրջանակը շատ ավելի մեծ է եղել ու հավելեց. «Խոսում ենք եվրասիական ինտեգրման մասին, շահարկում Արցախի թեման, բայց կան նաև այլ գործոններ` Կասպյան ավազանի կարգավորման խնդիրը: Կարծում եմ, որ քննարկման սեղանին է դրված եղել նաև Կասպյան ավազանի եւ Արցախի հարցը»:

Քաղաքագետ Շուշան Խաթլամաջյանը Ալիև-Լավրով «հաճոյախոսությունը» պրոտոկոլային բնութագրեց ու նշեց. «Աշխարհի գլխավոր գերտերությունները վա բանկ են խաղում, ՌԴ-ն չի ձևացնում, որ ցանկանում է ինտեգրվել արևմտյան աշխարհին: Լավրովի այցի օրակարգը որոշ հարցերի վերաբերյալ այո կամ ոչ ստանալու, միմյանց ժամացույցները ճշտելու նպատակ ուներ: Լավրովը գնացել էր Բաքու իմանալու, թե ինչ է Ադրբեջանը մտադիր անել առաջիկայում»: Անդրադառնալով Արցախի խնդրի շուրջ հնչող մտահոգություններին ՀՀ-ի` Եվրասիական անդամակցության պարագայում, տիկին Խաթլամաջյանն ասաց, որ «այդ խոսակցությունները ոչ մի հող չունեն» ու պատասխանեց. «Թե Արևմուտքը, թե Ռուսաստանը չեն ցանկանում, որ ոչ Ադրբեջանը, ոչ Թուրքիան շահեն ու ուժեղանան»:

Aravot.am-ը հետաքրքրվեց` Հայաստանի` մինչև հուլիսի 1-ը Մաքսային միության անդամակցության հեռանկար տեսնո՞ւմ են, թե՞ ՀՀ-ի Եվրասիական միության մեջ ներգրավելու հարցում Ռուսաստանը չի շտապում, տիկին Խաթլամաջյանը պատասխանեց. «Մեր «այո»-ն Ռուսաստանի համար ուղղակի կարևոր էր, որ նա ցույց տար, որ միությունը երկու-երեք պետությունից կազմավորված չէ, որ նա ունի լավ ստարտ ու ապագա: Նույնիսկ, եթե ՀՀ-ն լիներ Ղարաբաղի չափ և իր տնտեսական կարողություններն ու միտումները ավելի համեստ լինեին, ՀՀ դերակատարումը և համաձայնությունը Մաքսային միության սկսնակ ճարտարապետական կառույցում հենց սկզբնական շրջանում մեծ նշանակություն ուներ, նաև քարոզչական տեսանկյունից: Նա ուզում էր ցույց տալ աշխարհին, որ այնպես չէ, որ միայն Նազարբաևն է, որ մրցակցային հարաբերությունների մեջ է Կրեմլի հետ, Բելառուսը, որ Արևմուտքի համար տեղ ունի: Մենք Ռուսաստանին շատ պետք ենք գալոչկայի համար, որ հենակետ ունենա այստեղ»:

Աննա Բարսեղյանը Հայաստանի` Մաքսային միության անդամակցության ձգձգումը կապում է Ադրբեջանի պատասխանի հետ: Տարածաշրջանային փորձագետն այս առիթով մանրամասնեց. «ՀՀ-ի` Մաքսային միությանն անդամակցության ձգձգման պատճառն այն է, որ ՌԴ-ն անընդհատ բարձրաստիճան պաշտոնյաներ է ուղարկում այս տարածաշրջան որոշակի հստակեցում ստանալու Ադրբեջանից: Երբ հուլիսին Ադրբեջանի դիրքորոշումը պարզ լինի, կստորագրվի նաև Հայաստանի հետ պայմանագիրը: Ռուսաստանը Ադրբեջանից պատասխան է սպասում և Ադրբեջանի հետ երաշխիքներ ստանալուց հետո նոր Հայաստանի հետ պայմանագիր կկնքվի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30