Սիսիանի եւ Կապանի ավագ դպրոցների աշակերտները այս տարվա 7-րդ ամենամյա «Դիջիթեք բիզնես» ֆորումի ամենաերիտասարդ մասնակիցներն են: Նրանք ներկայացնում են ռոբոտներ, որոնք նախատեսված են 12 տարեկանից բարձր երեխաների համար: Աշակերտները մեզ ներկայացրին, որ իրենք ռոբոտները սարքել են մեկ օրվա ընթացքում. «Ռոբոտները շարժման ընթացքում արգելքների եւ պատնեշների հանդիպելու ընթացքում միանգամից իրենց ուղղությունը փոխում են եւ շարժվում այլ ուղղությամբ: Մենք նրանք ծրագրավորել ենք այնպես, որ 30 սմ-ի վրա արգելքի հանդիպելու դեպքում իրենց ուղղությունը պետք է փոխեն»:
Աշակերտները ռոբոտները պատրաստել են World Vision կազմակերպության Կապանի եւ Սիսիանի խմբակներում:
Մանրամասն՝ տեսանյութում
7-րդ ամենամյա «Դիջիթեք բիզնես» ֆորումը այս տարի տեղի է ունենալու հունիսի 20-ից 21-ը: Ֆորումին այս տարի մասնակցում են 64 կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնցից 51-ը տեղական կազմակերպություններ են, իսկ 13-ը՝ արտասահմանյան: Կազմակերպությունները ծառայություններ եւ արտադրանքներ են առաջարկում տեղեկատվական տեխնոլոգիաների, ֆինանսաբանական, կրթության, առողջապահության, գյուղատնտեսության, շինարարության եւ այլ բնագավառներում: Բիզնես ֆորումի ընթացքում կլինեն ցուցահանդեսներ, գործարար ներկայացումներ եւ սեմինարներ:
Կարդացեք նաև
Բիզնես ֆորումին ներկա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր ելույթում նշեց, որ ներկայումս տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը մեծ զարգացում է ապրում Հայաստանում: «Հեռահաղորդակցության ոլորտը դարձել է Հայաստանի տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը՝ նպաստելով երկրում արտադրողականության եւ զբաղվածության բարձրացմանը: Մոտ ապագայում Հայաստանը կարող է դառնալ տարածաշրջանի առաջատար երկիրը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում»:
Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն էլ կարծում է, որ Հայաստանում մի քանի տարուց ծաղկում է ապրելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը: Իսկ Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանի խոսքերով էլ, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը տնտեսության այն ոլորտն է, որտեղ օգտագործվում է բարձր ինտելեկտուալ կարողություններ ունեցող մարդկանց ներուժը: «ՏՏ ոլորտի շնորհիվ Հայաստանում կնվազի արտագաղթը եւ ավելի շատ աշխատատեղեր կստեղծվեն»,-կարծում է Արսեն Ղազարյանը:
Ցուցահանդեսի ընթացքում վարչապետը ծանոթացավ բիզնես ֆորումի մասնակիցների եւ նրանց առաջարկների հետ, զրուցեց ընկերությունների ներկայացուցիչների հետ: Վարչապետը զրուցեց հայկական ArmTab սարքավորումների արտադրության ընկերության տնօրենի հետ, ծանոթացավ ռոբոտաշինության ընկերություններին, բանկային ոլորտում նոր առաջարկներին եւ մի շարք այլ ընկերությունների արտադրանքներին եւ առաջարկներին:
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ