Մամուլը «հեղեղված է» ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ ամենամռայլ կանխատեսումներով: Հիմնական մտահոգությունն է, որ «Հայաստանը կորցնում է ինքնիշխանությունը»: Զուգահեռաբար, սակայն, շրջանառվում է տեսակետ, որ ԵՏՄ-ում «Ղազախստանը թուրքական խաղ է խաղում»: Բայց եթե «պուտինյան նախագիծն», իրոք, նախկին խորհրդային պետությունների ինքնիշխանությունը սահմանափակում կամ լիովին վերացնում է, այդ դեպքում ինչպե՞ս է Նազարբաեւն «իր խաղը խաղում» կամ` Լուկաշենկոն: Չէ՞ որ ԵՏՄ-ին անդամակցելով` Ղազախստանը եւ Բելառուսը նույնպես «կորցրել են ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը»:
Ստացվում է, որ միայն Հայաստանի դեպքու՞մ է Մոսկվան «խլել անկախ քաղաքականություն վարելու իրավունքը»: Ցավոք, սա է հայկական որոշ շրջանակների «տրամաբանությունը»: Դրանից շատ տհաճ, «ինքնամատուցման» տպավորություն է ստեղծվում: Ոմանք, կարծես, «խստագույնս քննադատելով»` որոշակի ազդակներ են հնչեցնում Մոսկվային: Այդքան «հակառուսական» կարող են լինել միայն Հայաստանի անկախության երդվյալ հակառակորդները:
Ճիշտ այդպես որոշ շրջանակներ աղմկեցին հայ-թուրքական արձանագրությունների շուրջ: Թեեւ յուրաքանչյուր բանական մարդ հասկանում է եւ պետք է խոստովանի, որ Հայաստանը եւ Թուրքիան ունեն միջպետական այն սահմանը, որ հաստատված է Կարսի պայմանագրով: Եվ այդ իրողությունը ինչ-որ ժամանակ վերավավերացվելու է: Հակառակը պնդողները, որ մեր աչքն են «խոթում» Սեւրի պայմանագիրն ու ԱՄՆ «պետական մեծ կնիքով վավերացված»` Վուդրո Վիլսոնի «իրավարար վճիռը», որքան էլ ցավալի է խոստովանել, «խաղում» են թուրքական կողմից:
Հայաստանն ուներ շանս, իշխանությունը նախաձեռնել էր, որ կարող է լինել ինքնուրույն խաղացող` երկկողմ պայմանագրով կարգավորելու հայ-թուրքական հարաբերությունները: Որոշակի շրջանակներ, ընդ որում` նաեւ նրանք, որ այսօր «ջախջախում են» ԵՏՄ-ին միանալու Հայաստանի որոշումը, ինչպես նաեւ` վերջին երկու տասնամյակներին կատարելապես դեգրադացվող Սփյուռքն ընդդիմացան, եւ պաշտոնական Երեւանը նահանջեց:
Կարդացեք նաև
Որովհետեւ հայ-թուրքական արձանագրությունները «մտան» Սահմանադրական դատարան, վերջինս էլ դրանք «սրբագրեց»` թուրքական կողմին հնարավորություն տալով շահարկել «հայկական նախապայմանների» թեման: Մինչդեռ Հայաստանը կարող էր միակողմանիորեն վավերացնել արձանագրությունները` վերապահում անելով, որ եթե Թուրքիան 3 կամ 6 ամսվա ընթացքում նույնը չանի, ապա դրանք կհամարվեն առ ոչինչ: Դա կլիներ դիվանագիտական լուրջ քայլ: Հայկական «տրամաբանությունը», ցավոք, քաղաքականությունը շփոթում է որեւէ ամբիոնից Թուրքիային հայհոյելու բամբառակության հետ: Եվ ունենում ենք այն, ինչ ունենք:
Հայ-թուրքական «հաշտեցման» տապալումից հետո ի՞նչ էր անելու իշխանությունը: Պետք է դեմքով շրջվեր դեպի Ռուսաստան, որտեղ «ճիշտ է, հայերիս երբեք առանձնակի չեն փայփայել, բայց եւ չեն սպանել»: Հայոց (ոչ Հայաստանի, որովհետեւ այն Մովսես Խորենացուց հետո չի գրվել) պատմության դասագրքերը 19-րդ դարում արեւմտահայության մի քանի ձախողված ապստամբություն են նշում` Զեյթունում, Սասունում եւ այլուր: Բայց նույն դասագրքերում չկա հիշատակում, որ, ասենք, Սյունիքն ապստամբած լինի ռուսական կայսրության դեմ: Եվ միայն այդ պատճառով է, որ Ռուսաստանում «մեզ չեն սպանել»:
Կովկասի լեռնականները կես դար կռվել են ռուսների «անհավատ» իշխանության դեմ: Եվ նրանց սպանել են, աուլները մատնել հրի ու սրի: Եղել է նաեւ բռնատեղահանություն` պետականորեն կազմակերպված: Այդ ամենից մնացել է մի թեւավոր խոսք. «Ծովով դեպի Ստամբուլ ճանապարհը ճանաչվում է մուհաջիրների դիակներով»: Ինչո՞վ ցեղասպանություն չէ: Իսկ աբխազ գրող եւ պետական գործիչ Բագրատ Շինկուբան լեռնականների ողբերգությունը վավերագրել է «Հեռացածներից վերջինը» վեպով: Այնպես որ` Ռուսաստանում «մեզ չեն սպանել», քանի որ մենք եղել ենք կայսրության հլու-հպատակ:
Բայց Ռուսաստանում «մեզ չեն սպանել» ասվածը լիովին տեղավորվում է հայկական «տրամաբանության» մեջ, երբ հարցերը ոչ թե լուծվում, այլ թողնվում են ապագային: «Անհնար է երեւակայել մի ազգ, որի բոլոր տարրերը տոգորված լինեն մի ընդհանուր մտածողությամբ… Որքան հետամնաց է մի ժողովրդի մտածողության եղանակը, այնքան հետամնաց է նրա կյանքը, ուրեմն այնքան զուրկ է կենսունակությունից այդ ժողովուրդը: Ահա թե ինչու ժամանակի ստիլ ունենալ` կնշանակե կենդանի լինել ու կենսունակ, զուրկ լինել դրանից` կնշանակե ընդհակառակը»:
Մեջբերումը Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» դասախոսությունից է, որ կարդացվել է Թիֆլիսում` 100 տարի առաջ: Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին: Այդ պատերազմին հայ ժողովուրդը «մասնակից կողմ» էր, ակնկալիքներ ուներ, որ ռուսներն Արեւմտյան Հայաստանը կազատագրեն, կշնորհեն ինքնավարություն: Ինչ եղավ իրականում` հայտնի է. պատրաստվում ենք նշելու… Ցեղասպանության 100-րդ տարելիցը: (Մի զարհուրելի անտարբերությամբ հայկական մամուլն ու պաշտոնեությունն ասում են` «Ցեղասպանության 100-ամյակ, ասես «հոբելյան» է):
«Մի հայ` մի ոսկի»` սա էր 1914թ. ամռան կարգախոսը: Ոսկին ժողովվում էր, որպեսզի զինվեն, հանդերձավորվեն, սնվեն հայկական կամավորական «գնդերը» եւ գնան կռվեն ռուսական զորքի առաջապահում: Ցինիզմ չէ՞, երբ Կովկասյան ճակատում մի քանի հարյուր հազար զինվոր ունեցող երկիրը հայերին ստիպում էր, որ իրենց հաշվին մի-երկու հազար «զորք» պահեն: Ասես հայ կամավորականները չէին կարող ռուս զինվորների հետ նույն «կոտելոկից» նույն «կաշան» ուտել:
Ազգային մեծագույն ողբերգությունից, փլուզումներից, որ բանաստեղծից ձեւակերպվել են այս սարսռազդու տողերով` «Մեր կյանքի հիմքերն անդունդը ընկան/ Եվ արնոտ միգում ճարճատում են դեռ…»` 100 տարի անց մենք վերստին կառչած ենք «ազգային գաղափարախոսություն ստեղծելու» մտքից: Մինչդեռ, իրականում, «անհնար է երեւակայել մի ազգ, որի բոլոր տարրերը տոգորված լինեն մի ընդհանուր մտածողությամբ»: Տերյանի արդարացիության ապացույցը հայ կամավորական «գնդերն» են, Արեւմտյան Հայաստանի դաժան ճակատագիրը, մեր ազգային Ապոկալիպսիսը:
«Ազգային գաղափարախոսության տեսլականը» ոչ այլ ինչ է, քան` աշխարհի բոլոր հայերին «ընդհանուր մտածողությամբ տոգորելու», այն է` մի որոշակի խմբի ընկալումները ողջ ժողովրդին պարտադրելու ձգտում: Այդպես սպանվում է այլընտրանքը: Իսկ երբ չկա այլընտրանք, ազգն առաջնորդվում է «փորձված թանն ավելի լավ է, քան անփորձ մածունը» մտայնությամբ: Եվ երկիրը գնում է դեպի ԵՏՄ: Իշխանությունն այստեղ մեղք չունի, նա կատարում է ազգի եւ «ազգային գաղափարախոսության» պատվերը:
Իշխանության «մեղքն» այն է, որ ազգային կործանարար սնապարծության, նախանցյալ դարավերջին հնչեցված` «Ստամբուլը դարձնենք արյան ծով» երեխայական «մարտահրավերի» դեմ բռնություն չի գործադրում, ազգին չի պարտադրում «ժամանակի ստիլը»: Բայց դա պե՞տք է իշխանությանը: Ոչ, նրան ձեռնտու է, երբ ազգն իրենից լուծումներ չի պահանջում, ամեն ինչ մնում է «օդից կախված»:
Մեղավորն ընտրանին է, նրա մտավորականության սերուցքը, որ ազգին եւ նրա միջոցով` իշխանություններին չի պարտադրում «ժամանակի ստիլ»: Եվ արդյունքում ունենում ենք հայկական «տրամաբանություն», ըստ որի` «կարելի է ամեն ինչ թողնել այնպես, ինչպես կա, եւ շրջափակման ու պատերազմի մշտական սպառնալիքի պայմաններում լինել կատարյալ անկախ, ինքիշխան, տնտեսապես հզոր, սոցիալապես արդար» երկիր, որ աշխարհի հետ խոսի «հավասարի իրավունքով` Հայաստան- Արցախ- Սփյուռք եռամիասնության ուժով»:
Հրանտ Մաթեւոսյանն 90-ականների վերջերին մարգարեացել է, թե «հնարավոր է այնքան ծույլ գտնվենք, որ դարձյալ հայտնվենք աշխարհի ամենառեակցիոն բանակի դրոշի տակ»: Բառացի չեմ հիշում, «Ես ես եմ» գրքից ստույգ քաղաբերելու (իր` Հրանտ Մաթեւոսյանի բառն է) ժամանակ էլ չունեմ, բայց իմաստը փոխանցում եմ ճիշտ:
Իսկ ոմանք «հաղթանակը մսխելու» մեջ իշխանությանն են մեղադրում` Լեւոն Տեր-Պետրոսյանից սկսած: Երբ բովանդակ ազգն է զուրկ իրականության հետ հաշվենկատ-դիվանագիտորեն հարաբերվելու, իրավիճակից հնարավորինս առավելագույն շահ կորզելու, «ոտքի հենարանն» ամրապնդելու, գալոց սերունդներին գործելու ավելի մեծ ու համեմատաբար անվտանգ «հարթակ» թողնելու ունակությունից, ի՞նչ անի նախագահը:
…Հայաստանի Առաջին Հանրապետության «հայրերը» պատերազմ հայտարարեցին կոմունիստներին, հետո եկավ 11-րդ «ազատարար» բանակը, «սոցիալիստական վրեժխնդրության իրավունքով» որձակոտոր արեց հայկական բանակն ու մտավորականությանը` 1920թ. դեկտեմբերից մինչեւ 1956թ., հետո ՀՀՇ-ն սրբեց «կոմկուսի ավգյան ախոռները», հետո… եղավ հոկտեմբերի 27… Էլ ի՞նչ ողբերգություն պիտի «բեմադրվի» այս բազմաչարչար հողում, որպեսզի ազգն ուշքի գա եւ հասկանա, որ Հայաստանն այն է, ինչ Չարենցն է բանաձեւել` մի «խորշակյալ, անդուռ Արարատյան դաշտ»: Եվ որ, դարձյալ Հրանտ Մաթեւոսյանին օգնության կանչեմ, «մեր հայրենիքը Թուրքիայում է»:
Վահրամ ԱԹԱՆԵՍՅԱՆ