Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն այսօր, խոսելով կուտակային կենսաթոշակների մասին, ասաց, որ ցանկացած օրենք, հանրային ռեֆորմ պետք է հասարակության աջակցությունը ունենա, եթե չունի այդ աջակցությունը, այդ ռեֆորմը ապագա չունի: Այս կապակցությամբ «Առավոտը» հետաքրքրվեց պատգամավորից՝ տեղեկատվական ոլորտին արտոնություններ տալու վերաբերյալ օրենքը, որի ընդունումը տապալվեց երեկ՝ ընդդիմության շնորհիվ, կարծես թե հանրության կողմից ընդունելի էր, առավել եւս՝ ընդդիմությունն էլ կարծես առանձնապես դեմ չէր այդ օրենքին, ինչո՞ւ տապալեցիք, չէ՞ որ այդ օրենքի ընդունումը կարող էր որոշակի օգուտ տալ երկրին:
Պատգամավորը պատասխանեց. «Դուք իրավացի եք, բայց սա լոկալ հարց է, հանրային հնչեղության հարց չի, ռեֆորմ չի: Եվ ես կարծում եմ, որ առաջիկայում մենք սրան կանդրադառնանք: Ես էլ եմ համամիտ, որ էս հարցում կարելի էր որոշակի լոյալություն հանդես բերել … ես ինքս ելույթ եմ ունեցել այս օրենքի վերաբերյալ, բայց սա ուղղակի միգուցե էդ ընդհանուր հոսքի ռեժիմի տակ ընկավ: Բայց ասեմ նաեւ, որ այս օրենքում էլ կային որոշակի խնդիրներ, մենք քննադատել էինք, որ չի կարելի եկամտահարկի համար որոշ սեգմենտի տալ արտոնություն, մյուս սեգմենտին չտալ: Խաղի կանոնները բոլորի համար պետք է նույնը լինեն: Տնտեսագիտության առումով ճիշտ չի, որ նույն շուկայի սեգմենտում մեկին տաս եկամտային հարկի արտոնություն, մյուսին չտաս: Շահութահարկի դեպքում կարելի է, բայց եկամտային հարկի դեպքում երբ տալիս ես, նշանակում է քաղաքացիների միջեւ խտրականություն ես դնում»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ