Երեկ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի մասին այսպիսի հայտարարություն արեց՝ «Զարմանում եմ, որ շատ ներկայացուցիչներ այստեղ կարողացան էս գյոզալ տղուն փչացնել: Ո՞նց ընկավ ազդեցության տակ: Այս սկզբունքային մարդը նրանց ազդեցության տակ ընկավ: Պարզապես չեն ցանկանում լավը տեսնել, չեն ընկալում լավը»:
Այսօր ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը պատասխանեց Վահրամ Բաղդասարյանի այդ հայտարարությանը. «Երեկ այս դահլիճում կրքերը բորբոքվել էին: Եղան գնահատականներ քաղաքական մեծամասնության կողմից, որոնք ամբողջովին հիմնազուրկ էին: Հարգելի մեծամասնություն, մենք ձեզ առանձին-առանձին, իբրեւ անհատներ, գնահատում, հարգում ենք, մեկ-երկու բացառությունները չհաշված: Մենք չենք ընդունում ձեր հավաքական մոտեցումներն ու աշխատանքի մեթոդները: Մեզ դասեր մի տվեք: ՀՅԴ խմբակցության յուրաքանչյուր անդամ, եթե ձեր իշխանության, ձեր մեծամասնության ազդեցության տակ չի ընկել, հանգիստ եղեք, ուրիշ որեւէ մեկը չի կարող մեզ ուղղորդել: Մեզ ուղղորդող լինում է գաղափարը, սկզբունքները, արժեքները: Եթե ձեր 70 հոգանոց խմբակցությունում պեղեք եւ կգտնեք գոնե 5 պատգամավոր, որոնք իրենց բանիմացությամբ, սրտացավությամբ, աշխատասիրությամբ, այս պետության հանդեպ մտահոգությամբ կարող են համեմատվել Արծվիկ Մինասյանի հետ, այդ ժամանակ իրավունք կունենաք խոսել: Եկեք հասարակության մեջ փորձեք պարզ հարցում անել եւ տեսեք մարդկանց վերաբերմունքն Արծվիկ Մինասյանի եւ ձեր տասնյակ պատգամավորների նկատմամբ»:
Աղվան Վարդանյանի ելույթին արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ասելով, որ Արծվիկ Մինասյանը իրենցից մեկն է եւ որեւէ մեկը նրան չի վիրավորել: Եթե նկատի ունեք Վահրամ Բաղդասարյանի խոսքերը, նա ընդամենը անհամաձայնություն է հայտնել Արծվիկ Մինասյանի տեսակետին:
Աղվան Վարդանյանի ելույթից հետո՝ ի պաշտպանություն Արծվիկ Մինասյանի, հնչեցին նաեւ այլ ելույթներ, որոնց կանդրադառնանք առաջիկայում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ