Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր լրագրողների այն հարցին, թե օրենքի համաձայն մինչեւ հուլիսի մեկը քանի՞ գործարար է արդեն ստվերից դուրս եկել, ասաց, որ իրենց գրանցած արդյունքները կհայտնեն հուլիսի մեկին:
7-րդ ամենամյա «Դիջիթեք բիզնես» ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում վարչապետը տեղեկացրեց, որ տասը օրը մեկ ֆինանսների նախարարությունը հաշվետվություն է տալու նաեւ հանրությանը, թե որ հարկատուի մոտ ինչ առաջընթաց կա: «Մենք լինելու ենք հետեւողական, որ անպայման մեր պայմանավորվածությունները կատարվեն»: Վարչապետը նշեց, որ այն հարկատուները, որոնք կփորձեն խախտել պայմանավորվածությունը՝ կպատժվեն:
Հովիկ Աբրահամյանը, խոսելով Գառնի եւ Զվարթնոց տաճարների մոտ տեղի ունեցած խնջույքների մասին, հայտնեց, որ մշակույթի նախարարի հետ լուրջ խոսակցություն է ունեցել. «Պահանջել եմ, որ քայլեր ձեռնարկվեն եւ պատասխանատվության ենթարկվեն»:
Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով քառյակի ներկայացրած 12 պահանջներին, նշեց, որ քառյակը պետք է համագործակցություն առաջարկի. «Չի կարելի պահանջներ ներկայացնել, կարելի է համագործակցության տեսքով ձեւակերպել այդ առաջարկները: Յուրաքանչյուր ողջամիտ առաջարկություն մեր կողմից ընդունվելու է: Ինչ վերաբերում է կոնկրետ 12 առաջարկություններին, դրանց մեծ մասը արտահայտված են կառավարության ծրագրում, որը հաստատվել է Ազգային ժողովի կողմից»:
Կարդացեք նաև
Վարչապետը նաեւ խոսեց կենսաթոշակային կուտակային բարեփոխումների նոր ծրագրի մասին, եւ շեշտեց, որ կառավարությունը համարձակ քայլ է իրականացրել՝ մոտ 38 մլրդ դրամ հատկացնելով աշխատավարձերի բարձրացմանը: Նա ճիշտ է համարում պետական սեկտորի համար նպատակային սոցիալական վճարները: Սակայն չպատասխանեց այն հարցին, թե ինչ տարբերություն կա սոցիալական վճարների եւ պարտադիրի միջեւ:
Վերջում Հովիկ Աբրահամյանը հավելեց. «Ես հայտարարել եմ՝ քառյակ, հնգյակ, եռյակ, բոլորի հետ պատրաստ ենք համագործակցելու: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր քաղաքական ուժի նպատակը պետք է լինի աջակցել այն լավ գործերին, որը բխում է մեր պետության եւ տնտեսության շահերից»:
Մանրամասն՝ տեսանյութում
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ