Կուտակային կենսաթոշակային նոր համակարգում ընդգրկվել են մի շարք սոցիալական երաշխիքներ, որոնք չկային նախկինում: Միաժամանակ, այն որոշակի նահանջ է նախկին համակարգից որպես բարեփոխում, քանի որ համակարգի ամբողջական գործարկումը երկարաձգվում է մի քանի տարով, ինչը ենթադրում է, որ դրա արդյունավետությունն ավելի նվազ եւ ավելի ուշ նկատելի կլինի: Անդրադառնանք հիմնական փոփոխություններին, որ կատարվել են մի քանի օրենքներում` նախանշելով նոր համակարգի հիմնական ուղղությունները:
Նախ` վերանում է պարտադիր կուտակային վճար հասկացությունը, ինչը Սահմանադրական դատարանը համարել է հակասահմանադրական: Դրա փոխարեն սահմանվում է պետբյուջե վճարվող նպատակային սոցիալական վճար:
Գլխավոր փոփոխությունն այն է, որ այս տարվա հուլիսի 1-ից, կենսաթոշակային պարտադիր բաղադրիչին մասնակցելու են միայն պետական աշխատողները ` պետական կառավարման մարմինների, համայնքապետարանների, ՊՈԱԿ-ների, ՀՈԱԿ-ների աշխատակիցները, որոնք ծնվել են 1974 թ.-ի հունվարի 1-ից հետո:
Կառավարությունում սա բացատրում են այն հանգամանքով, որ հուլիսի 1-ից 40-80 տոկոսով բարձրանալու են պետական ամբողջ համակարգի աշխատողների, թվով մոտ 200 հազար մարդու, աշխատավարձերը, հետեւաբար բարձրացված աշխատավարձից 5 տոկոս սոցվճարի վճարումը սոցիալական վիճակի վատթարացում չի առաջացնի: Մոտեցումը թերեւս տրամաբանական կարելի է համարել: Ընդ որում, կուտակային համակարգում ընդգրկված պետական համակարգում աշխատող անձիք, կարող են իրենց սոցիալական վճարները կատարել իրենց տրամադրվող սոցփաթեթի գումարներից (բացառությամբ առողջապահության համար նախատեսված 52 հազար դրամը), ինչը նույնպես սոցիալական լրացուցիչ երաշխիք է:
Պետական համակարգի այն աշխատողները, որոնք հետագայում անցնում են աշխատանքի մասնավոր հատվածում, մնալու են պարտադիր համակարգում: Այսինքն, նրանք այլեւս չեն կարող հրաժարվել պարտադիր սոցիալական վճարներ կատարելուց:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում