Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյանը՝ նախարարին. «Դուք խոչընդոտում եք, որ մարդը հասնի թոշակի տարիքին»

Հունիս 20,2014 12:30

Այսօր ԱԺ-ում շարունակվում է Կուտակային կենսաթոշակի մասին օրենքի քննարկումը:

Հիմնական զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ սոցիալական փաթեթից օգտվող քաղաքացիները կարող են այդ փաթեթի միջոցներն ուղղորդեն նպատակային սոցվճարի համար եւ լրացուցիչ գումար իրենց աշխատավարձից չտան:

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հարց ուղղեց՝ «Ամիսներ շարունակ ձեր կառավարությունը փորձում էր հակասահմանադրական ճանաչված դրույթները համապատասխանեցնել Սահմանադրությանը: Դուք անհանդուրժողականություն եք սերմանում մասնավոր եւ պետական սեկտորի աշխատողներին պարտադրելով անհավասար եւ տարբեր խաղի կանոններ, ի՞նչ նպատակ եք դրել դրա հիմքում»:

Տիկին Սարգսյանը նաեւ հետաքրքրվեց, թե ի՞նչ տարբերություն կա Տիգրան Սարգսյանի ներկայացրած կուտակային կենսաթոշակի օրենքի եւ այս տարբերակի միջեւ, երբ, ըստ էության, պետությունը շորթում է քաղաքացու միջոցները:

Արտեմ Ասատրյանը պետական եւ մասնավոր աշխատողների միջեւ խտրականության հետ կապված հարցին ի պատասխան՝ ասաց, որ մենք ունենք «Աշխատանքային օրենսգիրք», որը հստակ սահմանում է, որ պետական աշխատողների համար գործատուն պետությունն է եւ կարող է սահմանել համապատասխան իրավահարաբերություններ, որոնք չեն կանոնակարգվում Աշխատանքային օրենսգրքով. «Այստեղ արհեստական որեւէ տարբերակման խնդիր չկա եւ չի կարող լինել, քանի որ պետությունը, որպես գործատու, օրենքով սահմանված շրջանակներում սահմանում է համապատասխան կառուցակարգեր՝ պետության հատվածի աշխատողների սոցիալ-աշխատանքային երաշխիքները ձեւավորելու, համալրելու համար: Աշխարհի բոլոր երկրներում այդպես է: Կա մրցունակության խնդիր պետական հատվածի եւ ոչ պետական հատվածի հետ կապված, եւ որպես կանոն, պետական աշխատավարձերը համադրելի պաշտոնների համար լինում են ավելի ցածր , եւ այդ բացը լրացնելու համար պետական հատվածում որակյալ աշխատողներ ներգրավելու համար ներդրվում են տարբեր կառուցակարգեր: Այստեղ զարմանալու առիթ ես չեմ տեսնում:

Ըստ Լյուդմիլա Սարգսյանի, «Նման հուշում անելը մարդասիրական չի: Դուք, փաստորեն, մարդկանց հուշում եք, որ ձեր առողջության, հանգստի գումարները փոխանցեք սոցիալական ֆոնդին: Մարդը այսօր հիվանդ է գուցե, ուզում է բուժվել, գուցե չհասնի այդ տարիքին: Դու խոչընդոտում եք, որ մարդը հասնի թոշակի տարիքին»:

ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանն էլ հարցրեց՝ եթե անձը մի քանի ամիս աշխատում է եւ կորցնում է աշխատանքն ու այլեւս աշխատանք չի գտնում, հայտնվում է սոցիալական բարդ վիճակում, կարո՞ղ եք դեպքեր նախատեսել, որ մարդը գոնե սովից չմեռնելու համար կարողանա օգտվել իր գումարից, ոչ թե 40 տարի սպասի:

Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ «Կենսաթոշակային ապահովության համար կենսաթոշակային տարիքի հասնելը համար առաջին խնդիրն է, որ դրված է այս համակարգի հիմքում: Օրենքում ամրագրված է, որ անձը կարող է տնօրինել գումարները, եթե դառնա 3-րդ կարգի հաշմանդամ անաշխատունակ:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30