Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպան եւ մենք. «Անցումային» դրույթների տապալումը

Հունիս 20,2014 14:57

Ինչո՞ւ տեղի չի ունեցել
հետխորհրդային հասարակությունների արդիականացումը

90-ական թվականներին այն բնակչությանը, որն ապրում է հետխորհրդային տարածքում, անվանում էին «անցումային հասարակություն», transitional society՝ նկատի ունենալով, որ այդ երկրները շուտով՝ մի քանի տարում իրենց վրայից կթոթափեն տոտալիտարիզմի մնացորդները եւ կմտնեն քաղաքակիրթ, զարգացած ազգերի ընտանիք: Հիմա «անցումային ժամանակաշրջանի» մասին էապես ավելի քիչ է խոսվում՝ հավանաբար այն պատճառով, որ 20 տարին այդ «անցման» համար միանգամայն բավարար էր, եւ քանի որ հետխորհրդային շատ երկրներում դա չի կատարվել, ապա, շատ հավանական է, չի էլ կատարվի:

Մեր երկրներում, նաեւ Հայաստանում, կարծիքներ են հնչում, որ այդ անցումը մեզ պետք էլ չի, որ մենք կգնանք մեր ուրույն ճանապարհով: Շատ բնական է՝ երբ ինչ-որ բան չի ստացվում, ապա դու քեզ սփոփում ես մտքով, թե «խաղողը խակ է»: Բայց ես այդ սփոփանքը չեմ ընդունում՝ վստահ եմ, որ մենք պետք է ձգտենք բարեկեցության եւ հասարակական հարաբերությունների՝ օրինականության, թափանցիկության, իշխանության գործունեության վերահսկելիության այն մակարդակին, որը կա Արեւմտյան Եվրոպայում: Ավելին՝ ես կարծում եմ, որ դա ոչ թե ինչ-որ անհասանելի իդեալ է, այլ միանգամայն իրատեսական ճանապարհ:

Այդ «կանխավարկածն» ընդունելով՝ փորձենք հասկանալ՝ ի՞նչն է մեզ խանգարել եւ խանգարում կատարել այդ անցումը: Վերջինիս վերաբերյալ հույսերի հիմքում ընկած էր այն պարզ տրամաբանությունը, որ իմ սերունդն իր մտածողությամբ արդեն իսկ տարբերվելու է նախորդ` զուտ խորհրդային սերնդից, դե, իսկ մեզնից հետո եկողներն արդեն կլինեն լիարժեքորեն ինքնուրույն, նախաձեռնող, փոփոխությունների ու հասարակական համագործակցության համար բաց մարդիկ: Այդպես էլ, հավանաբար, կլիներ, եթե նորանկախ պետությունները կառուցվեին հատուկ բարոյական սկզբունքների վրա:
Սովորաբար հայկական միջավայրում «բարոյականություն» ասելով նկատի ունեն յուրահատուկ հասկացված անձնական առաքինությունը, օրինակ՝ բարոյական է մինչեւ ամուսնությունը կուսությունը չկորցրած աղջիկը: Այդ յուրահատկության վրա, ի դեպ, ուշադրություն է դարձրել դեռեւս Հովհաննես Թումանյանը. «Մեզանում, դժբախտաբար, բարոյականություն եւ անբարոյականություն ասելիս` սեռական մտքով են հասկանում, առանց մտածելու, թե հենց էդտեղ է, որ ամենից քիչ իրավունք ունեին խառնվելու, իսկ հաճախ բոլորովին իրավունք չունեն»:

Քաղաքական, սոցիոլոգիական առումով բարոյականությունը բոլորովին այլ բան է: Եվրոպական մշակույթում այդ խնդիրը բարձրացվել է դեռեւս 17-18-րդ դարերի մտածողների կողմից: Լոքը, Մոնտեսքյոն, Գոբսը մտորում էին այն մասին, թե ինչով պիտի սահմանափակվի բացարձակ իշխանությունը, բռնապետությունը: Եվ նրանք եկան այն եզրակացության, որ սահմանափակող գործոնը հպատակների բարոյականությունն է, որը հիմնված է մարդկանց բնական, Աստծո կողմից տրված՝ կյանքի, ազատության, սեփականության, իսկ փոքր-ինչ ավելի ուշ՝ արդար դատաքննության իրավունքների վրա:
Բարոյականությունն այդ իմաստով ոչ թե «լեւի չգնալու» հաստատակամությունն է, այլ անօտարելի իրավունքների մասին պատկերացումը, որը կապված է համընդհանուր շահի գիտակցման հետ: Սա է «անցում» կատարելու գլխավոր շարժիչ ուժը՝ ընդհանուր շահը, բարիքը, որը կիսում են բոլորը, ոչ թե զրոյական արդյունքով խաղը, որտեղ մեկը հաղթում է, իսկ մյուսը՝ պարտվում: Դա ոչ թե բարիքների բաշխումն է, որը հատուկ է տոտալիտար մտածողությանն ու համակարգին, այլ համերաշխության գաղափարն է, երբ շահագրգռված են եւ հաղթում են բոլորը:

Համերաշխության եւ փոխադարձ շահերի գաղափարի վրա հիմնված սոցիալական կապերի համակարգը ստեղծում է հասարակություն, որտեղ չկան իշխելու եւ հպատակվելու՝ մեզ համար սովորական դարձած հարաբերությունները: Այդ տիպի բարոյականությունը ենթադրում է սեփական վարքի փոխկապակցվածությունը համընդհանուր շահի հետ, հետեւաբար քո ամեն քայլի համար՝ բարձր պատասխանատվություն:

Անցումը չի հաջողվել իրականացնել այն պատճառով, որ պարզվեց՝ խորհրդային տոտալիտար համակարգի, ինչպես նաեւ դրան նախորդած ճորտատիրական կարգերի «գենը» հետխորհրդային մարդկանց մեջ շատ ավելի խորն է նստած, քան ենթադրվում էր: Այստեղից՝ պատերնալիստական պատրանքները՝ բարի, ուժեղ «թագավորը» կգա եւ ամեն ինչ կշտկի, ինչպես նաեւ՝ հասարակական էգոիզմը՝ ի հեճուկս խորհրդային շրջանում քարոզվող կոլեկտիվիզմի, անհատի եւ հասարակության միջեւ կապի խզումը, պատասխանատվության զրոյական մակարդակը՝ «թող իշխանությունն իմ մասին մտածի», արդարության մասին «շարիկովյան» պատկերացումը՝ հարուստներից խլենք, իրար մեջ բաժանենք, բողոքների եւ տրտունջների հետ համակված ծայրահեղ կոնֆորմիզը՝ «թող ինձ ձեռ չտան, ես ինձ խելոք կպահեմ»:

Էվոլյուցիան, այդուհանդերձ, տեղի է ունենում, սակայն ավելի դանդաղ, քան դա թվում էր 90-ական թվականներին: Սոցիոլոգները պնդում են, որ վերը նկարագրված «խորհրդային մարդու» տեսակը հետխորհրդային երկրներում կազմում է 30-40 տոկոս: Սակայն դա առայժմ հասարակության բազային շերտն է:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30