Հատված ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանի հարցազրույցից:
– Պարոն Սելիքյան, դուք միջնորդություն ներկայացրեցիք Քոթանջյանի որդուն ազատ արձակելու համար, ինչո՞ւ երաշխավորեցիք նրա համար։
– Նախ, ես ճանաչում են Քոթանջյանների ընտանիքին եւ նոր չեմ ճանաչում, գիտեմ իրենց որպես համեստ, համերաշխ, հանրության համար աշխատանք կատարած, ժողովրդի համար պիտանի մարդկանց։ Ճանաչում եմ նաեւ Քոթանջյան Սամվելին։ Այդ տեսանկյունից ելնելով եւ նկատի ունենալով նաեւ, որ հանրության համար ոչ առավելապես վտանգավոր արարք է կատարել երիտասարդ մարդը, կյանքում բոլորի հետ ամեն ինչ էլ հնարավոր է, որ պատահի՝ ես ընդամենը միջնորդություն եմ կատարել, որպեսզի խափանման միջոցը որպես կալանք չկիրառվի։ Քննությունը կարող է շարունակվել, եւ եթե մեղքի իրեն հասանելիք բաժինը կհիմնավորվի, կհաստատվի, ապա կարծում եմ նաեւ, որ կորոշվի համապատասխան պատժաչափ։
– Այդ նույն տրամաբանությամբ կարելի էր առաջնորդվել, օրինակ, Վարդան Պետրոսյանի դեպքում, ինչո՞ւ չեք միջնորդում։
Կարդացեք նաև
– Ես չեմ կարծում, որ այդ դեպքերը ընդհանրապես կարելի է իրար հետ համեմատել, որովհետեւ ես չեմ տեսնում համեմատելու աստիճան երկու դեպքերի միջեւ։
– Քոթանջյանի կրակելու արդյունքում էլ կարող էր մարդ մահանալ։
– Այդ կրակելուց կարող էր ընդամենը ծիտ ընկնել, մարդ չէր կարող մահանալ։ Նրա մեղքն ապացուցված չէ, բայց մենք նաեւ չգիտենք, թե ինչի համար է մարդը օդ կրակել, միգուցե դրանով ինքն իրեն է փրկել, միգուցե իր շրջապատում կանգնած մարդկանց է փրկել, որ վիճակը ավելի չլարվի եւ այլ վատ հետեւանքներ ունենա։
– Բայց Վարդան Պետրոսյանի մեղքն էլ, չէ՞, ապացուցված չէ:
– Ես չեմ ասում, որ որեւէ մեղք ապացուցված է կամ ապացուցված չէ, եւ ես ընդհանրապես չեմ ցանկանում այդ երկու դեպքերն իրար հետ համեմատել։ Ես կատարել եմ մի քայլ, առանց երկրորդ քայլի մասին մտածելու, այլ դեպքերի մասին մտածելու։ Ես ուղղակի չեմ ցանկանում այդ դեպքերն իրար հետ համեմատել եւ այդ թեմայով չեմ էլ ցանկանում խոսել։ Ես կատարել եմ միջնորդություն եւ իմ կատարածը ճիշտ եմ համարում, եւ այլեւս ոչինչ։
– Վարդան Պետրոսյանի համար էլ միջնորդեցին դաշնակցական պատգամավորները, բայց նրանց միջնորդությունը չբավարարվեց, հանրապետականներինը բավարարվեց, ինչպե՞ս է այդպես ստացվում։
– Ուրեմն, ես ավելի մեծ հարգանք եմ վայելում։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում