Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ռուսերեն քննարկումներ անցկացնող հայ-ռուսական բարեկամության ակումբի ղեկավարը պնդում է, թե երբևէ չեն խախտել «ՀՀ Լեզվի մասին» օրենքը

Հունիս 20,2014 11:22

Հայ-ոուսական խորհրդարանական բարեկամության ակումբի ղեկավարությունը շարունակում է հանդիպումների շարքը՝ այս անգամ իր լսարանը տրամադրելով ՌԴ Պետդումայի պատգամավորներին: Միջոցառման մանրամասների և կազմակերպչական մի շարք խնդիրների շուրջ, որոնք աղմուկի առիթ հանդիսացան հատկապես Կիսելյովյան հայտնի հանդիպումից հետո, զրուցեցինք ակումբի ղեկավար Արգինե Թումանյանի հետ:

-Ի՞նչ շրջանակներում և ինչ թեմայի շուրջ է հրավիրվելու առաջիկա միջոցառումը. կխնդրեիք մանրամասնեիք:

-Նախ ասեմ, որ սա հայ-ռուսական խորհրդարանական ակումբի վեցերորդ նիստն է, որը տեղի կունենա Ազգային ժողովում հունիսի 23-ին: Կլոր սեղանի թեման է «Եվրասիական տնտեսական միությունը. առավելություններն ու հեռանկարներ»: Հրավիրվածների թվում են՝ ՌԴ պետդումայի Դաշնային ժողովի պատգամավորներ՝ ԱՊՀ-ի Եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի անդամ Վասիլի Լիխաչովը, ՌԴ Դաշնային ժողովի միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի համանախագահ Բորիս Ռեզնիկը, ինչպես նաև` Օլեգ Վելիկորեդչանինը, ով Եվրասիական գործարար խորհրդի գործադիր տնօրենն է, Միխայիլ Դեմիդենկոն՝ Ինտեգրատիվ հետազոտությունների կենտրոնի Եվրասիական զարգացման բանկի ղեկավարը, և այլոք: Ակնկալում ենք ակտիվ քննարկում և խնդիրների բարձրացում մասնակիցների կողմից:

-Իսկ հայկական կողմից ովքե՞ր են հրավիրված, նախորդ նիստի նման սակավաթի՞վ է լինելու հատկապես ոչ իշխանական թևի ներկայացուցիչների մասնակցությունը, թե՞…

-Թույլ տվեք չհամաձայնել հնչող մեղադրանքի հետ. հանդիպման մասին տեղեկատվությունը տարածված է ԶԼՄ-ներով, ինչպես նաև տեղադրված է ԱԺ կայքում: Այս հանդիպմանը, ինչպես և նախորդին, նախատեսված է թեմայով բոլոր հետաքրքրվողների ներկայությունը թե’ պատգամավորների շարքերից, թե’ փորձագիտական շրջանակներից, այդ թվում՝ ԵՊՀ ուսանողներ, դասախոսներ , Ազգային գրադարանի և Գիտությունների ակադեմիայի աշխատակազմի անդամներ, փորձագետներ, ինչպես նաև՝ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ: Ձեր հարցի տողատակը հասկանալով` նշեմ նաև, որ նախորդ հանդիպմանը ևս հրավիրված են եղել ակումբի անդամներ տարբեր քաղաքական ուժերից, այդ թվում` ոչ իշխանականներից, օրինակ ԲՀԿ-ի և Դաշնակցության ներկայացուցիչները:

– Լավ, իսկ շփումը հյուրերի հետ ո՞ր լեզվով է նախատեսվում: Արդյո՞ք ակումբը հրավիրելու է թարգմանիչ, որպեսզի խուսափի նախորդ հանդիպման շահարկումներից:

– Թարգմանիչ ակումբում մշտապես ներկա է եղել և՛ նախորդ բոլոր հանդիպումներին, և՛ լինելու է նաև այս հանդիպմանը: Այս առումով շահարկումներն իսկապես անհիմն են, քանի որ հայ-ռուսական բարեկամության ակումբը երբևէ չի՛ խախտել «ՀՀ Լեզվի մասին» օրենքը: Բայց քանի որ, ակումբը գործում է ոչ ֆորմալ սկզբունքով, թարգմանչի ծառայություններից օգտվելու հնարավորությունը թողնվում է մասնակիցների հայեցողությանը, ու քանի որ ակումբում ընթացող քննարկումները, որպես կանոն, բավական ակտիվ են ընթանում, մասնակիցները զրույցի դինամիկան չխախտելու համար պարզապես չեն օգտվել թարգմանչի ծառայություններից: Սա՛ է ամբողջը:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30