Ս.թ. հունիսի 19-ին Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF) տոնեց Հայաստանում գործունեության տասնամյակը: Երևանի բուսաբանական այգում կազմակերպված միջոցառմանը ներկա պաշտոնական հյուրերին, դիվանագիտական պատվիրակությունների ներկայացուցիչներին, միջազգային և հասարակական կազմակերպություններին և բնասերներին WWF-Հայաստանը ներկայացրեց Հայաստանի բնաշխարհի պահպանությանը միտված իր տասնամյա ուղին:
Ներկայացվեցին Հայաստանում կատարված աշխատանքները և ձեռքբերումները, ինչպես նաև քննարկվեցին հետագա ծրագրերը: Միջոցառման հյուրերը հնարավորություն ունեցան ծանոթանալու WWF-Հայաստանի կողմից իրականացված ծրագրերին՝ այդ թվում լուսանկարների և տեղեկատվական ֆիլմի միջոցով: Լուսանկարների մի մասում ցուցադրված էր հայկական բնաշխարհի կենսաբազմազանությունը` ներառյալ վտանգված և հատուկ պահպանության կարիք ունեցող կենդանիներն ու բույսերը, իսկ մյուս մասում՝ WWF-Հայաստանի կողմից իրականացված ծրագրերի շրջանակներում կատարված աշխատանքները:
Միջոցառման ժամանակ շնորհվեցին «WWF-Հայաստանի լավագույն գործընկեր» մրցանակները: Այնուհետև պաշտոնապես բացվեց ՀՀ բուսաբանության ինստիտուտի հետ համատեղ ստեղծված նոր տնկարանը՝ WWF-Շվեյցարիայի ֆինանսավորած ծրագրի շրջանակներում:
«Սկսած 2002 թ.-ից WWF-ի իրականացվող ծրագրերի արդյունքում տեխնիկապես հզորացվել են 35 500 հա տարածքով բնության հատուկ պահպանվող տարածքներ (ԲՀՊՏ)` «Խոսրովի անտառ» և «Շիկահող» արգելոցները, ինչպես նաև ստեղծվել և հետագայում տեխնիկապես հզորացվել են 91,700 հա նոր ԲՀՊՏ-ներ` «Արևիկ» և «Արփի լիճ» ազգային պարկերը, «Զանգեզուր» և «Խուստուփ» արգելավայրերը, «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը, որոնք կազմում են ՀՀ ընհանուր տարածքի 3.1 %-ը», – իր ողջունի խոսքի մեջ ասաց Կարեն Մանվելյանը՝ Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրենը:
WWF-ը գործում է Հայաստանում 2002 թ-ից, իսկ 2006 թ-ի նոյեմբերին Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը՝ WWF-Հայաստանը պաշտոնապես գրանցվել է Հայաստանում՝ հանդիսանալով WWF Կովկասյան ծրագրային գրասենյակի մի մաս:
Կարդացեք նաև
Իր գործունեության ընթացքում WWF-Հայաստանը իրականացրել է բազմաթիվ ծրագրեր ուղղված կենսաբազմազանության պահպանությանը, բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացմանը, վտանգված տեսակների և էկոհամակարգերի պահպանությանը և վերականգմանը, համայնքների զարգացմանը և բնապահպանական իրազեկմանը։ Մասնավորապես, Լոռու և Տավուշի մարզերում կատարվել են անտառապատման և անտառվերականգնման աշխատանքներ մոտ 850 հա տարածքի վրա, իսկ Սյունիքի, Վայոց Ձորի, Լոռու, Տավուշի և Շիրակի մարզերի ավելի քան 25 համայնքներում իրականացվել են համայնքային զարգացման ծրագրեր՝ ուղղված բնական պաշարների պահպանությանը և կայուն օգտագործմանը։
Միջոցառման վերաբերյալ լուսանկարները տեղադրված են WWF-Հայաստանի Facebook-ի էջում: https://www.facebook.com/wwfarmenia/posts/715448831845982
Հարցերի կամ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել WWF-Հայաստանի hամագործակցության և հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Գեռա Ոսկանյանին հետևյալ հեռախոսահամարով՝ (+374 10) 54 61 56 (նրք. 14):
Գեռա Ոսկանյան