Լրահոս
Օրվա լրահոսը

Զերծ մնացեք լեզվական կայսերապաշտությունից. դիմում Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնող կառավարություններին եւ կազմակերպություններին

Հունիս 20,2014 10:06

Զերծ մնացեք լեզվական կայսերապաշտությունից. դիմում Հայաստանում օտարալեզու դպրոցներ հիմնող կառավարություններին եւ կազմակերպություններին:

Անցած շաբաթ երկու պատասխանատու արտասահմանյան գործիչներ թույլ են տվել հօգուտ օտարալեզու դպրոցների ՀՀ-ում ընդլայնմանն ուղղված արտահայտություններ: Առաջինը «Ռոսիա սեգոդնյա» գործակալության տնօրեն Կիսելյովը ՀՀ ԱԺ-ում արված հայտարարությունն է, որ ռուսական դպրոցների սակավությունը խոչընդոտ է Ռուսաստանի համար կատարելու Հայաստանը պաշտպանելու իր դաշնակցային պարտականությունը: Երկրորդը՝ ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռենոյի ֆրանսալեզու դպրոցի այցելության ժամանակ արված դիտողությունը, որ «մեր խնդիրը պետք է լինի պահպանել այդ [աշակերտների թվի] աճը»:

Այս կապակցությամբ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնությունը նշում է, որ օտարալեզու դպրոցները, բացի խտրականություն սերմանելուց, օժանդակում են հայերենի՝ երկրորդական լեզվի վերածվելուն: Սրանով իսկ այս հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան այլ լեզվական կայսերապաշտության արտահայտություններ եւ մեծապես վնասում են Հայաստանի եւ այդ երկրների հետ գոյություն ունեցող հարաբերություններին:

Այդ իսկ պատճառով դիմում ենք օտարերկրյա կառավարություններին եւ կազմակերպություններին՝ զերծ մնալ Հայաստանում ծագումով հայ դպրոցականների համար օտարալեզու դպրոցներ հիմնելու եւ օժանդակելու նախագծերին մասնակցելուց: Փոխարենը, եւս մեկ անգամ կոչ ենք անում նրանց օժանդակելու հայալեզու կրթական համակարգի բարելավմանը: Դա անչափ շնորհակալ գործ կլիներ, քանի որ բոլորին հասանելի որակյալ կրթության ապահովումը՝ առանց որեւէ խտրականության, ցանկացած երկրի զարգացման նախապայմանն է: Ոչ պակաս կարեւոր է այն, որ դա մեծապես կպահպաներ եւ կխթաներ հայերենի անվտանգությունն ու զարգացումը:

Այդ օժանդակությունը կարող է լինել հետեւյալ ուղղություններով՝
ա) ցանկություն հայտնած դպրոցներում օտար երկրների պատմությանը կամ մշակույթին վերաբերվող առարկաների՝ համապատասխան օտար լեզուներով դասավանդման միջոցով՝ չտարածելով օտարալեզու դասավանդումը այլ հանրակրթական առարկաների վրա,
բ) միջազգային փորձի կիրառման, այդ թվում՝ արդյունավետ կրթական համակարգերի և դասավանդման եղանակների հայերեն թարգմանության միջոցով:

Մենք ակնկալում ենք, որ Հայաստանում կրթական գործընթացներին մասնակցող կառավարությունները եւ կազմակերպությունները անհրաժեշտ պատասխանատվություն կցուցաբերեն այս հարցում եւ կիրականացնեն իրենց ծրագրերը՝ բացառելով հայոց լեզուն վտանգող միջամտությունները եւ նպաստելով որակյալ կրթության հասանելիությանը բոլորի համար:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30