Այսօր շատ է խոսվում գործարար միջավայրի հետ բուհերի արդյունավետ համագործակցության մասին: Մի կողմից, բուհի շրջանավարտների զգալի մի մաս աշխատանք չգտնելով, համալրում է գործազուրկների դժգոհ բանակը, մյուս կողմից՝ բուհերը ձգտում են մատուցել կրթական ծառայություններ, հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջները: Սակայն, դեռեւս մարդկային կապիտալում կրթական մասով կատարվող ներդրումները մեր հանրապետություն լիարժեք հատույց չեն ապահովում, որի շուրջ քննարկումներ ծավալվեցին Երեւանի Հյուսիսային համալսարանում վերջերս կազմակերպված «Տնտեսության զարգացման արդի հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում» խորագրով գիտաժողովում:
Անկախության տարիների մեր տնտեսության զարգացման հետագծի վերլուծությունը ցույց տվեց, որ ազգովի լծվեցինք բարձրագույն մասնագիտությամբ շրջանավարտների պատրաստման գործընթացին, եւ նույնիսկ միջազգային հարթակում առաջավոր դիրքեր գրավեցինք գործող համալսարանների թվաքանակով, ազգաբնակչության կազմում ուսանողների տեսակարար կշռով, բարձրագույն մասնագիտությամբ մասնագետների կազմով ու կառուցվածքով: Սակայն ընդամենը բավարարվեցինք միայն մարդկային կապիտալի ձեւավորումով, լուրջ ուշադրություն չդարձնելով դրա արդյունավետ օգտագործման վրա: Իսկ կապիտալը, լինի այն մարդկային, թե ֆիզիկական, տնտեսական առումով, անգործության չի ենթարկվում: Արդյունքում ունենք ուղեղների արտահոսք, միգրացիոն ռիսկեր, որոնք ընդհուպ ազգային անվտանգության խնդիրներ են առաջացնում:
Այս դրույթը հերթական անգամ վերահաստատվեց գիտաժողովին ներկայացված զեկույցներում՝ ինչպես մեր տարածաշրջանից` Ռուսաստան, Վրաստան, Իրան, այնպես էլ ԱՄՆ-ից: Հենց միջազգային փորձի վերլուծությունն է վկայում, որ մրցակցային դիրքեր են գրավում այն երկրները, որոնք ոչ միայն խոշոր ներդրումներ են կատարում մարդկային կապիտալում, այլեւ կարողանում են արտասահմանից «էժան գնով ներմուծել» որակյալ մարդկային կապիտալ: Հայաստանի համար արդիական է համարվում գիտելիքահենք տնտեսությունը, եւ ոչ թե ագրարային զարգացման ուղղությունն ու մարդկային կապիտալի «արտահանումը»: Ժամանակն է, որ մեր երկրում մարդկային կապիտալում կատարած կրթական ներդրումները ծառայեն ներազգային շահերին, եւ ոչ թե միգրացիոն հատույց ապահովեն արտասահմանում: Թե չէ՝ ստացվում է այնպես, որ այս սուղ պայմաններում բարձրագույն կրթությամբ շրջանավարտներ ենք պատրաստում հենց պոտենցիալ էմիգրանտների կարգավիճակով, ինչը շռայլություն է մեր երկրի համար:
ԱՐՄԵՆ ՃՈՒՂՈՒՐՅԱՆ
Հյուսիսային
համալսարանի պրոֆեսոր,
տնտեսագիության դոկտոր
«Առավոտ» օրաթերթ
19.06.2014