Մեր զրուցակիցն է ՀՀ ակումբային թիմերի առաջնության
հաղթող «Փյունիկ» թիմի ղեկավար Վլադիմիր Թամրազյանը
-Պարոն Թամրազյան, շնորհավորելով Ձեզ, կուզենք ընթերցողներին ներկայացնել թիմի նպատակները:
-Նախ՝ թիմը ձեւավորվել է մարդկային ռեսուրսների զարգացման «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի կազմում, որով եւ պայմանավորված է թիմի անունը։ Հիմնադրամի կազմում հիմնվել է 8×8 շախմատային ակումբը, որի հիմնադիր անդամներ են ճանաչված գրոսմայստերներ Զավեն Անդրեասյանը, Էլինա Դանիելյանը, Ավետիք Գրիգորյանը, Կարեն Գրիգորյանը, ՀՀ վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանը եւ ուրիշներ։
Ակումբը, բացի պրոֆեսիոնալ գործունեությունից, նպատակ ունի բարեգործական աշխատանքներ ծավալել շախմատի զարգացման ուղղությամբ ինչպես ուսումնական հաստատություններում, այնպես էլ արտադրական կոլեկտիվներում։
Սեպտեմբերին թիմը իրավունք է ձեռք բերել մասնակցելու Իսպանիայում կայանալիք Եվրոպայի ակումբային թիմերի շախմատի խոշոր առաջնությանը։
Կարդացեք նաև
– Ուժեղացնելո՞ւ եք թիմի կազմը վերոհիշյալ մրցաշարից առաջ։
-Դուք նկատի ունեք՝ արդյոք թիմի կազմում փոփոխություններ, համալրումներ կլինե՞ն, անկեղծ ասած, մասնագիտական հարցերով զբաղվում են Խալիկյանն ու Անդրեասյանը, ես գիտեմ, որ թիմում լուրջ փոփոխություններ չեն սպասվում, իմ հիմնախնդիրները հիմնականում կապված են թիմի բարոյահոգեբանական եւ ֆինանսական խնդիրների հետ, ես ակումբում ընտրված եմ նաեւ որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ։
Ճիշտն ասած, ես երբեք չէի մտածում, որ շախմատիստների հետ այսքան հեշտ ու հանգիստ է աշխատելը։ Նաեւ մրցաշարի ընթացքում ես ապրեցի այն հետաքրքիր ազարտը, որ գոյություն ունի պայքարին հետեւելիս։
Ուղղակի կլանվում ես եւ չես նկատում՝ ինչպես են ժամերն անցնում։
– Ձեր տպավորությունները մրցաշարից։
– Ես առաջին անգամ էի մասնակցում նման խոշոր մրցաշարի (որպես թիմի ղեկավար) եւ հասկացա, որ շախմատիստները շատ կազմակերպված մարդիկ են, գուցե հենց խաղն էլ նպաստում է դրան։ Հպարտ եմ, որ մեր բանակը հզոր շախմատային թիմ ունի, եւ նրանց՝ Իսպանիայի II ուղեգիր նվաճելը շատ օրինաչափ էր։
Մ. Մ.
Լուսանկարում՝ Վլադիմիր Թամրազյանը (ձախից)՝
Էլինա Դանիելյանի եւ Ավետիք Գրիգորյանի հետ:
«Առավոտ» օրաթերթ
19.06.2014