Ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնության մեկնարկից առաջ բոլորը միաբերան քննադատում էին կազմակերպիչներին այն բանի համար, որ մարզաբազաները պատրաստ չեն եւ անվտանգությունն էլ պատշաճ մակարդակի վրա չէ: Սակայն Մանաուս քաղաքում կայացած հանդիպումից հետո, որում Իտալիան 2:1 հաշվով առավելության հասավ Անգլիայի նկատմամբ, «Սկուադրա Աձուրայի» գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելին ամենախիստ կերպով քննադատեց ՖԻՖԱ-ին: Նրա համոզմամբ, համաշխարհային ֆուտբոլի ղեկավարները պետք է համարժեք արձագանքեին սարսափելի շոգին ու խոնավությանը:
«Մրցաշարի մեկնարկից առաջ մեզ խոստացել էին, որ խաղերի ժամանակ կարճ դադարներ կլինեն, որոնց ժամանակ ֆուտբոլիստները պարզապես ծարավը հագեցնելու հնարավորություն կունենային: Ինչպե՞ս կարելի է այդպիսի պայմաններում գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրել: Դա խելագարություն է», – բողոքել է 56-ամյա մասնագետը: Ընդորում, իրենց դժգոհությունը չեն թաքցրել նաեւ ֆուտբոլիստները: Անգլիացիների դարպասին առաջին գոլի հեղինակ Կլաուդիո Մարկիզիոն պատմել է հալյուցինացիաների մասին, իսկ Դանիելե դե Ռոսսին դժգոհել է շնչահեղձությունից: Նրա խոսքերով, պահեր էին լինում, երբ մի քանի մետր վազել հնարավոր չէր:
Նույն դժգոհությունն են արտահայտում նաեւ մյուս հավաքականների գլխավոր մարզիչներն ու ֆուտբոլիստները:
Տարվա այս եղանակին Բրազիլիայում ցերեկը միջին վիճակագրական ջերմաստիճանը հասնում է 30-ի, իսկ խոնավությունը 70 տոկոսի նշագծի մոտ է: Այդպիսի պայմաններում ֆիզիկական պատրաստվածության աստիճանն էլ անզոր է բնության դեմ: Պորտուգալիա-Գերմանիա հանդիպումից առաջ պորտուգալացիների գլխավոր մարզիչ Պաուլու Բենտուն ամենայն սրությամբ դրել է տեղական ժամանակով 13:00-ին, անտանելի շոգի պայմաններում հանդիպումը չսկսելու հարցը: «Մեզ համար կարեւորը ֆուտբոլիստների շահերն են, բայց այսպիսի շոգի ու խոնավության պայմաններում դրանք չեն կարող պաշտպանվել», – ասել է նա: Այդ խաղում Պորտուգալիան ջախջախիչ պարտություն կրեց: Բայց միայն դա պատճառ համարել չի կարելի, քանի որ գերմանացիներն էլ խաղում էին նույն պայմաններում:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
19.06.2014