Հարցազրույց մոդել եւ բալետի արտիստ Գրիգոր Գրիգորյանի հետ
– Ե՞րբ եւ ինչպե՞ս հայտնվեցիք մոդելային բիզնեսում, այն էլ՝ հայաստանյան, որը դեռ հեռու է կայացած լինելուց:
– Մոդելային բիզնեսում նորեկ եմ: Շուրջ մեկ ամիս առաջ առաջարկ եղավ տղամարդու հագուստի դիզայներ Նաիրա Երանոսյանից (Նանի), որը նույնպես առաջին անգամ էր ներկայանում հանրությանը: Տարվեցի նրա աշխատանքներով ու որոշեցի ցուցադրել, որը իմ դեպքում հոբբի է: Ցուցադրությունից հետո դրական արձագանքներ եղան: Ֆոտոսեսիաների առաջարկներ էլ են եղել, բայց ինչ-ինչ պատճառներով չեմ համաձայնել:
Կարդացեք նաև
– Հնարավո՞ր է, որ Ձեր նշած հոբբին ժամանակի ընթացքում դառնա աշխատանք:
– Ոչ… Ութ տարի է՝ Ազգային օպերային թատրոնի բալետի արտիստ եմ, եւ դա շատ օգնում է մոդելային գործին: Մոդելի համար էլ կարեւոր են՝ բեմական տեսքը, կեցվածքը, դիմախաղը… Որոշ որակներ ձեռք եմ բերել դեռեւս Երեւանի պարարվեստի քոլեջում ուսանելու տարիներին: Թատրոնի խաղացանկային երկու ներկայացումներում՝ Պրոկոֆեւի «Ռոմեո եւ Ջուլիետում» եւ Խաչատրյանի «Սպարտակում» հանդես եմ գալիս գլխավոր դերապարերով, առաջին դեպքում՝ Պարիսի, երկրորդում՝ Կրասոսի: Իսկ Խաչատրյանի «Գայանե» ներկայացմամբ հուլիսին կբարձրանանք նաեւ Մարիինյան թատրոնի բեմ:
– Որո՞նք են հիմնական տարբերությունները տղամարդ եւ կին մոդելների աշխատանքներում:
– «Դրսի» մասնագետները հաճախ են նշում, որ մոդելային բիզնեսում տղամարդիկ ավելի երկարակյաց են, մանավանդ՝ ֆոտոմոդելները: Նրանք կարող են իրենց կարիերան սկսել նույնիսկ 50 եւ անց տարիքում: Միայն ցանկալի չէ, որ տղամարդ մոդելները լինեն ընդգծված մկանուտ եւ մարմնի վրա «ճոխ» մազածածկ ունենան: Կին մոդելները 27 տարեկանից հետո այլեւս պահանջված չեն:
– Տղամարդ մոդելի գործունեության համար պարտադի՞ր է գործակալության առկայությունը:
– Մեզանում գործակալություն, որպես այդպիսին, չկա, բայց ցանկալի է, որ մոդելն ունենա գիտակ գործակալ: Մոդելային ավանդույթներով հարուստ Արեւմուտքում էլ մոդելին բարդ է կողմնորոշվել՝ անգամ վարձատրության հարցում: Գործակալի դեպքում մոդելը ստիպված չէ վարել հազար ու մի բանակցություն…
– Մտահոգություն չունե՞ք, որ մոդելների մասին ինչ ասես կարող են մտածել…
– Ինձ համար միեւնույն է, թե ինչ կխոսեն: Մի բան հաստատ է՝ եթե մի մարդու մասին շատ է խոսվում, թեկուզ բացասական, ուրեմն այդ անձնավորությունն իրենից ինչ-որ բան է ներկայացնում:
– Կցուցադրե՞ք «համարձակ» հագուստներ կամ կընդունե՞ք մերկ լուսանկարվելու առաջարկ:
– Միանշանակ՝ այո: Չէ՞ որ սա արվեստ է, մոդելային արվեստ:
Զրուցեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
19.06.2014