Բնակիչները դիմել են Երեւանի քաղաքապետարանի, ինչպես նաեւ ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայություն: Քաղաքապետարանի վերահսկողության ծառայության աշխատակիցները տեղեկացրել են, որ կոչ կանեն տարածքում շինարարություն սկսած անձին` իր իսկ կամքով ապամոնտաժել շենքը, հակառակ դեպքում՝ համապատասխան անձինք կքանդեն ապօրինի շիության 2 հարկերը:
«Առավոտի» նախորդ հրապարակումներից մեկը՝ «Նախկին ավտոտնակները խանգարում են շենքերի լուսավորությանը», անարձագանք չմնաց:
Անդրանիկի փողոցի 73 հասցեի բնակիչները, վրդովված ապօրինի շինության տիրոջ խոսքից, ըստ որի՝ իրենք խաբեությամբ են ձեռք բերել շինության 2-րդ հարկի կառուցապատման դեմ ուղղված դիմում-բողոքի համար անհրաժեշտ ստորագրությունները, պարզաբանում պահանջեցին:
Մասնավորապես, ստորագրահավաքի նախաձեռնողներից Գայանե Մելիքբեկյանն ու Շուշանը պնդում են, որ իրենք ծանուցել են բոլոր բնակիչներին, թե ինչի դեմ է ուղղված իրենց բողոքը, ու թե որն է իրենց պահանջը: «Հարություն Ծատուրյանի ասածն ուղղակի աբսուրդ է. ստորագրող մարդը նախ կարդում է այն, ինչի տակ պետք է ստորագրի»,- ասում են նրանք: Մենք հարցումներ անցկացրինք դիմում- բողոքը ստորագրողներից մի քանիսի շրջանում` համոզված լինելու, որ դա, իրոք, այդպես է եղել: Վերջիններս պնդեցին, թե իրենք այնքան հիմար չեն, որպեսզի իրենց ստորագրությունները շաղ տան թղթերի վրա` առանց կարդալու դրանց բովանդակությունը: Բնակիչները տեղեկացնում են, որ ստորագրությունները հիմնականում անցկացվել են Անդրանիկի 73 շենքի բնակիչների շրջանում: Նրանց բարի համբավը չոտնահարելու նպատակով, նրանց խնդրանքով, դիմեցինք նաեւ շինության տիրոջը եւ պահանջեցինք տրամադրել այն անձանց անունները, որոնց իբրեւ խաբել են ստորագրահավաք անցկացնողները: Շինության տերը՝ Հարություն Ծատուրյանը, հրաժարվեց անուններ հրապարակել՝ ասելով, թե չի ցանկանում հարեւանների միջեւ կռիվ գցել: «Ես չեմ ուզում անուններ ասել: Ես իրենց էլ եմ խնդրել, որ իմ պատճառով չվիճեն: Հնարավոր է, որ ես տունը վաճառեմ ու գնամ այստեղից, ինչու նրանք իմ պատճառով վատամարդ լինեն»,- ասում է նա եւ տեղեկացնում, որ իր մոտ առկա են բացատրություններ այն անձանց կողմից, որոնց, իր խոսքով, ստել են Անդրանիկի 73-ի բնակիչները: «Ես իմ ընտանիքին ուզում եմ ապահովել, ես էմիգրանտ չեմ դառնալու, այս շենքը նույնիսկ օգուտ է մեր երկրի համար: Ես 30 տարի ծառայել եմ պետությանը, քույրս, հայրս եղել են սպաներ, աղջիկս ու փեսես նույնպես սպա են…»,- հավելում է Հարություն Ծատուրյանը: Անդրանիկի 73-ի բնակիչներից Անուշ Պետրոսյանն էլ ասում է. «Նա ստում է, անուններ չի նշում, որովհետեւ այդպիսի բան չկա»: Բնակչուհին պնդում է, որ իր հարեւանը շահարկում է այն հանգամանքը, թե ինքը ծառայել է պետությանը. «Իմ ամուսինը 3 տարի եղել է Երասխավանում՝ առաջին գծում, հիմա շահարկե՞մ, թե ամուսինս օգուտ է տվել պետությանը: Ախր սուրբ հարցեր կան, որոնք չարժե շահարկել»: Անդրանիկի 73-ի բնակիչները պնդում են, որ իրենք չեն ցանկանում կենցաղային մակարդակի վրա դնել այս հարցը, այլ ցանկանում են լուծել օրենքի սահմաններում` իրավական հարթակում: Բնակիչները հավաստիացնում են` իրենք անձնական ոչինչ չունեն շինության տիրոջ հետ, բայց մեծ է մտավախությունը, որ այս դեպքը կարող է նախադեպ դառնալ մյուսների համար: Այս մտահոգությունը լուրջ հիմքեր ունի. ստորեւ ներկայացված լուսանկարում պատկերված կիսակառույցը վկայում է այդ մասին: «Տեսեք, շինարարական արտադրանքներ են բերել, որ սկսեն կառուցապատման աշխատանքները, բայց տեսնելով մեր արձագանքը մյուս շինության նկատմամբ՝ դադարեցրին դա: Սակայն մեծ է հավանականությունը, որ այս հարցը չկարգավորելու դեպքում նրանք նույնպես կկտրեն մեզ արեւի լույսից»,- ասում են բնակիչները: Նաեւ տեղեկացնում են` խոսակցություններ կան, որ հարեւանությամբ գտնվող «Վիվարոն» նույնպես ուզում է «բարձրանալ»: Լուսավորությունից զրկվելուց բացի, կա նաեւ մեկ այլ մտավախություն: «Այս տարածքը աստիճանաբար «բարդակ» է դառնում: Արաղ-պիվա են բերում, խմում են, ու էստեղ էլ հոգում իրենց բնական կարիքները: Մենք էլ երեխաներ ունենք, երիտասարդ ու անչափահաս աղջիկներ, ախր, անհարմար է»,- ասում են նրանք: Նշենք, որ Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության ծառայության աշխատակիցները տեղեկացրել են, որ կոչ կանեն շինության տիրոջը՝ իր իսկ կամքով ապամոնտաժել շենքը, հակառակ դեպքում՝ կքանդեն շինության 2 հարկերը: Քաղաքապետարանի երկու աշխատակիցներ արդեն ժամանել են՝ կարգավորելու հարցը. «Պատկերացնո՞ւմ եք, նրանք նույնիսկ այնքան էթիկա չունեին, որ այդ մարդկանց ներկայությամբ չդադարեցրին իրենց շինարարական աշխատանքները` արհամարhելով նրանց»: «Չգիտես ինչպես կոչես սա, գուցե անպատժելիության մթնոլորտ, որ մարդ ապօրինի կերպով մինչեւ վերջ իր ասածն անում է՝ առանց օրինական թույլտվության»,- դժգոհում են բնակիչները: Անուշ Պետրոսյանի խոսքով՝ մինչեւ հուլիսի 2-ը նախագահի Վերահսկողական ծառայությունից կստանան պատասխանը: Նա նաեւ հավաստիացնում է, որ հուլիսի 2-ից հետո պատրաստ է ներկայացնել դիմումի բնօրինակն ու ապացուցել իրենց ազնվությունը, որ ոչ ոքի էլ չեն խաբել. «Դիմումի բնօրինակը նախագահի Վերահսկողական ծառայությունում է: Դիմումը ստորագրել է 12 անձ: Այն շարադրված է հստակ եւ հասկանալի եւ, անշուշտ, բոլորին ծանուցվել է: Դա ընդամենը տգետ մարդու հայտարարություն է, թե մենք խաբել ենք ստորագրողներին»: Անդրանիկի 73-ի բնակիչները հավաստիացնում են, որ իրենք մինչեւ վերջ պայքարելու են անօրինական շինությունների դեմ ու թույլ չեն տալու, որ անպատժելիության մթնոլորտն արդարացնի մեղավորներին` իրենց զրկելով արեւի լույսից եւ անդորրից:
ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.06.2014
Շնորհակալություն , «Առավոտ» , օպերատիվ արձագանքի , մեր խնդիրը համակողմանի և անաչառ ներկայացնելու համար: