Հունիսի 13-15-ը Ստեփանակերտում էր գտնվում ՀՀ ԱԺ պատվիրակությունը` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ: Ստեփանակերտում, հիշեցնենք, տեղի է ունեցել ՀՀ Ազգային ժողովի եւ ԼՂՀ Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 9-րդ նիստը: Հայ խորհրդարանականները նաեւ դիրքեր էին այցելել: Մինչ պաշտոնական օրակարգի մեկնարկը՝ հայաստանցի պատգամավորները մասնակցել են նաեւ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի թոռնիկի մկրտության արարողությանը: Հիշեցնենք, որ Սեյրան Օհանյանի երկու որդիները բնակվում են Ստեփանակերտում: Խնջույքին հրավիրված են եղել ՀՀ ԱԺ պատվիրակության բոլոր անդամները: Կնունքին մասնակցել են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, ով նույնպես Ստեփանակերտում էր, եւ ՀՀԿ-ական պատգամավորները: Մեզ չհաջողվեց ճշտել, թե ընդդիմադիր պատգամավորներից ովքեր են ընդունել Սեյրան Օհանյանի հրավերը:
Արդեն ամսի 14-ին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի խորհրդարանում բավականին պասիվ պատգամավոր, ՀՀԿ-ական Շիրակ Թորոսյանը հայրենասիրության թեմաներով բավական երկար եւ ականջ շոյող ելույթ է ունեցել: Նրան, Բաքու մեկնելուց առաջ, «ձայնակցել» է նաեւ Կորյուն Նահապետյանը: «Ժառանգության» պատգամավոր Թեւան Պողոսյանը նույնպես ետ չի մնացել իր ՀՀԿ-ական գործընկերներից: Հայրենասիրական ճառերի դրդիչը եղել է ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Նաիրա Կարապետյանն էլ Աշոտ Ղուլյանից հետաքրքրվել է` Ստրասբուրգում, եթե Իլհամ Ալիեւը ելույթ ունենա, ինքը հարց տա՞, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ հունիսի 23-ին մեկնարկում է ԵԽԽՎ գարնանային նստաշրջանը: Ի դեպ, ԵԽԽՎ-ում նախագահությունը ստանձնում է Ադրբեջանը: Երկուշաբթի օրը նախատեսված է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի ելույթը, երեքշաբթի օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթը: Մեր տեղեկություններով՝ Ադրբեջանի պատվիրակությունն արդեն իսկ 58 պատգամավորի ստորագրություն է հավաքել եւ առաջարկ է ներկայացնելու ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության լիազորությունները կասեցնելու մասին: Իր հիմնավորումներում Ադրբեջանը Հայաստանին ներկայացնելու է որպես «օկուպանտ» երկիր:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը ձեռնպահ է մնացել ցուցում տալ ՀՀ ԱԺ պատգամավորին, թե ինչպես իրեն դրսեւորի Ստրասբուրգում: Ուշագրավ է, որ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ չի արձագանքել Նաիրա Կարապետյանին՝ լուռ անտարբերության մատնելով հարցը:
Կարդացեք նաև
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
19.06.2014