Լրահոս
Օրվա լրահոսը

«Այդ կետերով հնարավորություն են տալիս ավազակապետությանը շարունակել իր գործունեությունը»

Հունիս 20,2014 14:50

ՀԱԿ նախկին անդամ, «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը կարծում է, որ խորհրդարանական քառյակը փորձում է պատրանք ստեղծել, թե կա շատ լայն համագործակցություն:

– 12 կետերը, որոնք, իբրեւ իշխանություններին ներկայացված պահանջ, հրապարակեցին խորհրդարանական ոչ իշխանական ուժերը` ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», ներկայացվեցին նաեւ իբրեւ միասնական գործողությունների օրակարգ: Քառյակի ներկայացուցիչները պնդում են, որ այդ կետերի իրագործումը էականորեն կփոխի ՀՀ քաղաքացու վիճակը, ինչպես նաեւ երկրում իրավիճակը: Համամի՞տ եք:

– Այստեղ հստակ մեկ խնդիր է քառյակը փորձում լուծել՝ պատրանք ստեղծել, որ կա շատ լայն համագործակցություն չորս խորհրդարանական ուժերի միջեւ, եւ որ դա երկարաժամկետ համագործակցության գրավականն է: Եվ այդ առումով փորձում են այնպիսի ձեւակերպումներ գտնել, որ բավարարի կտրուկ ծայրահեղ մոտեցումից մինչեւ այլընտրանքայինը՝ այսպես կոչված: Իրականում այս 12 կետերը որեւէ բան չեն պարունակում, եւ հասկանալի չէ հատկապես այն ուժերի մոտեցումը, որոնք որակում են գործող իշխանություններին որպես ոչ լեգիտիմ եւ ավազակապետություն եւ օր առաջ պահանջում էին գործող նախագահի հրաժարականը: Այս կետերով նրանք ընդամենը հնարավորություն են տալիս ավազակապետությանը շարունակել իր գործունեությունը: Մի քանի ամիս հանգիստ են թողնում, որպեսզի կարողանան այն հարցերին, որոնք արդեն իսկ օրակարգում են, ինչ-որ լուծումներ տալ:

Մենք բազմիցս հնարավորություն ունեցել ենք տեսնելու, որ որեւէ լուծում չի կարողանում գործող իշխանությունը տալ: Մենք տեսնում ենք համակարգային փոփոխությունների անհրաժեշտություն, եւ, այո, գործող իշխանություններն ի վիճակի չեն երկիրը հանել այս խորը ճգնաժամից: Ոչինչ չասող կետերը, պահանջները իրոք միտված են միայն նրան, որ հասարակության մեջ ստեղծեն այդ պատրանքը: Չեմ կարծում, որ դա ինչ-որ դրական արդյունքի է բերելու քաղաքական դաշտի կայացման առումով: Այսպիսով ամբողջությամբ լղոզվում է ընդդիմադիր քաղաքական դաշտը:

– Կառուցողական դաշտում հանդես գալու եւ էականորեն փոփոխված դիրքորոշմամբ ներկայանալու առիթով լրագրողների տարակուսանքներին եւ մեղադրանքներին ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց, որ իրենք այս փուլում կարեւորել են քառյակի համագործակցության պահպանումը: Ինչեւէ, աշնանը նախատեսվում է համատեղ հանրահավաք եւ արդյունքների ամփոփում: Այդ ժամանակ ակնկալելի՞ են առավել կոշտ քայլեր եւ նախաձեռնություններ:

– Նախ՝ ի՞նչ ասել է համագործակցությունը պահպանելու համար ընդառաջ գնալ եւ զիջել, թուլացնել պահանջները: Այդ նույն տրամաբանությամբ հանգիստ կարելի է համագործակցել իշխանությունների հետ` ասելով, որ մենք մեղմել ենք մեր մոտեցումները, որպեսզի հնարավորություն տանք լայն ֆորմատով իշխանությունների հետ երկիրը հանել այս ճգնաժամից: Թերեւս ավելի ազնիվ, անկեղծ կլիներ:
Ես չգիտեմ` ի՞նչն է պատճառը, որ ինչ-որ քաղաքական ուժերի, որոնք իրենք չեն կարողանում կողմնորոշվել այսօրվա քաղաքական դաշտում… անպայման այդ մարդկանց օգնել, որպեսզի իրենք ինչ-որ ուղղություն բռնեն: Իրենք են որոշողը՝ ի վերջո, եւ իրենց ընտրողները:

Իսկ թե ի՞նչ կլինի սեպտեմբերին… դուք գիտեք, վերջին 22 տարիների ընթացքում քանի հարյուր անգամ մենք լսել ենք` շուտով կլինի հերթական հզոր հանրահավաքը, որը եւ կտա բոլոր հարցերի պատասխանները: Հայ հասարակությունը մնում է սպասող այդ բոլոր պատասխաններին: Այսօր կա հստակ դժգոհություն: Ժողովրդի ճնշող մեծամասնությունը դժգոհ է: Անտանելի է սոցիալական իրավիճակը երկրում: Հասարակությունը հեղափոխական լուծումներ է սպասում ուղղակի, նաեւ ակնկալում է, որ կգտնվեն քաղաքական ուժեր, որոնք ինչ-ինչ խաղեր մի կողմ դրած՝ կուղղորդեն այդ համաժողովրդական ցասումը: Ցավոք, դեռեւ այս պահին այդ ուժը չի երեւում: Մնացածը՝ կապրենք կտեսնենք:

– Բացի որոշակի «թույլ կծոցներից»՝ քառյակի առաջարկները իշխանությունների կողմից հիմնականում գովեստի արժանացան: Քառյակը դրական բնութագրվեց հատկապես գործողությունները կառուցողական դաշտ տեղափոխելու համար: Դրական տոնայնությամբ էր նաեւ նախագահի անդրադարձը 12 կետերին: Սա իշխանությունների հեգնա՞նքն է ընդդիմության նկատմամբ:

– Ոչ: Իշխանությունը իր գոհունակությունն է հայտարարում առ այն, որ ներքին քաղաքական դաշտում իր իրականացրած քաղաքականությունը հաջողություններ է արձանագրում: Իշխանությունն իր մի մասին գործուղեց ընդդիմադիր դաշտ եւ դրանով իսկ կարողացավ ամբողջությամբ տիրապետել թե իշխանական դաշտին, թե ընդդիմադիր քաղաքական դաշտին: Այդ իսկ պատճառով են արձագանքները բավական դրական, որովհետեւ այդ ամենը մտնում է իշխանությունների գծած ծիրին մեջ՝ ինչպես կասեն մեր դաշնակցական եղբայրները:

– Աստանայում, Եվրասիական տնտեսական միության համաժողովում, նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակ խնդրեց մինչեւ հունիսի 15-ը` ԵՏՄ-ին անդամակցելու, իսկ մինչեւ հուլիսի մեկը` Մաքսային միությանն անդամակցության «տեխնիկական հարցերը» կարգավորելու համար: Այդ ժամկետները լրանում են: Կա՞ այն բազան, որ հուլիսի մեկին Հայաստանի` ՄՄ-ին անդամակցության փաստաթուղթը վերջնական տեսքի բերվի:

– Այս գործընթացն ամբողջությամբ ոչ թափանցիկ է ընթանում: Ազգային ժողովն ընդհանրապես որեւէ մասնակցություն չունի, մենք որեւէ փաստաթղթային բազա դեռեւս չենք ստացել, որ քննարկենք` պարզ լինելու համար, թե ո՞ւր ենք գնում, ի՞նչ ենք անում: Իսկ իրականում մի շարք օրենքների փոփոխություններ են ակնկալվում, մի շարք զիջումների մենք պետք է գնանք: Նույնիսկ մեր Սահմանադրությանը, ըստ իմ պատկերացումների, հակասող կետեր են լինելու, որոնք անհրաժեշտ է լինելու խորհրդարանում լուրջ քննարկման առարկա դարձնել եւ ինչու ոչ՝ նույնիսկ Սահմանադրական դատարանի վճիռներ պահանջել:

Իմ ընդհանուր մոտեցումները հայտնի են, ես ընդհանրապես դեմ եմ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությանը: Կապրենք` կտեսնենք, բայց ես նույնիսկ վստահ չեմ, որ մինչեւ հուլիսի մեկն այդ բոլոր փաստաթղթերը պատրաստ կլինեն:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
19.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30