Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեսրոպագիր. Հուշարձանները «փակել» չի կարելի

Հունիս 20,2014 14:57

Երկու համեմատություն

Սոցիալական ցանցերում Ֆուտբոլի աշխարհի առաջնությունից զատ՝ այս օրերին բուռն քննարկման առարկա է դարձել Զվարթնոց տաճարում տեղի ունեցածը. երբ ՀՀ քաղաքացին իր հյուրերի հետ չի կարողացել այցելել տաճար, որովհետեւ ինչ-որ մարդիկ «փակել» են հուշարձանը՝ միջոցառման համար: Ավելին՝ արգելողները եղել են ռուսներ: Այս միջադեպն էլ առիթ հանդիսացավ, որ լրատվամիջոցները հետաքրքրվեն, թե ինչ հիմքերով են միջոցառումների համար հատկացվում պատմամշակութային վայրերը:

… Բալթիկ ծովում գտնվող եւ Շվեդիային պատկանող Էլանդ (շվեդերեն Oland) կղզում երկու շատ հետաքրքիր վայր կա: Մեկը Կարլ 16-րդ Գուստավ թագավորի, ավելի ճիշտ՝ թագավորական ընտանիքի միակ սեփականություն հանդիսացող կալվածքն է՝ ամառային նստավայրը՝ պալատով եւ այգով, մյուսը՝ Բորգհոլմյան ամրոցը:

Երկուսն էլ բաց են զբոսաշրջության համար: Դու կարող ես այցելել թագավորական այգի, իհարկե՝ տոմս գնելով, որից ստացված ամբողջ հասույթն օգտագործվում է կալվածքի ծախսերը հոգալու համար, շրջել ծառուղիներով, հիանալ քանդակներով եւ այլն: Ի դեպ, Կարլ 16-րդ Գուստավը կալվածքի հարեւանությամբ սրճարան է բացել (դա նրա միակ անձնական բիզնեսն է), որի հասույթը նույնպես ուղղվում է կալվածքի պահպանությանը:
Թագավորական ընտանիքը սովորաբար այստեղ հանգստանում է ամռանը, եւ լինում են բախտավորներ, որ կարող են տեսնել նաեւ ճեմող արքային կամ արքայական ընտանիքի այլ անդամների: Դե, իսկ հիմա պատկերացրեք, որ Հայաստանում «օձն իր պորտով, ղուշն իր թեւով» մոտենա որեւէ վայրի, որտեղ իր հանգիստն է անցկացնում իշխող «էլիտան»: Չէ, ես չեմ սխալվել՝ «էլիտա» բառը չակերտների մեջ առնելով: Որովհետեւ իսկական էլիտան հենց նա է, որ իր ապրելակերպը չի թաքցնում հասարակությունից:
Սա առաջին համեմատությունն էր:

Հիմա երկրորդը. 17-րդ դարի կառույց Բորգհոլմյան ամրոցը կիսավերակ է, դրա հսկայական բակում տարեկան մի քանի անգամ որեւէ երաժշտական փառատոն կամ համերգ է անցկացվում: Հունիսի 12-ին մենք՝ հայ, ուկրաինացի եւ բելառուս գործընկերներով այցելել էինք Էլանդ կղզի եւ, բնականաբար, եղանք նաեւ Բորգհոլմյան ամրոցում: Մեր այցելության պահին ամրոցում հարսանիք էր…

… Մի պահ թողնենք Շվեդիան եւ անդրադառնանք Հայաստանին. լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, որ ինչ-որ կազմակերպություն «փակել» է Զվարթնոց տաճարը՝ կորպորատիվ միջոցառման համար (տե՛ս ), իսկ news.am կայքին տված հարցազրույցում էլ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը նշել է, որ նմանատիպ միջոցառումներն օրենքով թույլատրվում են, եւ «հուշարձանը գովազդելու համար քարոզչական եւ հանրահռչակման միջոցառումներ են» (նույն տեղում): Ավելին՝ պաշտոնյան ավելացրել է, որ այդպիսի միջոցառումներ կարելի է կազմակերպել նաեւ Գառնու տաճարում: Երբ այս հոդվածը հրապարակվի, Գառնիում ԿԲ կորպորատիվ միջոցառումն արդեն ավարտված կլինի: Իսկ հուշարձանն էլ, բնականաբար, այդ ժամերին փակված է եղել զբոսաշրջիկների առջեւ:

Հիմա համեմատությունը. երբ մենք այցելեցինք շվեդական Բորգհոլմյան ամրոց՝ այնտեղ հարսանիք էր, սակայն այցելուների համար ամրոցը փակ չէր: Ամրոցի՝ առաջին հարկում գտնվող սրահներից մեկը վերածված էր հարսանյաց դահլիճի, եւ այնտեղ էին հյուրերը ուրախանում: Ավելին՝ մենք անգամ տեսանք եւ ողջունեցինք նորապսակներին, որոնց պսակադրության արարողությունը կատարվել էր ամրոցի մի այլ սրահում՝ երկրորդ հարկում, ընդ որում՝ դա էլ փակ չէր, եւ հենց այդ արարողությունից դեպի դահլիճ իջնող աստիճանների վրա էլ հանդիպեցինք նրանց… Փակ էին միայն հարսանյաց սրահի դռները… Դե, դա բնական է՝ մասնավոր միջոցառում էր…

Ահա սա է Հայաստանում եւ Շվեդիայում պատմական հուշարձաններում անցկացվող միջոցառումների տարբերությունը: Այնտեղ հուշարձանը չեն «փակում» զբոսաշրջիկների առջեւ, ինչ է թե՝ մեկը որոշել է իր հարսանիքը կամ կորպորատիվ միջոցառումն անցկացնել այդ վայրում:

Իսկ մերոնք՝ չէ, մեր մենթալիտետն է էդպիսին. մերոնք հուշարձան «փակող» տղերք ենք, պետք լինի՝ եկեղեցին էլ կփակենք. հիշո՞ւմ եք հայտնի օլիգարխի երեխաների կնունքի համար փակված եկեղեցին (տե՛ս ):

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարում` Շվեդական Բորգհոլմյան ամրոցը:

«Առավոտ» օրաթերթ
19.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30