Լրահոս
Օրվա լրահոսը

Թե ինչպես պարտվեցինք ադրբեջանական քարոզչությանը

Հունիս 20,2014 12:45

Աստանայի «ուղերձը» հնչեց նաեւ Բաքվում`
այս անգամ Լավրովի կատարմամբ

Հանրային հեռուստաընկերությանը հունիսի 17-ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը կրկին անդրադարձել է Աստանայի բազմաչարչար թեմային. «Հայաստանի Հանրապետությունն ունի իր հստակ սահմանները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունի իր հստակ սահմանները՝ այստեղ կասկածելու ոչինչ չկա: Եվ բոլոր այն քաղաքական գործիչները, ովքեր փորձում են մինչեւ վերջ ճիշտ չհասկանալ Լեռնային Ղարաբաղի անկախ լինելու հանգամանքը եւ փորձում են այս թեման դարձնել քննարկումների առարկա, ոչնչով չեն օժանդակում, ընդհակառակը՝ խոչընդոտում են խնդրի լուծմանը եւ հավելյալ վտանգներ են առաջացնում Հայաստանի Հանրապետության համար»:

Որ հայկական կողմի նպատակը աշխարհին Լեռնային Ղարաբաղի անկախ լինելը համոզելն է՝ որեւէ մեկի համար նորություն չէ: Իրավական առումով Սերժ Սարգսյանի ձեւակերպումները միանշանակ ճշգրիտ են: Սակայն ամբողջ խնդիրն այն է, որ եվրասիական ծրագրերին Հայաստանի անդամակցության հարցը հեշտությամբ հայտնվեց ադրբեջանական դիվանագիտական, ապա քարոզչական ծուղակում:

Աստանայում Ադրբեջանի նախագահի նամակի ընթերցումը ադրբեջանական դիվանագիտական-քարոզչական «տրյուկ» էր, որը հիմա էլ է շարունակվում գործածվել: Պաշտոնական այցով Բաքում երեկ գտնվող Ռուսաստանի ԱԳ նախարար Լավրովը կրկնել է այն, ինչ ասել էր շաբաթներ առաջ Նուրսուլթան Նազարբաեւը Աստանայում` Հայաստանը կանդամակցի Եվրասիական միությանը ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: «Ինտեգրացիոն գործընթացներն այսօր տեղի են ունենում այն պետությունների տարածքում, որոնք մաս են կազմում Մաքսային միությանը: Լեռնային Ղարաբաղն այդպիսին չի համարվում, սակայն այն բանակցությունների առարկա է, որն իրականացվում է համաձայնեցված սկզբունքների հիման վրա»,- ասել է Լավրովը: ՌԴ ԱԳ նախարարը նկատել է, որ հայկական կողմը մասնակցում է ինտեգրացիոն գործընթացներին ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով: «Նույնը տեղի է ունենալու նաեւ եվրասիական գործընթացի շրջանակներում»,- հավելել է Լավրովը` նպատակ ունենալով փաստել, որ Եվրասիական միությունը առնչություն չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ:

Սերժ Սարգսյանի պարզաբանումները` Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը առանձին դիտարկելու առումով, անշուշտ, տրամաբանական ու հիմնավորված են: Նույն սկզբունքով էլ Հայաստանը կարող էր նախաստորագրել ԵՄ Ասոցացման պայմանագիրը` առանց ԼՂ-ի մասին որեւէ հիշատակման: Տարբերությունն այն է, որ Ասոցացման համաձայնագրի դեմ հանդես եկողները հասարակությանը ահաբեկում էին, թե եվրոպացիների հրահանգով Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ մաքսակետ է դրվելու, իսկ այժմ նրանք լռում են` եվրասիական ծրագրերի կյանքի կոչման դեպքում նույն «մարտահրավերի» ի հայտ գալու հնարավորության դեպքում:

Ինչ տեղի ունեցավ իրականում… Պաշտոնական Բաքուն մշակեց ու բավական հմտորեն գործի դրեց «Հայաստանի սահմաններ»` առանց Ղարաբաղի» թեման ու կյանքի կոչեց «ռազմավարական դաշնակցի» հովանու ներքո ընթացող միջոցառման ընթացքում՝ Մոսկվայի լուռ համաձայնությամբ Աստանայում հարցը բարձրացնելով Նազարբաեւի միջոցով:

Կանդամակցի՞ Ադրբեջանը Եվրասիական միությանը, թե՞ ոչ՝ դեռ նույնիսկ հստակ չէ: Անդրադառնալով Եվրասիական միությանն Ադրբեջանի անդամակցությանը` Լավրովը Բաքվում նշել է, որ Ադրբեջանին նման պաշտոնական հրավեր չի եղել, սակայն Մոսկվան ուրախ է, երբ իր գործընկերները հետաքրքրվում են եվրասիական տարածքով: Մինչդեռ օրեր առաջ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւը հստակ հայտարարեց, որ Ադրբեջանը կարող է քննարկել Եվրասիական տնտեսական համագործակցության շրջանակներում ինտեգրացիոն գործընթացներին մասնակցելու հարցը, ու հայտնեց, որ Ադրբեջանին հրավիրել են Մաքսային միություն ու Եվրասիական տնտեսական միություն:

Ինչեւէ, Բաքվում կրկին ամրագրվել է մեկ այլ ուշագրավ փաստ` Ռուսաստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են: Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսում հենց սա է շեշտել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

Երկու արտգործնախարարները Բաքվում քննարկել են նաեւ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը: Մամեդյարովը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահը հանդես է եկել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու առաջարկով. «Ներկայումս մենք Ֆրանսիայից ակնկալում ենք ավելի կոնկրետ առաջարկ՝ կապված այդ հանդիպման կազմակերպման հետ»:
Ի՞նչ կհայտարարի Լավրովը Երեւանում` պարզ կդառնա մի քանի օր անց:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
19.06.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. 1988-ի մասնակից says:

    Պարտւեցինք, որովհետեւ մեր ցեղի ոգու բովանդակ ոյժերն
    օգտագործելու փոխարէն հովանաւորներ փնտռեցինք:
    Վաղը կը կորչենք իսպառ – եթէ մնացինք այս մտայնութեամբ: Կը
    փրկւենք, եթէ ազատւեցինք նախապաշարումներից, եթէ փորձեցինք ոտ-
    քի կանգնել, սակայն ոչ արտաքին դրդումով, օտարների ցանկութեամբ,
    այլ մեր ներքին, բնական, անզուսպ մղումով:
    Այսպիսով միայն կազատագրւի եւ կազատւի որեւէ ժողովուրդ:

    Պետութիւնները հաշւի են առնում միջազգային իրաւունքը եւ յար-
    գում իրենց ստորագրած պայմանագրերը քանի դեռ շահում են գոյութիւն
    ունեցող դրութիւնից. սակայն հենց որ մի այլ դրութիւն, հենց որ մի ուրի-
    շի թղթէ բարեկամութիւնը իրենց աւելի շահաւէտ թւաց` նրանք թքում են
    պայմանագրերի վրայ, լքում իրենց նախկին զինակիցներին եւ սպառնում
    աշխարհի խաղաղութեան:
    Այս է իրերի առարկայական դրութիւնը, այս է իրական աշխարհը եւ ոչ
    այն, որի սխալ եւ խաբուսիկ պատկերացումով օրօրւել եւ օրօրւում է մեր
    զգացմունքային ազգը:

    ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ

  2. մարգար says:

    Այս դեպքում Հայաստանին հնարավորություն է տրվում ուղղակի ասելու – Քանի որ Արցախը միջազգային իրավունքի առանձին սուբյեկտ է (իրենք են դա ընդունում!), ապա բարի եղեք իր հետ առնչվող հարցերն իր հետ քննարկելու, այսինքն՝ այն պետք է հանդիսանա բանակցությունների հիմնական կողմ – ադրբեջանի դիմաց: Ինչ որ Արցախը կորոշի եւ կնդունի, ՀՀ-ն կողջունի եւ երաշխավոր կլինի: Իսկ ընդհանրապես՝ վաղուց ժամանակն է Արցախը ճանաչելու ու ՀՀ-ի դիրքորոշումն այդ հիմքի վրա փոխադրելու: Մեր դիվանագիտությունն այդ դեպքում հասկանալի ու որոշակի կդառնա ու միայն կշահի: Ռիսկներն ու վտանգները դրանից չեն փոխվի, իսկ ՀՀ-ին արդեն չեն կարող «օկուպանտ» հայտարարել, գոնե ֆորմալ առումով:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30