Լրահոս
Օրվա լրահոսը

Վաշխառությա՞ն պատճառով է զրկվել բնակարանից

Հունիս 19,2014 20:46

Երեք տարի առաջ ՀՀ քաղաքացի Գայանե Թումասյանը Փարաքար գյուղում ուներ երեք հարկանի առանձնատուն, սակայն իր ամուսինը՝ Լուսաբեկ Սամվելյանը, Քաղավիացիայի նախկին պատասխանատու  Հովհաննես Երիցյանից 10 տոկոս տոկոսադրույքով գրավ է վերցրել, եւ տիկին Թումասյանի խոսքով՝ վերջինս էլ պարտադրել է առք ու վաճառքի գործարք կատարել:

«Ես այդ ժամանակ կորցրել եմ 19 տարեկան որդուս, որը թողել է դեռ չծնված 3 ամսական հղի կնոջը, երեխային չի էլ տեսել: Այդ պայմաններում ծնվել է երեխան եւ 3 տարի ինձ հետ է ապրել: Ես խնդրեցի այդ մարդուն, որ ինձ ինչ-որ մի ձեւ օգնի, գումար տա, որ ես այդ երեխայի համար տուն գնեմ, ինքը ինձ խաբեց, թե Մոսկվայում է, կգա, ինձ առանց տուն չի թողնի»,- Aravot.am-ին պատմեց տիկին Թումասյանը:

Նա նշեց, որ այս գործով դիմել է Արմավիր մարզի առաջին ատյանի դատարան, սակայն դատարանը մերժել է իր հայցը, որից հետո տիկին Թումասյանը դիմել է Վերաքննիչ դատարան, որը բավարարել է եւ գործն ուղարկել հետաքննության, որտեղ էլ հայցը կրկին մերժվել է: Գործը հիմա գտնվում է Վերաքննիչ դատարանում.

«Եւ այսպես երեք տարի այս դատարանից այն դատարան: Ճիշտ է, այն, ինչը ես կորցրել եմ, երբեք հետ չեմ բերի, բայց այսօր ես մեծ պատասխանատվություն եմ կրում այդ փոքր երեխայի համար: Շատ դժվար է այդքան ունեցվածքից հետո մնալ անտուն»:

Գայանե Թումասյանը ներկայումս վարձով է բնակվում, չի աշխատում, իսկ իր ամուսինը գտնվում է Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում: Տիկին Թումասյանն ասաց, որ ամուսինը երկար ժամանակ վճարում էր տոկոսները, սակայն երեք ամիս չվճարելուց հետո՝ Հովհաննես Երիցյանը ժամանակ է տվել նրանց, որ ազատեն առանձնատունը: Նա հիշեց, որ ամուսինը այդ գումարով ցանկանում էր բազմահարկ շենք կառուցել, սակայն այդ աշխատանքները թերի են մնացել.

«Եթե գործարքը կատարվեր գրավի ձեւով, ես այդտեղ կապրեի, բնակարանը կվաճառեի, այդ մարդու գումարը կտայի, իմ երեխային մի անկյուն կառնեի»:

Գայանե Թումասյանի պնդմամբ ներկայումս Հովհաննես Երիցյանը իր կնոջ հետ Փարաքարում գտնվող այդ առանձնատանն է ապրում: Նա նշեց, որ Հովհաննես Երիցյանի սանիկ Վահե Վարդանյանը միջնորդն է եղել եւ գրավի տաս տոկոսից բացի վերցրել է նաեւ 10 տոկոս միջնորդավճար: Տիկին Թումասյանի խոսքերով՝ կա նաեւ նոտար, ում հետ Հովհաննես Երիցյանը համագործակցում է.

«Նոր Նորքի նոտար Նոնա Գասպարյանն է (ոչ միայն իմ տան պահով. ես էլի մարդիկ գիտեմ՝ իմ նման տուժած), նույն նոտարի միջոցով են գործարքը կատարում: Եւ իրենք ամուսնուս շեշտել են՝ դու խնդիր չունես, մարդ կա, առանց կնոջդ գործարքը կկատարենք»:

Նոտար Նոնա Գասպարյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ չի ճանաչում Հովհաննես Երիցյանին, սակայն նաեւ չբացառեց նրա հետ գործարք կնքելու հավանականությունը: Նա հայտարարեց, որ գործարք կատարելու ժամանակ Գայանե Թումասյանի ամուսնուն հարցրել է՝ արդյո՞ք ամուսնացած է, նա էլ պատասխանել է՝ ո՛չ.

«Ես որտեղից իմանամ ամուսնացա՞ծ է, թե՞ ոչ, իսկ ամուսնացած լինելու վերաբերյալ որեւէ մարմնից չենք կարող տեղեկատվություն հավաքել, որովհետեւ նրանք կարող էին ամուսնանալ աշխարհի ցանկացած կետում: Իր գործն գտնվում է դատարանի վարույթում, դատարանն էլ կորոշի՝ վաշխառություն եմ արել, եթե վաշխառություն եմ արել, թո՛ղ պատժի»:

Հիշեցնենք՝ Հովհաննես Երիցյանը հայտարարել էր, որ Լուսաբեկ Սամվելյանը ստել էր իր ամուսնական կարգավիճակի մասին՝ հայտարարելով, որ ամուսնալուծված է: Իսկ երբ բացահայտել է, որ նա կին ունի, կինը՝ Գայանե Թումասյանը, խոստանալով երկու օրից տունն ազատել, կլորիկ գումար է պահանջել իրենից:

 

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30