Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Զուրաբյան. «Սահմանադրական դատարանի որոշումը խրատ չեղա՞վ ձեզ համար»

Հունիս 19,2014 20:25

Այսօր ԱԺ-ում քննարկվեց պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքը:

Նոր, «բարեփոխված» օրենքը ներկայացրեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Ըստ նրա, օրենքը պարտադիր է լինելու պետական աշխատողների համար եւ կամավոր՝ մասնավոր աշխատողների համար:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի դիտարկմամբ՝ «Չե՞ք կարծում, որ այս նոր օրենքում մոդելի փոփոխություն չկա, մնացել է նույնը: Եվ եթե պետական 65 հազար աշխատողներին է սա վերաբերվելու, չե՞ք կարծում, որ կա ե՛ւ ոլորտային, ե՛ւ տարիքային խտրականություն»:

Ըստ պատգամավորի, անունը փոխելով եւ դնելով սոցիալական վճար, խնդիրները եւ մտահոգությունները չեն վերանում. «Աղքատության ցուցանիշը հաշվի առնելով՝ հիմա պատեհ պահ չի սրա համար: Բացի այդ, նոր այս տարբերակով երկար փողեր ստանալու հարցը չի լուծվում, արժանապատիվ կենսաթոշակ ստանալու հարցը չի լուծվում»:

Արտեմ Ասատրյանի խոսքերով՝ եթե ունենք այսօր աղքատության բարձր մակարդակ, առաջին հերթին բյուջեի եւ պետության բոլոր հնարավորությունները ուղղված են այդ մակարդակի բարձրացմանը. «Հասկանալի է, որ աղքատության  կրճատման համար առաջին պայմանը տնտեսական զարգացումն է, եւ այդ առումով այս համակարգի ներդրումը, եթե կարճաժամկետում չունենա դրական ազդեցություն, միջնաժամկետում դրական ազդեցություն է ունենալու»:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հարցրեց. «Եթե ես, ասենք, դիմում եմ գրել, դուրս եմ եկել պարտադիր այս կուտակային ծրագրից, պետբյուջեից շարունակո՞ւմ են իմ հաշվին այդ գումարները տեղադրել»: Նա նաեւ հետաքրքրվեց տարբերություն կա՞ Տիգրան Սարգսյանի ներկայացրած տարբերակի եւ օրենքի այս տարբերակի միջեւ. «Ես չեմ հասկանում՝ Սահմանադրական դատարանի որոշումը խրատ չեղա՞վ ձեզ համար, ակնհայտ խախտումը չե՞ք տեսնում, դրա համար հատուկ փորձագետնե՞ր են պետք: Թե՞ դուք կարծում եք, որ միեւնույն է, ՍԴ-ն գտնվում է ձեր գրպանում, այս անգամ այդ խտրականությունը դատարանն այլեւս հակասահմանադրական չի համարի»:

Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Օրենքի նախագծում արձանագրված է, որ այն անձինք, ովքեր որոշում կայացնեն մասնակցել այս համակարգին, նրանց համար այդ վճարումը կկատարվի: Այդ առումով, կարծում եմ, եթե առաջարկություն ներկայացնեք, լրացուցիչ կնայենք, բայց ամրագրված է այդպես: ՍԴ-ի որոշման մեջ արձանագրված խնդիրներից մեկն այն էր, որ կատարվող վճարումները անմիջապես գնում էին ֆոնդերին, կառավարիչներին, որ նայեք երաշխիքներին եւ դրանց վերահսկելիության առումով խնդիր էր արձանագրել ՍԴ-ն: Այս դեպքում սահմանելով սոցիալական վճար, որոնք կատարվում են պետական բյուջե, սա նշանակում է, որ այդ խնդիրները լուծվում են եւ դա բավականին դրական փոփոխություն է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30