Լրահոս
Օրվա լրահոսը

Արչիլ Չկոիձեն կոչ է անում Վրաստանին ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Հունիս 19,2014 20:03

«Եվրասիական ընտրություն» դաշինքի և «Իրակլի Երկրորդ» հասարակական կազմակերպության ղեկավար Արչիլ Չկոիձեն կոչ է անում Վրաստանին ճանաչել և դատապարտել Հայոց ցեղասպանությունը. «Ես՝ որպես Վրաստանի քաղաքացի, իսկապես ամաչում եմ, որ Վրաստանը ժամանակին ճանաչեց չերքեզների ցեղասպանությունը, որն աշխարհում ոչ մի երկիր չի ճանաչել, որովհետև դեռ հարց է՝ եղե՞լ է չերքեզների ցեղասպանություն, թե՞ ոչ, իսկ Հայոց ցեղասպանության փաստը շարունակում է անտեսվել վրացական իշխանությունների կողմից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ իր վրդովմունքն այսպես արտահայտեց Ա. Չկոիձեն:

Նրա խոսքով՝ իրենց կազմակերպությունն առաջինն է Վրաստանում բարձրացրել Հայոց ցեղասպանության դատապարտման հարցը, որովհետև դա առաջին հերթին անհրաժեշտ է նման վայրագ քայլերի կրկնվելուց խուսափելու համար. «Այն, որ ցեղասպանությունը ժամանակին պատշաճ կերպով չդատապարտվեց միջազգային հանրության կողմից, առիթ դարձավ, որ հիտլերյան Գերմանիան նույնը կիրառի հրեաների նկատմամբ,- ասում է Ա. Չկոիձեն,- հետևաբար, աշխարհի բոլոր երկրները պիտի դատապարտեն ցեղասպանությունը, իսկ վրաց ժողովուրդը ցեղասպանությունը պիտի ընկալի ոչ միայն որպես հարևան երկրի, այլ նաև քրիստոնյա ազգի ցեղասպանություն»:

Բանախոսն անդրադարձավ նաև Վրաստանում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայատյաց տրամադրությունների ստեղծմանը. «Թուրքերն ու ադրբեջանցիները կարողացան այնպես անել, որ Վրաստանում ոչ միայն առանձին քաղաքական գործիչներ, այլև իշխանության որոշ ներկայացուցիչներ թույլ են տալիս, որ Վրաստանում կեղծվի հայ-վրացական հարաբերությունների պատմությունը,- ասում է «Իրակլի Երկրորդ»-ի ղեկավարը,- շատ ծիծաղելի է, որ Վրաստանում մի շարք պատմագետներ խոսում են վրաց-ադրբեջանական դարավոր բարեկամության մասին, այն դեպքում, երբ Ադրբեջանը հարյուր տարի էլ չկա, որ գոյություն ունի որպես պետություն և որպես ազգ, հետևաբար, նման բարեկամություն լինել չէր կարող»:

Ա. Չկոիձեն ասում է, որ Վրաստանում հաճախակի են անցկացվում միջոցառումներ, որոնք ձգտում են վառ լույսի տակ ներկայացնել վրաց-թուրքական հարաբերությունները, ներկայացնել դրանք որպես բարեկամական. «Բայց իրականությունն այն է,- ասում է նա,- որ թեև օսմանները մեկ տարում մեկ ու կես միլիոն վրացի չեն ոչնչացրել, բայց մի քանի հարյուրամյա հարևանության ընթացքում ոչ միայն վերացրել են բազմահազար վրացիների, այլև տիրացել են Վրաստանի պատմական տարածքներին: Այս ամենից բացի, կա նաև այն փաստը, որ Վրաստանի և Թուրքիայի միջև «ստրկացնող» պայմանագրեր կան. Վրաստանը, օրինակ, Թուրքիայի տարածքով բեռներ փոխադրելիս շատ մեծ մաքսային տուրք է մուծում, իսկ Թուրքիան գրեթե ոչինչ չի տալիս Վրաստանին նրա տարածքով բեռներ փոխադրելիս:

Բացի այդ, Թուրքիայում արգելված է վրացալեզու գրականության մուտքը, այնտեղ բնակվող մահմեդականացած վրացիներին պետականորեն արգելված է վրացերենի ուսուցումը: Եվ դա այն դեպքում, երբ Վրաստանում ստեղծված են բոլոր պայմանները թուրքերենի ուսուցման համար»:

Բանախոսը գտնում է, որ Թուրքիայի նման ագրեսիվ գործունեությունը վտանգավոր է ոչ միայն Վրաստանի կամ Հայաստանի, այլև ողջ տարածաշրջանի համար:

Ինչ վերաբերում է երկրների դրացիական կապերին, նա կարծում է, որ Վրաստանը կարող է բարեկամական հարաբերություններ ունենալ իր բոլոր հարևանների հետ, բայց այդպիսի հարաբերություններ առաջին հերթին պիտի հաստատի հարևան քրիստոնյա երկրների՝ Ռուսաստանի ու Հայաստանի հետ:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30