Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ խորհրդարանականների պատվիրակությունը Չեխիայում է

Հունիս 19,2014 19:22

Հունիսի 16-18-ը Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Կարել Շվարցենբերգի հրավերով աշխատանքային այցով Պրահայում էր գտնվում ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը` հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանի (ՀՀԿ խմբակցություն) գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին հանձնաժողովի անդամներ Նիկոլ Փաշինյանը (ՀԱԿ խմբակցություն) և Էդմոն Մարուքյանը (անկախ պատգամավոր):

Հայ խորհրդարանականների պատվիրակությունը հանդիպումներ ունեցավ պատգամավորների պալատի նախագահ պարոն Յան Համաչեկի հետ, խորհրդարանի արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերի հանձնաժողովներում, ինչպես նաև Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի անդամների հետ՝ խմբի նախագահ, սոցիալ-դեմոկրատ Ռոբին Բյոհնիշի ղեկավարությամբ:

Հանդիպումներ եղան նաև Չեխիայի Սենատի փոխնախագահ Զդենեկ Շկրոմախի, Չեխիայի նախագահի աշխատակազմի արտաքին հարաբերությունների վարչության պետ Հինեք Կմոնիչեկի և Չեխիայի փոխարտգործնախարար Կարել Բորուվկայի հետ:

Պատվիրակությունն այցելեց «Ազատություն» ռադիոկայանի կենտրոնակայան, ուր պատգամավորները մասնակցեցին հայկական ծառայության կողմից կազմակերպված քննարկմանը: Հայ խորհրդարանականները մասնակցեցին Պրահայում Երուսաղեմի օրերի բացման արարողությանը, ուր հրավիրվել էին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը հանդիսանում է Հայաստան-Իսրայել միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար:

Հանդիպումների ընթացքում քննարկվեցին խորհրդարանական համգործակցության ընդլայնմանն ու զարգացմանն առնչվող հարցեր, Հարավային Կովկասի տարածաշրջանին վերաբերվող խնդիրներ:

Հայ պատգամավորները բարձր գնահատեցին չեխական կողմի հավասարակշված մոտեցումները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի առնչությամբ` մասնավորապես ընդգծելով չեխ գործընկերների այն համոզմունքը, որ հարցը պետք է կարգավորվի միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ:

Հայկական կողմը մտահոգություն հայտնեց վերջին շրջանում Ադրբեջանի ռազմատենչ հռետորաբանության ակտիվացման և հրադադարի ռեժիմի խախտման հաճախակի դեպքերի առնչությամբ` նշելով, որ պատերազմական գործողությունների վերսկսման դեպքում Հայաստանի զինված ուժերը և ԼՂՀ պաշտպանական բանակը պատրաստ են արժանի հակահարված տալ հակառակորդին:

Հայկական պատվիրակությունը մանրամասն տեղեկություններ ներկայացրեց հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակի մասին` նշելով, որ 2009թ. ցյուրիխյան արձանագրությունները վիժեցվել են Թուրքիայի ղեկավարության կողմից:

Անդրադառնալով Հայաստանի մասնակի շրջափակմանը` կողմերը համակարծիք էին, որ 21-րդ դարում փակ սահմաններ չպետք է լինեն:

Հանդիպումների ժամանակ երկուստեք շեշտվեց Արևելյան գործընկերության շրջանակներում Հայաստան-ԵՄ հետագա համագործակցության զարգացման անհրաժեշտությունը` նաև հաշվի առնելով նոր իրողությունները, մասնավորապես Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու որոշումը, որը կարող է բավականին հեռանկարային լինել տնտեսական առումով:

Չեխ պաշտոնյաները նշեցին, որ ուշադրությամբ հետևում են Հայաստանում ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների, քաղաքացիական հասարակության զարգացման գործընթացներին և կարող են փաստել դրանց դրական արդյունքները: Միաժամանակ նրանք ողջունեցին հայկական կողմի վճռականությունը` շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները երկրում և պատրաստակամություն հայտնեցին կիսելու այս բնագավառի չեխական ոչ վաղ անցյալի հարուստ փորձը:

Հայ խորհրդարանականների պատվիրակության ղեկավար Արտակ Զաքարյանը պատգամավորների պալատի ղեկավարին հանձնեց ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի՝ Հայաստան այցելելու հրավերը, որը սիրով ընդունվեց:

 

ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30