Այսօր կառավարությունը
մերժել է «Օրինաց երկիր» ԱԺ խմբակցության պատգամավորներ Հեղինե Բիշարյանի, Հովհաննես Մարգարյանի, Լեւոն Դոխոլյանի` «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Ընդ որում, այս նախագիծը մի քանի տարի է շրջանառության մեջ է, կառավարությունն անընդհատ դիտողություններ է արել, պատգամավորներն էլ կառավարության դիտողությունները հաշվի են առել, նախագծում շտկումներ են կատարել եւ նորից ներկայացրել կառավարության հաստատմանը, բայց այն մերժվեց:
Արդյո՞ք այս նախագծի մերժումը կապված է ՕԵԿ-ի կառավարության հետ կոալիցիայից դուրս գալու հետ, Aravot.am-ի այս հարցին Հեղինե Բիշարյանն ասաց. «Կոլիացիայից դուրս գալու հետ ե’ւ կապում եմ, ե’ւ չեմ կապում: Մինչ մերժումը հետաձգում էին, հիմա մերժեցին, նշանակում է, որ նման միտում կա, որպես ընդդիմադիր խմբակցության»:
Այս նախագծով, ինչպես տիկին Բիշարյանը ներկայացրեց, առաջարկվում էր ստեղծել անկախ հանձնաժողով հաշմանդամության կարգ սահմանելու համար: «Ես գտնում եմ, որ այդ աջակցության կենտրոնը մեր երկրում պետք է լինի, որովհետեւ այսօր հաշմանդամության տարբեր կարգեր ունեցող քաղաքացիները ունենում են բազմաթիվ խնդիրներ կարգերը ստանալու համար: Հանձնաժողովը պետք կազմված լիներ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից, ՀՀ նախագահը պետք է ձեւավորեր այդ խորհուրդը եւ պետք է նախագահին կից գործեր`իր վերահսկողության ներքո: Այդ հանձնաժողովը որոշում էր կայացնելու կարգերի մասին: Այսինքն` եթե որեւէ մեկի ձեռքը կամ ոտքն անդամահատված է, ու ներկայումս նման մարդկանց 3 տարին մեկ նորից կանչում են հաշմանդամության կարգը տալու համար ու սուբյեկտիվ մոտեցումներ են լինում, այս նախագծով հաշմանդամները զերծ կմնային բյուրոկրատական քաշքշուկներից, կոռուպցիայից: Մարդը կգնար կենտրոն ու կլուծեր իր խնդիրը, այլեւս որեւէ մեկը չէր ասի` այսքան փող տվեք, որ նորից հաշմանդամության կարգ տանք, որովհետև հանձնաժողովում կլինեին այնպիսի անձինք, որոնք անշահախնդիր են եւ հաշմանդամության խնդիրներով զբաղվող կազմակերպություններից են»,-նախագծի ընդունման անհրաժեշտությունն այսպես հիմնավորեց ՕԵԿ պատգամավորը:
Տիկին Բիշարյանի խոսքերով` «Վերջապես մեղք են այդ մարդիկ, կան հիվանդություններ, որոնց դեպքում պետք է այլեւս դադարել նրանց ստուգելու կանչել, որպեսզի կարգ տան ու թոշակ նշանակեն: Չեմ հասկանում` ինչո՞ւ են մերժել, գուցե` ինչպես հիմա է լինում, ԱԺ արտահերթ նիստով բերում են նախագծեր, որ անցկացնեն, կառավարությունը գուցե մաքրում է կուտակվածը ու արագ-արագ լուծումներ են տալիս նախագծերին: Նախկինում էլ, որպես կոալիցիայի անդամ, խոսել ենք, որ նախագծերը ուշ-ուշ են դառնում օրենքներ»:
ՕԵԿ-ի նախաձեռնության վերաբերյալ կառավարությունը վստահեցրել է, որ պատգամավորների` հաշմանդամների խնդիրների վերաբերյալ մտահոգությունները կիսում է, բայց, այնուամենայնիվ, ընդունման ենթակա չէ: Կառավարությունը նշել է, որ իրենք էլ նման մի նախագիծ ունեն, որտեղ ՕԵԿ-ի մտահոգություններն արտացոլված են:
Ուշագրավ մի հիմնավորում է ներկայացնում կառավարությունը ՕԵԿ-ի առաջարկած հանձնաժողովը ՀՀ նախագահի վերահսկողության տակ լինելու առնչությամբ. ըստ կառավարության, «Նշված հանձնաժողովի կազմի եւ աշխատակարգի հաստատումը վերապահվում է Հայաստանի Հանրապետության վարչապետին»: Այսինքն, կառավարությունը չուզեց իր լիազորության տակ գտնվող մարմինը հանձնել ՀՀ նախագահին:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Հաշմանդամ ազգերը երբեք չեն փրկվում հաշմանդամ իշխանություններից:Ահա թե որտեղ է խնդիրը: