Գյումրիում 432 անօթևան ընտանիքի համար նախատեսված բնակարանաշինության դադարեցումը մեծ վրդովմունք է առաջացրել անօթևանների շրջանում: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի անմիջական հրահանգով Շիրակի մարզպետարանի ու Գյումրիի քաղաքապետարանի պաշտոնյաները Գյումրին ազատում են տնակներից, այսպիսով նորակառույց Մուշ 2 թաղամասում բնակարան ստացածներին ստիպելով տեղափոխվել իրենց տները: Սակայն, տնակներից հանել են նաև այն 432 անօթևաններից շատերին, որոնց կառավարությունը խոստացել էր դեռևս 2012 թվականին ապահովել բնակարաններով:
Այժմ էլ Գյումրիում դադարեցրել են բնակարանաշինությունը` փաստացի խաբելով այս մարդկանց ու նրանց փողոցները գցելով:
Նրանցից մեկը` Նոռա Խաչատրյանը, մեզ հետ զրույցում վրդովված ասաց. «Ես այս 432 անօթևանների հերթացուցակում եմ, տնակում եմ ապրում, բայց վարձով եմ ապրում ու գիտեք, փոքր հավաբնին տալիս եմ 10 հազար դրամ, ի վիճակի էլ չեմ աշխատելու, սաղ գազին, լույսին, ջրին ենք տալիս… Ես գնացել եմ քաղաքաշինության նախարարություն, ասել են` սպասի հերթդ կհասնի, կստանաս, բայց հերթս եկել, անցել է, սայլը տեղից չի շարժվում, ոնց որ լինի կարապի, խեցգետնի ու գայլաձուկի պատմությունը: Ես որոշել եմ, չգիտեմ անօթևաններից ինձ ով կմիանա, բայց ես անլեգալ պետք է անցնեմ Թուրքիայի սահմանը `թշնամի պետության, ամբողջ աշխարհով մեկ ասում են եղեռն է եղել, թուրքերը հայերին ջարդել են, իսկ հիմա մեր ղեկավար մարմիններն են մեզ ջարդում, նույն եղեռնն են անում մեր գլխին…Անցնելու եմ Թուրքիա, էնտեղ եմ խնդրելու ապաստան, հայկական անձնագիրս պիտի ճղեմ հենց սահմանի վրա, ասելու եմ` հանձնվելու եմ, խնդրում եմ ինձ տվեք ձեր մոտ օթևան, որ մեր կառավարությունը մի քիչ ամոթ զգա գոնե: Երևի գյումրեցիներից ոմանք պարոն Սերժին չընտրեցին, նա էլ բնակարանաշինությունը դադարեցնելով ուզում է ոխ հանել գյումրեցիներից»:
Փողոցում հայտնված անօթևան Օֆիկ Մխիթարյանն էլ չկարողացավ խոսել, լաց էր լինում: Տիկինն ասաց, որ իրենց ֆուտբոլի գնդակի պես պաս տվեցին ու քցեցին: «Ամբիոնից նախագահն ասում է` բոլորիդ կողքը կանգնած եմ, սա է հա՞ քո կողքը կանգնելը»,- վրդովված ասաց տարեց կինը:
Մանրամասները` տեսանյութում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ճիշտ են անում, թող սահմանները բացեն ու փրկեն հայերին ղարակլանից:
Այս այն բացմաթիվ դեպքերից է, երբ մարդկանց հետ վարվում են այնպես՛ ինչպես կվարվեն ոխերիմ թշնամու հետ: Էս ինչ օրն են գցում մարդկանց: Ու եթե իսկապես թքեն ու հեռանան երկրից դրա միակ մեղավորը կլիներ իշխանություններ կոչվածը: