Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի վարչապետը բերքահավաքի ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել

Հունիս 19,2014 17:46

Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանն այսօր բերքահավաքի աշխատանքների ընթացքի վերաբերյալ հրավիրել է խորհրդակցություն, որին մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, գյուղատնտեսության նախարար Անդրանիկ Խաչատրյանը, կառավարության աշխատակազմի ղեկավար Լևոն Գրիգորյանը և շրջվարչակազմերի ղեկավարները:

Ա. Հարությունյանը, նախ, շրջվարչակազմի ղեկավարներից հետաքրքրվել է բերքահավաքի ընթացքի, խոտի մթերման, ինչպես նաև առկա խնդիրների մասին:

Այնուհետև գյուղնախարար Ա. Խաչատրյանը բերքահավաքի աշխատանքների վերաբերյալ հանդես է եկել ամփոփ զեկույցով: Նրա խոսքով՝ հանրապետության տարածքում այս տարվա մշակված ավելի քան 62 հազար հեկտար հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածություններից ընդհանուր առմամբ արդեն կատարվել է շուրջ 11 հա գարու և ցորենի հունձ: Բերքատվության միջին ցուցանիշը, ըստ նախարարի, ներկա դրությամբ, կազմել է հեկտարից 9.8 ց՝ այդ թվում՝ գարու միջին բերքատվությունը՝ 8.9 ց, իսկ ցորենինը՝ 13.6 ց: Նա ընդգծել է, որ բերքատվության մակարդակն աճելու միտում ունի, և տարվա վերջնական ցուցանիշը, ի համեմատ ներկա միջանկյալի, ավելի բարձր է ակնկալվում: Նախարարի խոսքով, երաշտը մեծ վնաս է հասցրել դաշտերին. այդ պատճառով այս տարի հացահատիկայինների մասով կանխատեսվում են բերքատվության ցածր ցուցանիշներ՝ նախորդ տարվա համեմատ:

Ըստ զեկույցի՝ դաշտերում ներկայումս աշխատում է 192 կոմբայն, և բերքահավաքի աշխատանքներում գյուղտեխնիկայի խնդիր չկա:

Ա. Խաչատրյանը զեկուցել է նաև ձևավորված գների մասին՝ նշելով, որ, մասնավորապես, ցորենը դաշտում արտադրողից գնում են կիլոգրամը 145 դրամով, իսկ տեղափոխման դեպքում ալրաղացների և այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից ընդունվում է 150 դրամով և ավելի բարձր գներով՝ կախված ցորենի որակից: Վարչապետը հանձնարարել է վերահսկել գործընթացը և խնդիրների դեպքում օպերատիվ արձագանքել:

Խորհրդակցության ընթացքում Ա. Հարությունյանը, անդրադառնալով զոհված ազատամարտիկների ընտանիքների բնակարանային բարելավման հիմնախնդիրներին, նշել է, որ բարերար Վարուժան Գրիգորյանի կողմից 150 մլն. դրամ է հատկացվել այդ նպատակով: Վարչապետը հանձնարարել է շրջվարչակազմերի ղեկավարներին ըստ առաջնահերթության վերջնականացնել կարիքավոր ընտանիքների ցանկերը և զբաղվել աջակցության հատկացմամբ: Գործադիրի ղեկավարը հավելել է, որ ծրագրի ավարտին իր վերահսկողական ծառայությունը համապատասխան ստուգումներ է անցկացնելու գումարների նպատակային օգտագործման ուղղությամբ:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30