Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ավետիք Իշխանյան. «Եվ-եւ»-ը վերածվեց «ոչ-ոչ»-ի»

Հունիս 19,2014 16:41

«Երաշխիքներ կարող են լինել այն պետության մեջ, որը իրավական է: Այս տեսանկյունից ՌԴ-ն հեռու է իրավական պետություն լինելուց»,-Aravot.am-ի հարցին` ի՞նչ երաշխիքներ, որ ՀՀ-ի`Եվրասիական միության անդամակցության դեպքում հայաստանցի միգրանտներն այնպիսի արտոնություններ կստանան, ինչ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները, այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը:

Հիշեցնենք, որ հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հերմինե Նաղդալյանը հայտարարել էր. «Հայաստանցի միգրանտները Ռուսաստանում այնպիսի արտոնություններ կստանան, ինչպիսիք ունեն Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների քաղաքացիները»: Սակայն արդեն Ռուսաստանում հայ միգրանտները խնդիրներ ունեն` կապված ՌԴ-ի տնտեսական վիճակի վատթարացմամբ. միգրանտներից 200 հազարը հայտնվել է գործազուրկի կարգավիճակում:
Անդրադառնալով Հերմինե Նաղդալյանի հայտարարությանը` պարոն Իշխանյանը նկատեց. «Հերմինե Նաղդալյանի խոսքը դեռ ցանկությունների ոլորտից է: ՀՀ-ն Եվրասիական միության անդամ չէ, եւ եթե այդ միության երկրների քաղաքացիների համար հստակ կա օրենսդրության տարբերություն այլ միգրանտների հետ համեմատած, ապա Հայաստանի պարագայում դա դեռ բանավոր խոստումների մակարդակում է: Խորհուրդ կտայի ՀՀ իշխանավորներին` մինչև հստակ չլինի օրենսդրությունը, հայտարարություններ չանել: Փաստն այն է, եթե այդ օրենսդրությունը կա եվրասիական պետությունների համար, ՀՀ-ի համար չի գործում, քանի որ ՀՀ-ն միության անդամ չէ ու կասկածելի է անդամ դառնալուց հետո ինչպե՞ս կվարվեն հայ քաղաքացիների, միգրանտների հետ: ՌԴ-ն հեռու է իրավական պետություն լինելուց, և ցանկացած ժամանակ Հայաստանից ինչ-ինչ զիջումներ կորզելու համար այդ երկիրը կարող է որպես դոմոկլյան սուր պահել ՀՀ միգրանտների խնդիրը»:

Պարոն Իշխանյանն այս առիթով հիշեց, թե տարիներ առաջ, ինչպես Տաջիկստանը բաց թողեց թմրամիջոցների տեղափոխման մեջ կասկածվող ռուս օդաչուին, երբ նրա ձերբակալումից հետո որպես պատասխան Ռուսաստանը սկսեց տաջիկ միգրանտներին անօրինական ձևով հետ վերադարձնել Տաջիկստան: Եվ դա մի լծակ էր, որ կիրառվեց Տաջիկստանի իշխանությունների հանդեպ, ու նրանք ստիպված բաց թողեցին կասկածյալին, որը կարող էր հանցագործ լինել:

Ավետիք Իշխանյանը կարծում է, որ հայ միգրանտների խնդիրը հավանաբար Ռուսաստանի ինչ-ինչ մտայնությունների արդյունք է:

Մեր հարցին` ինքն է՞լ է այն կարծիքին, որ Եվրասիական միությունում մեզ այլևս չեն էլ սպասում, Ավետիք Իշխանյանը պատասխանեց. «Ես դեմ եմ եղել Եվրասիական միություն մտնելուն, համոզված եմ, որ ՀՀ ինքնիշխանության և անկախության վերջին սկիզբը կարող է դա լինել: Բայց իշխանության կողմից ես հիմնավոր բացատրություն չեմ ստացել, թե ինչու ենք մտնում: Ոչ հրապարակային իշխանության ներկայացուցիչները շշնջում են, թե դա կապված է ՀՀ անվտանգության հետ` մեջտեղ բերելով ղարաբաղյան խնդիրը: Հարց է առաջանում` ուրեմն ՀԱՊԿ-ը անվտանգության երաշխիք չէ, հայ-ռուսական հարաբերությունները, ռուսական բազայի և ռազմական դաշինքը երաշխիք չէր, երաշխիք է Եվրասիական միություն մտնելը, որտեղ երեք պետություններից մեկը մեր հակառակորդի դաշնակիցն է, մյուսը` Բելառուսը, չէի ասի, որ ավելի շատ ՀՀ դաշնակիցն է, քան Ադրբեջանի, իսկ հիմնական խաղացողը` ՌԴ-ն, որ մեր դաշնակիցն է համարվում, Ադրբեջանին շարունակում է զենք վաճառել: Անհայտ է, թե Ղարաբաղի հարցը ինչպես է լինելու այդ միության մեջ, երբ ՀՀ-ն անդամակցել է մի շարք միջազգային կազմակերպությունների, բայց ոչ մի տեղ ղարաբաղյան հարցը այնպես չեն բարձրացրել, ինչպես Աստանայում»:

Հետաքրքրվեցինք` փաստորեն «և-և»-ի քաղաքականությունը վերածվեց ոչնչի` կորցրինք Եվրամիության հեռանկարը, Եվրասիական միությունում էլ գրկաբաց մեզ չեն ընդունում, պարոն Իշխանյանը պատասխանեց. «Դա մեր փրկությունը կլինի: Միայն այն, որ ՀՀ-ն հայտնվել է խորթ զավակի կարգավիճակում. մեր հիմնադիր անդամ լինելուն դիմադրեցին և հիմա էլ չեմ բացառում, որ Բելառուսն ու Ղազախստանը կխոչընդոտեն ՀՀ անդամակցությանը: Փաստորեն ոչ ՀՀ իշխանությունների կամքով «և-և»-ը վերածվեց «ոչ-ոչ»-ի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30