Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտանեկան բիզնես ունեցողներին ազատում են հարկից. կառավարության նոր առաջարկը

Հունիս 19,2014 15:56

Այս պահին ԱԺ-ում քննարկվում է «Շրջանառության հարկի մասին» օրենքում եւ կից ներկայացված օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է առեւտրի ոլորտում գործունեություն իրականացնող շուրջ 39 հազար տնտեսվարողների:

Առաջարկվում է նաեւ ներդնել ընտանեկան բիզնեսի կարգավիճակը հարկային օրենսդրությունում, ինչը կնշանակի, որ այն տնտեսվարողները, որոնք ստացել են ընտանեկան բիզնեսի կարգավիճակ, նրանք ընտանեկան բիզնեսի մասով կազատվեն հարկերի վճարումից: Նախագծով ընտանեկան բիզնես կարող է լինել այն ձեռնարկատիրությունը, որը ունի 12 մլն դրամը չգերազանցող շրջանառություն եւ որտեղ ներգրավված են ընտանիքի անդամները՝ ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր:
ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը ընտանեկան բիզնեսի հետ կապված դժգոհեց, որ կառավարությունն այդքան սահմանափակ է նայել եւ ընդգրկել միայն ամուսիններին, զավակին, քույր, եղբորը, ոչ թե արյունակից բարեկամներին:

Ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշեց, որ «Երբ տնայնագործական պայմաններում ձեռնարկատիրություն են անում մարդիկ եւ դրանով ավելի շատ սոցիալական հարց են կարգավորում, նրանց պետք է հնարավորություն տալ հարկերից ազատման եղանակով, ավելի ազատ իրականացնեն իրենց գործունեությունը: Հարկային բեռի նվազեցմանը զուգահեռ առաջարկվում է նաեւ ՓՄՁ-ների սուբյեկտների համար ապրանքների ձեռքբերման փաստաթղթերի առկայությունը համարել որպես պարտադիր:Եթե այդ փաստաթղթերը չունենա փոքր բիզնեսը, նախ անցումային ժամանակահատված է տրամադրվելու: Մինչեւ 2015-ի հունվարի 1-ը բոլոր դեպքերում, երբ փոքր բիզնեսը չունենա այդ փաստաթղթերը, նախատեսվում է նախազգուշացում, երկրորդ քայլը 20 հազար դրամ սիմվոլիկ տուգանքն է, իսկ երրորդ անգամ արդեն շրջանառության հարկի դրույքաչափն այդ տնտեսվարողի համար 1 տոկոսի փոխարեն լինելու է 5 տոկոս:4-րդ խախտման դեպքում արդեն նա հայտնվելու է հարկման ընդհանուր դաշտում՝ ծանր ռեժիմում:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը մտահոգություն հայտնեց հատկապես գյուղմթերքի փաստաթղթերի հետ կապված: Փոխնախարարը համաձայնեց, որ իսկապես գյուղմթերքի փաստաթղթավորման հետ կապված խնդիր կա, դրա համար օրենքում հատուկ ընդգծել են, որ դա չի վերաբերում ՀՀ-ում արտադրվող գյուղմթերքին:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց. «Չե՞ք գտնում, որ ցանկացած բիզնես ունի ստվերային մասը, ինչքան էլ վարչարարությունը կոշտացնենք, այդ ստվերային մասն ունենալու ենք: Միանգամից բարձրացնենք դա մինչեւ 20-25 մլն: Մենք այնպիսի նոր իրավիճակ ենք ստեղծում այս փոփոխությամբ, որ առկա ստվերը անպայման վերաբաշխվելու է ոչ ստվերային ծախսերի մեջ, թացը չորի հետ չե՞նք խառնի: Կորուստներ չե՞նք ունենա:

Փոխնախարարը պատասխանեց, որ ընտանեկան բիզնեսի այդ շեմը կարող է եւ 20-25 մլն դրամ լինել, այն կարող են քննարկել: Ինչ վերաբերում է այս փոփոխությամբ առաջիկա անելիքներին, պարոն Միրումյանը նշեց, որ իսկապես ահռելի աշխատանք պիտի տանեն՝ վարչարարության առումով, որպեսզի այս գործընթացը սահուն ընթանա:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30