«Իրենք առաջնորդվում են լավագույն պաշտպանությունը հարձակումն է սկզբունքով»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության անդամ Էլհան Սուլեյմանովի պատրաստած բանաձևի նախագծին, որով հեղինակը պահանջում է պատժամիջոցներ կիրառել ընդդեմ Հայաստանի պատվիրակության, այսպիսի կարծիք հայտնեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:
Ադրբեջանցի պատվիրակի պատրաստած բանաձևի նախագիծը ստորագրել են ԵԽԽՎ 58 պատվիրակներ:
Ուղերձն ուղղված է ԵԽԽՎ նախագահ Անն Բրասյորին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդին, ԵԽԽՎ գլխավոր քարտուղար Վոյցեխ Սավիցկիին: Բանաձևում նշվում է, թե «ելնելով նրանից, որ Հայաստանը շարունակում է «օկուպացնել» «ադրբեջանական տարածքները»` ուստի բանաձևի նախագծում պահանջ է ներկայացված ԵԽԽՎ-ում ընդդեմ Հայաստանի պատվիրակության պատժամիջոցներ կիրառել:
Բանաձևի նախագծում նշված է, որ ԵԽԽՎ-ն Ուկրաինայի իրադարձությունների կապակցությամբ 2014-ի ապրիլի 10-ին ՌԴ հանդեպ պատժամիջոցներ կիրառելու որոշում է կայացրել, և որ նման պատժամիջոցներ պետք է կիրառվեն նաև ՀՀ պատվիրակության հանդեպ:
Կարդացեք նաև
Տիկին Զոհրաբյանը խորհուրդ տվեց առանձնապես մեծ աղմուկ չբարձրացնել այս նախաձեռնության շուրջ, քանի որ ադրբեջանական պատվիրակությունը միջազգային տարբեր ատյաններում նմանօրինակ անհեթեթ նախաձեռնություններով հանդես է գալիս:
Այնուհետև մանրամասնեց. «Նախաձեռնությունը պատկանում է Էլհան Սուլեյմանովին: Նա Եվրանեսթում Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն է: Երբ նայում ես նախաձեռնության տակ ստորագրած պատվիրակների ցանկը, բոլորիս համար էլ ակնհայտ է դառնում, որ նրանք Ադրբեջանի լոբբիստներն են: Մինչդեռ ցանկացած պատվիրակություն ԵԽԽՎ-ի 600-ից ավելի պատգամավորների մեջ կարող է գտնել մի քանի տասնյակ պատգամավորներ, որոնք կարող են ցանկացած ապուշության տակ ստորագրել»:
Նաիրա Զոհրաբյանը «գրեթե հարյուր տոկոս» վստահություն ունի, որ այդ նախաձեռնությունը որևէ ընթացք չի ստանա: Այս առիթով տիկին Զոհրաբյանն ասաց. «Որևէ ընթացք ԵԽԽՎ համապատասխան հանձնաժողովն ու Բյուրոն այդ նախաձեռնությանը չեն տա: Դեռևս մինչև ԵԽ նախարարների կոմիտեի նախագահություն ստանձնելը` ապրիլին, Ալիևը հայտարարեց, որ հունիսյան նստաշրջանին իրենք բարձրացնելու են հայկական պատվիրակության լիազորությունների հարցը, և բնականաբար դրան պիտի հետևեր այս նախաձեռնությունը»:
Տիկին Զոհրաբյանը, առաջ անցնելով իրադարձություններից, կանխատեսեց. «Երկուշաբթի այս 58-ից 10 և ավելի պատգամավորներ, քանի որ նվազագույնն անհրաժեշտ է տասը պատգամավոր, նիստի սկզբին կկանգնի ոտքի, երբ վերահաստատվում է ազգային պատվիրակությունների մանդատը և կասի, որ վիճարկում են հայկական պատվիրակության լիազորությունների հարցը: Իսկ դա նշանակում է, որ հարցը կփոխանցվի կանոնադրական հանձնաժողով, որը համապատասխան ընթացակարգի` եկող չորեքշաբթի, կամ հինգշաբթի նստաշրջանի ընթացքում կքննարկի հարցը: Բայց պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ կանոնադրական հանձնաժողովը որևէ ընթացք չի տա այդ առաջարկին և կհայտարարի, որ հայկական պատվիրակության հանդեպ սանկցիաներ կիրառելը, մանդատ չհաստատելը որևէ կերպ փաստարկված չէ: Հավատում եմ, որ ԵԽԽՎ-ն չի կորցրել իր սթափ մտածելակերպը»:
Նաիրա Զոհրաբյանն այս ամենը «հիստերիկ աղմուկ» համարեց ու նկատեց. «ԵԽԽՎ-ն լրջագույն սանկցիաներ է պատրաստվում կիրառել Ադրբեջանի հանդեպ. Օրինակ՝ երկու տարի կոմիտեների և հանձնաժողովների որևէ նիստ Բաքվում չանցկացնելը: Երբ որևէ երկիր ստանձնում է նախագահություն նախարարների կոմիտեում, այդ երկրի դրոշով, զինանշանով մի քանի միջոցառումներ են անցկացվում Ստրասբուրգում, տրամվայն է գնում տվյալ երկրի զինանշանով: Բայց Ստրասբուրգի քաղաքապետարանն այդ ամենը հանել է Ադրբեջանում տիրող հակաժողովրդական իրավիճակի պատճառով: Ադրբեջանը հրաշալի գիտի, հենց Ալիևի ելույթի ժամանակ` հունիսի 24-ին, իրենց լրջագույն հարցեր են ուղղվելու այս առումով»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ