https://armenianchurch.ge/. Վրաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում, ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանը և ՀՀ պետական պատվիրակությունը, հունիսի 19-ին, այցելեցին Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցի: Հարգարժան հյուրերին դիմավորեցին Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր դասը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներ, վիրահայ համայնքի պաշտոնեությունը և հասարակայնության ներկայացուցիչները:
Հայոց հինավուրց եկեղեցում մոմեր վառելուց հետո, ՀՀ պաշտոնական պատվիրակությունը այցելեց Թեմի «Հայարտուն» կրթա-մշակութային և երիտասարդական կենտրոն: Բարի գալուստի ջերմ խոսքերով և ՀՀ ու Վրաստանի պետական օրհներգների կատարմամբ, ՀՀ նախագահին դիմավորեցին Մովսես Խորենացու անվան նախակրթարանի սաները:
Վիրահայոց թեմի առաջնորդը ՀՀ նախագահին ներկայացրեց կենտրոնը, պատմեց այս մշակութային օջախի գործունեության մասին, որը նպատակաուղղված է Վրաստանում մայրենի լեզվի պահպանմանը, ազգային մշակույթի զարգացմանը, հայ-վրացական բարեկամական կապերի խորացմանը:
ՀՀ մեծարգո նախագահը դիտեց նաև Գալուստ Գյուլբենկյան սրահում կազմակերպված «Ջավախք աշխարհն իր եկեղեցիներով» խորագրով երիտասարդ նկարիչներ Արման Թորոսյանի և Հրաչյա Սաֆարյանի անհատական ցուցահանդեսը:
Կարդացեք նաև
Վիրահայոց թեմի առաջնորդը Հայաստանի նախագահին ներկայացրեց թբիլիսահայության արժանավոր դեմքերին, խոսեց հրատապ խնդիր ներկայացնող Պ.Ադամյանի անվան հայկական պետական թատրոնի վերանորոգության, կրթության և մշակույթի բնագավառի հարցերի շուրջ: Վերջում Սրբազան Հայրը բաժակ բարձրացրեց մայր հայրենիքի բարգավաճման և Հայաստանի նախագահի արևշատության մաղթանքով:
Ունկնդրելով կենտրոնի մշակութային խմբակների ելույթները,ՀՀ նախագահն իր գոհունակությունը արտահայտեց Վիրահայոց թեմի համայնքային գործունեության կապակցությամբ և վառ տպավորություններով հրաժեշտ տվեց ներկաներին: