Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աշակերտները ներկայացրին Ցեղասպանության թեմայով իրենց ստեղծագործությունները

Հունիս 19,2014 15:29

Հայաստանի երիտասարդական հիմնադրամը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպել է «Կա՜նք, պիտի՜ լինենք ու դեռ շատանա՜նք» խորագրով գեղանկարչական և լուսանկարչական աշխատանքների համադպրոցական ցուցահանդես։ Բացումը տեղի ունեցավ հունիսի 19-ին։ Ցուցահանդեսում ներկայացված է ավագ դպրոցների 30 սաների 40 աշխատանք:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, շեշտեց, որ ինքնակառավարումն աշակերտական միջավայրում զարգանում է, և աշակերտները հանդես են գալիս հետաքրքիր նախաձեռնություններով։ Նա հույս հայտնեց, որ աշակերտական խորհուրդներում սահուն սերնդափոխությունը կապահովվի. ձևավորված ակտիվությունը կշարունակվի նաև հետագա տարիներին, իսկ բուհ ոտք դրած երիտասարդները դպրոցներում կատարած իրենց աշխատանքները կտեղափոխեն բուհեր։

Երիտասարդական հիմնադրամի ծրագրերի ղեկավար Արուսյակ Պողոսյանն էլ կարևորեց այն փաստը, որ աշակերտն այսօր անդրադառնում է Ցեղասպանության թեմային։ «Մենք այն ազգի մասնիկներն ենք, որ վերապրել է Ցեղասպանությունը, սակայն նրա արձագանքն ու պահանջատիրությունը Ցեղասպանության թեմայով պետք է լինի ոչ թե արցունքներով, այլ ստեղծագործ մտքով, այն մտքով, որ այսօր փակցված է այս պատերին»,- նշեց Արուսյակ Պողոսյանը։

Երևանի թիվ 115 ավագ դպրոցի աշակերտուհի Մարիամ Պետրոսյանը ներկայացրել է երեք աշխատանք։ Նա առաջին անգամ է մասնակցում ցուցահանդեսի։ Երբեք չի գնացել նկարչական որևէ խմբակի, սակայն սիրում է ստեղծագործել։ «Ազատ ժամանակ չեմ ունենում, բայց այս միջոցառումն օգնեց, որպեսզի գտնեմ այդ ժամանակը։ Հատուկ այս ցուցահանդեսի համար պատրաստել եմ կոլաժ, որով ցանկանում եմ ասել, որ անցյալը երբեք չի մոռացվում, անցյալի հետքերը միշտ մեզ հետ են»,- ասում է Մարիամ Պետրոսյանը՝ ավելացնելով, որ Ցեղասպանությունը տեղի է ունեցել ընդամենը 100 տարի առաջ, և դրա բոլոր փաստերն այսօր կան, պարզապես ոմանք չեն ցանկանում տեսնել դրանք։

Ցուցահանդեսի բացման արարողության ընթացքում ավագ դպրոցների աշակերտական խորհուրդների նախագահներն ու ակտիվ անդամները Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից արժանացան շնորհակալագրերի։

«Կա՜նք, պիտի՜ լինենք ու դեռ շատանա՜նք» խորագրով ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 25-ը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30